Գլուխ Ա. - Աշխարհի ունայնությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Աշխարհի ունայնությունը

1.  «Ով հետևում է ինձ, խավարի մեջ չի խարխափում», ասում է Տերը (Հվհ 3, 19-20):
Հիսուսի խոսքերն են սրանք, որոնցով հորդորում է մեզ հետևել Իր վարքին ու կենսաձևին, եթե կամենում ենք իսկապես լուսավորվել և ազատվել սրտի կուրությունից: Մեր գլխավոր ջանքը, հետևաբար, թող լինի Հիսուսի կյանքի շուրջ անընդհատ մտածումը:
 
2. Հիսուսի վարդապետությունը գերազանցում է բոլոր Սրբերի ուսուցումներին: Ով ունի Նրա հոգին, կգտնի այդ վարդապետության մեջ թաքնված մանանան: Բազմաթիվ անձեր հաճախակի են լսում Սուրբ Ավետարանը, բայց նրանց սրտերը չեն հուզվում, որովհետև չունեն Հիսուսի հոգին: Եթե ցանկանում եք լիովին հասկանալ և ճաշակել Հիսուս Փրկչի խոսքերը, ջանացեք ձեր կյանքը նույնպես հարևնման դարձնել Նրա կյանքին:
 
3. Ի՞նչ օգուտ քեզ, եթե խորիմաստ ճառեր ես արտասանում Երրորդության խորհրդի շուրջ, մինչ խոնարհությունից զուրկ ես և տհաճ՝ Աստծուն: Վսեմ ճառերը չէ, որ արդարացնում են և սրբացնում մարդուն: Մաքուր և սուրբ կյանքն է միայն նրան հաճելի դարձնում Աստծուն: Նախընտրում եմ սրտիս խորքում զգալ զղջման հուզումը, քան թե իմանալ նրա սահմանումը: Եթե հիշողությանդ մեջ ունենայիր ամբողջ Աստվածաշունչը և իմաստունների խոսքերը, ի՞նչ շահ կտային դրանք քեզ, եթե զուրկ լինեիր Աստծո շնորհից և սիրուց:  «Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է, բացի Աստծուն սիրելուց և Նրան ծառայելուց» (Ժող 1, 2): Գերագույն իմաստություն է աշխարհն արհամարհելը և ձգտել ու բարձրանալը դեպի Երկնքի Արքայություն: Ունայնություն է կորստական հարստություններ դիզելը և նրանց հուսալը: Ունայնություն է պատիվներ ընդունել տենչալը և ճիգ գործադրելը՝ բարձրագույն դիրքերի հասնելու համար: Ունայնություն է մարմնի ցանկություններին հետևելն ու վայելքներ որոնելը, որոնց պատճառով խստագույն պատիժների ենք ենթարկվելու: Ունայնություն է երկար տարիներ ապրելու բաղձանքը, և հատկապես՝ անմաքուր վարքով: Ունայնություն է այս աշխարհի հոգսերով կլանվելը և ընդհանրապես չմտածելը գալիք կյանքի մասին: Ունայնություն է վաղանցուկ բարիքներին կառչելը և Երկնքի հավիտենական երանության մոռացության մատնումը: Հաճախ հիշիր իմաստունի խոսքը.  «Աչքերը երբեք չեն հագենում տեսնելուց և ականջները՝ լսելուց» (Ժող 1, 8): Աշխատիր անջատել սիրտդ արարածների սիրուց և այն ամբողջովին առ Աստված բարձրացնել: Որովհետև նրանք, ովքեր հետևում են զգայարաններին, ապականում են իրենց սրտերը և կորցնում Աստծո շնորհը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։