Գլուխ Ա. - Ներանձնական կյանքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Ներանձնական կյանքը

1. «Աստծո Արքայությունը ձեր հոգիներում է», ասում է Տերը (Ղկս 17, 21):
Հրաժարվիր ողորմելի աշխարհից, ամբողջ սրտով վերադարձիր Աստծուն և հոգիդ խաղաղություն կգտնի: Սովորիր արհամարհել արտաքինը, վերադարձիր հոգևոր արժեքներին և Աստծո Արքայությունը կամրապնդվի սրտիդ խորքում: Որովհետև Աստծո Արքայությունը խաղաղություն և խնդություն է Սուրբ Հոգու մեջ (Հռմ 14, 17), մինչ ամբարիշտները զրկված են նրանից: Հիսուսը կգա հոգուդ մեջ և կտա քեզ Իր մխիթարությունները, եթե սրտիցդ ներս Իրեն արժանի բնակարան պատրաստես: Հոգու մեջ են Հիսուսի փառքն ու մեծվայելչությունը. այնտեղ է Նա գտնում Իր հանգիստը: Նա հաճախ է այցելում հոգևոր կյանքին նվիրված անձանց. քաղցր է Իր խոսակցությունը նրանց հետ, սփոփիչ՝ Իր մխիթարությունը, անպատմելի՝ Իր խաղաղությունը և անճառելի՝ Իր մտերմությունը:
 
2. Ուրեմն հառա՛ջ, հավատացյալ հոգի, պատրաստիր սիրտդ երկնային Հյուրի ընդունելությանը, որպեսզի գա և այնտեղ բնակվի: Քանզի նույն Ինքն է ասել. «Եթե մեկը սիրում է ինձ, կպահի իմ պատվիրանները, և իմ Հայրը նրան կսիրի. և նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հվհ 14, 23): Սրտիդ մուտքը փակիր, ուրեմն, բոլոր արարածների առաջ և այն Հիսուսին միայն վերապահիր: Հարուստ ես, եթե Հիսուսը սրտիդ մեջ է. և Ինքը միայն բավական է քեզ: Նա կխնամի քեզ, կհոգա ամեն բան, և դու երբևէ հույսդ մարդկանց վրա դնելու կարիք չես ունենա: Մարդիկ փոփոխամիտ են, իսկ Հիսուսը կա ու կմնա հավիտյան և զորավիգ կլինի քեզ մինչև վերջ:
 
3. Հույսդ մարդկանց վրա մի՛ դիր, քանի որ տկար են ու մահկանացու, նույնիսկ եթե օգտակար են քեզ ու սիրելի. նաև մի՛ տրտմիր, եթե երբեմն հակառակվեն քեզ կամ ընդդիմանան: Ովքեր գաղափարակից են քեզ այսօր, վաղը կարող են հակընթաց լինել քեզ, որովհետև մարդիկ դյուրափոփոխ են քամու նման: Ամբողջ հույսդ Աստծո վրա դիր միայն. թող նա լինի քո սերն ու երկյուղը: Նա կպատասխանի քո փոխարեն և կանի այն, ինչ լավագույնն է քո համար: Տևական բնակավայր չունես այս երկրի վրա. ուր էլ գնաս, օտարական ես ու ճամփորդ, և սիրտդ Հիսուսի հետ սերտ միության մեջ միայն կարող է գտնել իր հանգիստը: Ի՞նչ ես փնտրում այս աշխարհում. այստեղ ներքևում հանգստավայր չունես: Բնակատեղիդ ու հայրենիքդ Երկնքում են, և դու անցնելով միայն նայիր արարածներին: Կանցնեն արարածները և դու էլ նրանց հետ. աշխատիր չկապվել նրանց, չկաշկանդվել նրանցով, որպեսզի կորստյանդ պատճառ չդառնան: Միտքդ ու մտածումներդ բարձրացրու առ Աստված և անդադար աղոթքներովդ Հիսուսին դիմիր: Եթե երկնային վսեմ ճշմարտությունների շուրջ խորհրդածել կա՛մ չգիտես, կա՛մ էլ չես կարողանում, մտքիդ հայացքը Հիսուսի չարչարանքների վրա գեթ սևեռիր և նրա վերքերի մեջ հաստատիր բնակությունդ: Որովհետև եթե Հիսուսի վերքերին ապավինես, նեղությանդ պահին մեծ ուժ կզգաս, կմոռանաս մարդկանց արհամարհանքը և հեշտությամբ կհամբերես նրանց չարախոսություններին:
 
4. Հիսուսը արհամարհվեց մարդկանցից և տառապանքի ժամին Իր մերձավորներն անգամ ու բարեկամները լքեցին Իրեն ընդմեջ աննկարագրելի նախատինքների: Նա չարչարվել ու անարգվել կամեցավ, իսկ դու համարձակվում ես դժգոհե՞լ: Նա թշնամիներ ու զրպարտիչներ միայն ունեցավ, իսկ դու բոլոր մարդկանց իբրև բարեկամ ու բարերա՞ր ես ուզում ունենալ: Եթե վշտերից ու նեղություններից խուսափես, ո՞ւր է ուրեմն արտահայտվելու հաղթական համբերությունդ: Եթե չես կամենում նեղություններ կրել, ինչպե՞ս կարող ես Հիսուսին բարեկամ կոչվել: Եթե ուզում ես թագավորել Հիսուսի հետ, ի սեր նույն Հիսուսի համբերիր նեղություններին: Եթե գեթ մի անգամ ըմբռնեիր Հիսուսի սրտի գաղտնիքները և զգայիր ուժգնությունը Նրա սիրո, այնժամ չէիր խռովվի կրած վշտերիդ պատճառով և միայն հեշտություններ չէիր փնտրի. ընդհակառակն, կուրախանայիր կրածդ նախատինքների համար, որովհետև Հիսուսի սերը սովորեցնում է մարդուն արհամարհել սեփական անձը: Ով սիրում է Հիսուսին և ճշմարտությունը, ազատվում է անկարգ հակումներից և ապրում է ներանձնական կյանքով. կարողանում է Աստծուն փարվել առանց արգելքների, գերազանցել ինքն իրեն և երանավետ երջանկության մեջ վայելել Աստծուն:
 
5. Ով գնահատում է իրերն այնպես, ինչպես որ են, և ո՛չ ինչպես կարծվում են, իմաստուն է և իր իմաստությունն ընդունում է ո՛չ թե մարդկանցից, այլ՝ Աստծուց: Ով ներանձնացած ապրում է իր հոգու խորքում և չի մտահոգվում արտաքին աշխարհով, ամեն տեղ և ամեն ժամ հարմար է գտնում իր հոգևոր հրահանգների կատարման համար: Ներանձնական կյանքին անձնատուր միտքը շուտով է ամփոփվում, որովհետև երբեք ամբողջովին չի տրվում արտաքին գործերին: Արտաքին աշխատանքներն ու օգտակար զբաղմունքները նրան չեն խանգարում. նա հարմարվում է դրանց դեպքերի բերման համաձայն: Իր սրտում կարգուկանոն հաստատողը երբեք չի չարչարվում մարդկանց թյուր կամ անկանոն գործերը տեսնելիս: Որքան ավելի կապվենք արարածներին, այնքան ավելի կխոչընդոտեն մեր հոգևոր կյանքին և ցրման առիթ կհանդիսանան մեր համար: Եթե դիտավորությունդ ուղիղ լիներ և խիղճդ մաքուր, այնժամ ամեն բան հոգևոր օգտիդ ու առաջադիմությանդ կծառայեր: Շատ բաներ քեզ տհաճ են, որովհետև դեռ ամբողջովին չես մահացել անձիդ համար և չես անջատվել երկրային իրողություններից: Ոչինչ այնքան չի արատավորում մարդկային սիրտը և արգելք հանդիսանում նրա առաջադիմությանը, որքան արարածների հանդեպ տածվող անմաքուր սերը: Երբ արտաքին մխիթարություններից հրաժարվես, այնժամ միայն կկարողանաս աչքերդ սևեռել երկնայինների վրա և հոգուդ հրճվանքը գտնել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։