Գլուխ Ա. - Մեծարանք Հաղորդության հանդեպ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Մեծարանք Հաղորդության հանդեպ

1. Հավատացյալը. Սրանք Քո խոսքերն են, Հիսուս, Ճշմարտություն հավիտենական: Նույնիսկ եթե արտասանված չեն միաժամանակ, և ո՛չ էլ թղթին են հանձնվել միևնույն տեղում, բայց քանի որ Քոնն են, ճշմարիտ են, և հետևաբար՝ բոլորն էլ պետք է ընդունվեն իմ կողմից երախտագիտությամբ ու հավատքով: Քոնն են, Քո իսկ բերանից բխեցին դրանք. բայց նաև իմն են, որովհետև իմ փրկության համար են արտասանված: Հոժարությամբ եմ ընդունում դրանք շուրթերիցդ, որպեսզի առավել զորությամբ արմատներ արձակեն սրտիս հովտում: Գթառատ, քաղցրությամբ ու սիրով լի այս խոսքերը քաջալերում են ինձ. բայց ... մեղքերս սարսափեցնում են և արատներով բծավորված խիղճս տարհամոզում է ինձ այս վեհ խորհուրդն ընդունելուց: Խոսքերիդ քաղցրությունը կանչում է ինձ, մինչդեռ ախտերիս բազմությունը, որով շղթայված եմ, ստիպում է դեպի ետ ընկրկել:
 
2. Դու հրամայում ես վստահությամբ մոտենալ Քեզ, եթե կամենում եմ Քեզ ժառանգակից լինել, և պատվիրում ես անմահության հացը ճաշակել, եթե փափաքում եմ հասնել հավիտենական կյանքին ու փառքին: «Իմ մոտ եկեք», ասում ես, «դուք բոլորդ, որ հոգնած եք և ուժասպառ, և ես կհանգստացնեմ ձեզ» (Մտթ 11, 28): Ո՜վ հուզիչ խոսք, քաղցր՝ մեղավորների ականջին, որով Դու, իմ Տեր և Աստված, աղքատ մուրացկանիս հրավիրում ես հաղորդվելու Սրբազնասուրբ Մարմնիդ: Բայց ո՞վ եմ ես, Տեր, որ համարձակվեմ մերձենալ Քեզ: Ահա «երկինքն անգամ բավական չէ Քեզ բովանդակելու համար» (1Թգ 8, 27), և սակայն Դու ասում ես. «Իմ մոտ եկեք»:
 
3. Ի՞նչ է նշանակում արդյոք այս բարեգութ ներողամտությունդ և հրավերդ այսքա՜ն սիրալի: Ինչպե՞ս համարձակվեմ մերձենալ, երբ գիտակից եմ, որ չեմ կատարել և ո՛չ իսկ մի բարեգործություն, որով կարող եմ սնուցել վստահությունս: Ինչպե՞ս ներս մտցնեմ Քեզ հոգուս հարկերից ներս, ես, որ այնքա՜ն հաճախ մեղանչեցի ներկայությանդ: Ահա Հրեշտակներն ու Հրեշտակապետները երկրպագում են Քեզ, Սրբերն ու Արդարները՝ պաշտում երկյուղով, և այնուամենայնիվ Դու կրկնում ես. «Իմ մոտ եկեք բոլորդ»: Եթե Դու Ինքդ ասած չլինեիր, Տեր, ո՞վ կհավատար, թե իրական են այս խոսքերը: Եթե Դու Ինքդ չհրամայեիր մեզ, ո՞վ կհանդգներ մերձենալ:
 
4. Նոյը, այդ մարդն արդար, հարյուր տարի աշխատեց տապանը կառուցելու և քչերի հետ նրանով փրկվելու համար: Իսկ ես ինչպե՞ս կարող եմ մի ժամվա մեջ պատրաստվել աշխարհի Արարչին պատվով ընդունելուն: Մովսեսը, մեծագույն ծառադ ու մտերիմդ, Ուխտի Տապանակը շինեց անփուտ փայտից, օծեց մաքրագույն ոսկիով, և ապա միայն տեղադրեց դրա մեջ օրենքի տախտակները: Իսկ ես, ապականյալ արարածս, պիտի հանդգնեմ այսքան դյուրությա՞մբ ընդունել Քեզ, որ հեղինակն ես օրենքի և պարգևողը կյանքի: Սողոմոնը, Իսրայելի թագավորներից ամենաիմաստունը, յոթ տարվա ընթացքում կառուցեց Երուսաղեմի վսեմ տաճարն ի փառս Քո Անվան, ութ օր շարունակ տոնեց նավակատիքը, ընծայեց հազար խաղաղական զոհեր, և ապա միայն իր համար պատրաստված տեղում տեղադրեց Ուխտի Տապանակը մեծ հանդիսությամբ, շեփորների ու ցնծության աղաղակների ընկերակցությամբ: Իսկ ես, տարաբախտս և աղքատագույնս մարդկանց մեջ, ինչպե՞ս կարող եմ հրավիրել Քեզ հոգուս հարկերից ներս, երբ կես ժամ հազիվ եմ անցկացնում աղոթքով, և երանի՜ թե գեթ մի անգամ արժանապես անցկացնեի կես ժամից սակավ անգամ:
 
5. Աստված իմ, Քեզ հաճո լինելու համար որքա՜ն աշխատեցին այդ անձերը: Մինչ քանի՜ցս թերի է այն, ինչ անում եմ ես, քանի՜ցս կարճ է այն ժամանակամիջոցը, որ տրամադրում եմ Հաղորդությանը պատրաստվելու համար: Հազվադեպ եմ ամփոփ, և շատ հազվադեպ՝ մտացրումներից ազատ: Եվ սակայն, ոչ մի անվայել միտք չպետք է գրավեր ինձ Աստվածությանդ փրկարար ներկայությանը, և ո՛չ էլ ես ինքս մտովին զբաղվեի որևէ արարածով, որովհետև պատրաստվում եմ ո՛չ թե հրեշտակ հյուրընկալելու, այլ՝ հրեշտակների Տիրոջը: Ինչպես նաև, վիթխարի տարբերություն կա Ուխտի Տապանակի և Քո սրբազնագույն Մարմնի միջև. օրենքի կողմից հրամայված, ապագա պատարագումդ խորհրդանշող զոհաբերումների և Մարմնիդ իրական զոհընծայման միջև, որ լրումն է Հին Ուխտի բոլոր զոհերի:
 
6. Ինչո՞ւ, ուրեմն, Աստված իմ, ներկայությանդ զգացումով չեմ բոցավառվում է՛լ ավելի: Ինչո՞ւ դե՛ռ ավելի մեծ ջանքով չեմ պատրաստվում խորհրդիդ ընդունմանը, երբ այդ սուրբ նահապետներն ու մարգարեները, թագավորներն ու իշխանները, իրենց հպատակների հետ մեկտեղ, այդօրինակ եռանդ ու խանդավառություն էին ցուցաբերում աստվածպաշտության գործում: Բարեպաշտ Դավիթ թագավորը, հիշելով իր նախահայրերին շնորհածդ բարիքները, մինչև ուժերի սպառվելը պարեց Ուխտի Տապանակի առաջ, քնարի վրա նվագեց, սաղմոսներ շարադրեց և պատվիրեց եղանակել դրանք զվարթությամբ: Եվ ինքը նույնպես, Սուրբ Հոգուց ներշնչված, հաճախ նվագեց տավիղի վրա: Իսրայելացիներին սովորեցրեց օրհներգել Քեզ ամբողջ սրտով, գովել և փառաբանել ամեն օր: Եթե այն ժամանակներում այդքան բարեպաշտ էին և հաճախակի էին օրհնություններ երգում աստվածային Խոստման Տապանակի առաջ, ինչպիսի՜ մեծարանք ու եռանդ պետք է այժմ ներկա լինի ինձնում և քրիստոնյա ամբողջ ժողովրդի մեջ՝ Սուրբ Խորհրդի առաջ, սրբազան Մարմնիդ հաղորդվելիս:
 
7. Շատերն ուխտագնացություններ են կատարում դեպի այստեղ կամ այնտեղ, իրենց հարգանքը մատուցելու համար Սրբերի մասունքներին, ապշում են նրանց հերոսական առաքինությունների պատմությունը լսելիս, հիանում են նրանց անվամբ կառուցված եկեղեցիների գեղակերտ շինություններով և համբուրում են մետաքսով ու ոսկիով պատված նրանց սրբազան մասունքները: Եվ սակայն, ահա Դու Ինքդ, Աստված իմ, Սուրբդ սրբերի, Արարիչդ ու Տերդ մարդկանց և հրեշտակների, ահա ներկա ես այստեղ՝ խորանի վրա, ո՛չ հեռու ինձնից: Հաճախ ուխտագնացությունների նպատակի մեջ խառնվում է զուտ մարդկային հետաքրքրասիրությունը, տեսնելիք վայրերի ու իրողությունների նորությունը. և հետևանքում՝ ուխտագնացությունը լինում է նվազ պտղաբեր, նվազ նորոգիչ, հատկապես երբ կատարվում է մակերեսայնությամբ, առանց իրական զղջման: Մինչ այստեղ, խորանի Ամենասուրբ Խորհրդում, Դու իսկապես ներկա ես, Աստված իմ և միաժամանակ նաև կատարյալ մարդ Հիսուս Քրիստոս: Եվ այստեղ է առատությամբ հավաքվում պտուղը հավիտենական փրկության, այն ամեն անգամ, որ ընդունվում ես արժանավորապես և ջերմ բարեպաշտությամբ: Այս Խորհրդին վայել չեն թեթևամտությունները, հետաքրքրությունն ու զգայական հաճույքները, այլ՝ հաստատուն հավատքը, երկյուղած հույսը և անկեղծ սերը:
 
8. Ո՜վ Աստված անտեսանելի, Արարիչ տիեզերքի, ինչպիսի՜ հրաշալի կերպով ես վարվում մեր հետ, ինչպիսի՜ քաղցրություն ու գթություն ես ցուցաբերում ընտրյալներիդ հանդեպ, որոնց նվիրվում ես ընդմեջ Ամենասուրբ Հաղորդության: Ինչը գերազանցում է, իրականում, մարդկային հասկացողության հնարավորություններին. ինչը յուրահատուկ կերպով դյութում է սրտերն երկյուղածների և բոցավառում է դրանք սիրով: Իրական հավատացյալներդ, որոնք իրենց ամբողջ կյանքը սպառում են սրբության ասպարեզում առաջադիմելու ջանքերի մեջ, այս վեհագույն Խորհրդից են ստանում բարեպաշտության ու առաքինասիրության մեծագույն շնորհները:
 
9. Ո՜վ հմայիչ ծածուկ շնորհ Հաղորդության Խորհրդի, ճանաչված՝ քրիստոնյա հավատացյալներից միայն, և անհայտ՝ անհավատներին, այլահավատներին ու մեղքի ստրուկներին, որոնք չեն կարող ունենալ այս շնորհի փորձառությունը: Այս Խորհրդի միջոցով է տրվում հոգևոր շնորհը, սրա միջոցով են հոգուն վերադարձվում իր կործանված կարողությունները, և սրանով է նորոգվում մեղքով այլանդակված գեղեցկությունը: Եվ երբեմն, հեղյալ ջերմեռանդության լիության հետևանքում, այս շնորհն այնքան առատահոս է լինում, որ ո՛չ միայն հոգին, այլ՝ մինչև իսկ տկար մարմինը զգում է իր ուժերի կայտառացումը:
 
10. Իրոք ցավալի և դատապարտելի են մեր անհոգությունն ու ծուլությունը, որ խանգարում են Քեզ միշտ ավելի վառ սիրով ընդունելու: Քեզնում են պարփակված փրկվողների ամբողջ հույսն ու արժանիքը: Դու ես մեր սրբությունն ու փրկությունը, երկրի վրա պանդուխտների մխիթարությունն ու Սրբերի հավիտենական փառքը: Իրոք տխուր իրականություն է, որ բազմաթիվ անձինք սակավագույն չափով են մտածում փրկության այս Խորհրդի շուրջ, որն հանդիսանում է բերկրանքը Երկնքի և փրկությունն աշխարհի: Վա՜յ մարդկային սրտի կուրությանն ու կարծրությանը, որ հարկ եղած կարևորությունը չի ընծայում այս անհուն բարիքին: Ավելին. վարժվելով և սովորություն դարձնելով, հասնում է մինչև անտարբերություն: Եթե այս Սրբազնասուրբ Խորհուրդը մատուցվեր միայն մի վայրում, և եթե ամբողջ աշխարհում այն նվիրագործող միայն մի քահանա լիներ, ինչպիսի՜ բուռն եռանդով կշտապեին մարդիկ դեպի այդ վայրը, Աստծո այդ քահանայի մոտ, մասնակցելու համար աստվածային Խորհրդի կատարմանը: Մինչդեռ այժմ, բազմաթիվ են ձեռնադրված քահանաները և բազում վայրերում ես նորոգում Գողգոթայի զոհաբերումդ, որպեսզի մարդկանց հանդեպ ունեցածդ սերն ու առատաձեռնությունը այնքան ավելի ցայտուն երևան, որքան ավելի տարածված է Ամենասուրբ Հաղորդությունը երկրի վրա:
Երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, Հիսուս բարի, Հովիվ հավիտենական, որ մեզ՝ աղքատ պանդուխտներիս սնում ես անապական Մարմնովդ և սուրբ Արյամբդ: Խոնարհ երախտիքս եմ մատուցում Քեզ, Հիսուս, որ շուրթերիցդ բխած խոսքերով հրավիրում ես մեզ ընդունելու այս Խորհուրդը, երբ ասում ես. «Իմ մոտ եկեք, դուք բոլորդ, որ հոգնած եք ու սպառված, և ես ձեզ կատարյալ հանգիստ կտամ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։