« ԶԱՐԴԱՐՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ՓԱՌՔԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ » – Գրադարան – Mashtoz.org

« ԶԱՐԴԱՐՎԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ՓԱՌՔԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ »

ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), I, 2 (PG 34, 451A-B).
 
 
[...] [Մարդու] հոգին, որ արժանի է նկատվել մասնակցելու Հոգուն Նրա լույսի մեջ և որ լուսավորվել է Նրա անճառելի փառքի պայծառությամբ, երբ Հոգին նրան դարձրել է Իր օթևանը, դառնում է ամբողջովին լույս, ամբողջովին դեմք, ամբողջովին աչք, և նրանում այլևս ոչ մի մաս չի մնում, որ լի չլինի հոգևոր աչքերով և լույսով:
Սա նշանակում է, որ նրանում այլևս չկա խավարային ոչինչ, այլ՝ ամբողջովին լույս է և Հոգի, ամբողջովին լի է աչքերով, այլևս չունենալով թիկունքի կողմ, այլ՝ դեմք լինելով բոլոր կողմերից, քանի որ նրա մեջ եկել և նրանում բնակություն է հաստատել Քրիստոսի փառքի և լույսի աննկարագրելի գեղեցկությունը:
Ինչպես արևն ամեն կողմից նման է ինքն իրեն, չունենալով ոչ մի հակառակ կողմ, ոչ մի ստորին վայր, այլ՝ ամբողջովին ճառագայթում է իր լույսը, [...] նմանապես հոգին, որ լուսավորվել է Քրիստոսի դեմքի անճառելի գեղեցկությամբ, փառքով և լույսով, և լցվել է Սուրբ Հոգիով, որ արժանացել է դառնալու Աստծո օթևանն ու տաճարը, ամբողջովին աչք է, ամբողջովին լույս, ամբողջովին դեմք, ամբողջովին փառք և ամբողջովին Հոգի, քանի որ այս կերպ Քրիստոսը զարդարում է նրան, փոխադրում, ղեկավարում, նեցուկ կանգնում և առաջնորդում, և այս կերպ նրան լուսավորում և զարդարում է հոգևոր գեղեցկությամբ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։