Գլուխ Ա. - Հիսուսի խոսակցությունը հոգու հետ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հիսուսի խոսակցությունը հոգու հետ

1. Հավատացյալը. «Լսելու եմ այն ամենն, ինչ Տիրոջս ձայնն ասելու է սրտիս խորքում» (Սղմ 84, 9):
Երանի՜ այն հոգուն, որն իր սրտում ունկնդրում է Տիրոջ ձայնը և Նրա շուրթերից է ընդունում խոսքը քաղցրիկ մխիթարության: Երանի՜ այն ականջներին, որոնք հարատև ուշադիր են աստվածային մեղմիկ փսփսուքին, և որոնք մի կողմ են թողնում աշխարհի ժխորը: Երանի՜ նրան, ով դրսի աղմուկ աղաղակին անտարբեր, իր հոգու խորքում ականջ է դնում ճշմարտությունն ուսուցանող ձայնին: Երանի՜ այն աչքերին, որոնք իրենց հայացքը հառել են հոգևոր իրողությունների վրա, կամովին փակվելով ի տես արտաքին անցուդարձերի: Երանի՜ նրանց, ովքեր իջնում են դեպի խորքերն իրենց սրտերի, տևական ջանքերով նախապատրաստվելով ըմբռնմանը երկնային վեհ գաղտնիքների: Երանի՜ այն նվիրյալ հոգիներին, որոնք պատրաստակամությամբ են ծառայում Տիրոջը, իրենց հոգևոր վերելքի ճանապարհից հեռացնելով աշխարհային որևէ արգելք:
Քննիր այս բոլորը, հոգի իմ, և ամուր փակիր զգայարաններիդ դռները, որպեսզի կարողանաս ունկնդրել, թե ի՛նչ է ասում սրտիդ խորքում քո Տեր Աստվածը:
 
2. Հիսուսը. Ահա իմ՝ Ամենասիրելիիդ խոսքերը. Ես եմ միակ փրկությունդ, խաղաղությունդ ու կյանքդ: Հաշտ ապրիր իմ հետ և կգտնես խաղաղությունը:
Լքիր անցողիկ իրողությունները և փնտրիր այն, ինչն հավիտենական է: Ի՞նչ են ժամանակավոր վայելքները, եթե ոչ՝ սին պատրանք: Ինչի՞դ են պետք արարածները, եթե լքի քեզ Արարիչդ: Հրաժարվիր, ուրեմն, ամեն ինչից և ծառայիր Տիրոջդ, որպեսզի ժամանակավորին հաջորդի անանց իրական երանությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։