Գլուխ Բ. - Աստծո անսահման սերը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Աստծո անսահման սերը

1. Հավատացյալը. Բարությանդ ու մեծ ողորմությանդ վստահելով, Տեր, մոտենում եմ Քեզ, հիվանդս՝ Փրկչիդ, քաղցածս ու պապակս՝ կյանքի աղբյուրիդ, մուրացիկս՝ երկնքի Թագավորիդ, ծառաս՝ Տիրոջդ, արարածս՝ Արարչիդ, վշտահարս՝ գթառատ Մխիթարչիդ: Որտեղի՞ց է ինձ այս երանությունը, որ Դու գալիս ես դեպի ինձ: Ո՞վ եմ ես, որ նվիրվում ես ինձ: Ինչպե՞ս կարող եմ ես՝ մեղավորս ներկայանալ Քեզ: Իսկ Դու, ինչպե՞ս կարող ես բարեհաճել հյուրընկալվել ինձնից: Դու ճանաչում ես ծառայիդ, և գիտես, որ նրանում չկա բարի ոչինչ, որով արժանի լինի այս շնորհիդ: Այս իսկ պատճառով, չեմ կարողանում ուրիշ ոչինչ անել, եթե ոչ միայն՝ խոստովանել անարժանությունս, ճանաչել բարությունդ, փառաբանել ողորմածությունդ և երախտագիտությունս հայտնել Քեզ այսքա՜ն վիթխարի սիրույդ համար: Այս բոլորը կատարում ես զուտ գթությունիցդ մղված, առանց ուշադրություն դարձնելու գոյություն չունեցող արժանիքներիս, որպեսզի բարությունդ առավել հայտնի լինի, առավել ընդարձակորեն սերը գրավի էությունս, և որպեսզի միշտ ավելի հոգեհարազատ դառնա ինձ խոնարհությունը: Եվ քանի որ Դու այսպես ես կամենում, և այսպես պատվիրեցիր, որ կատարվի, ինձ նույնպես հաճելի է կամքդ, և երանի՜ թե անօրենություններս արգելք չհանդիսանային:
 
2. Ո՜վ քաղցրագույն ու ամենաբարի Հիսուս, ինչպիսի՜ մեծարանք, երախտագիտություն և անդադար փառատրություն ենք պարտական Քեզ, Ամենասուրբ Մարմնիդ հաղորդվելու համար, որի մեծվայելչությունը բացատրելու կարող մարդ չկա: Բայց արդյոք ինչպիսի՞ խորհրդածումներով մոտենամ այս Հաղորդությանը, մերձենամ Տիրոջս, որին չեմ կարողանում արժանապես պաշտել, թեև փափաքում եմ վայել կերպով ընդունել Խորհուրդը: Ի՞նչ լավագույն ու փրկարար զգացում սնուցեմ ինձնում, քան Քո առջև լիովին խոնարհվելն ու փառավորելը Քո անսահման բարությունն իմ հանդեպ: Օրհնում եմ Քեզ, Աստված իմ, և գովում հավիտյան: Արհամարհում եմ ինձ և հպատակեցնում անձս Քեզ, չնայած հույժ անարժան եմ: Ահա Դու Սրբությունն ես Սրբերի, իսկ ես վատթարագույնն եմ ընդմեջ մեղավորների: Ահա Դու երկնքից խոնարհվում ես դեպի ինձ, որ արժանի չեմ աչքերս վրադ սևեռելու: Ահա Դու ընդառաջ ես ելնում ինձ, հրավիրում ես ինձ ճաշկերույթիդ: Փափաքում ես կերակրել ինձ երկնային սննդով, «հրեշտակների հացով» (Սղմ 77, 25), ուրիշ ոչնչով, եթե ոչ՝ Քեզնով միայն, «Հաց կենդանի, երկնքից իջած, կյանք աշխարհի» (Հվհ 6, 33. 51-52):
 
3. Ահա թե որքան բարություն է շողարձակվում այնտեղ, ուր բխում է Սերը: Այս բոլորի համար երախտագիտության ինչպիսի վա՜ռ զգացումներ, ի՜նչ գոհություններ ենք պարտական Քեզ: Քանի՜ցս փրկարար ու հոգեշահ տրամադրվածությամբ հաստատեցիր այս Խորհուրդը: Քանի՜ցս քաղցր ու սփոփիչ է այն Ընթրիքը, ուր որպես կերակուր նվիրում ես Ինքդ Քեզ: Այս ի՜նչ հրաշք գործեցիր, Տեր: Քանի՜ցս անսահման է զորությունդ, քանի՜ցս աննկարագրելի՝ Քո ճշմարտությունը: Միայն մի խոսք արտասանեցիր և արարվեցին բոլոր գոյությունները. կատարվեց այն, ինչ հրամայեցիր: Հիրավի, մարդկային իմացականությանը գերազանցող, հավատքին միայն հասու հրաշք է, որ Դու, Տեր իմ, ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ, էությանդ ամբողջականությամբ բովանդակվում ես հացի ու գինու մեջ և ճաշակվում մարդկանցից, առանց այս վերջիններիս մոխրացնելու: Դու, Տեր բոլոր գոյությունների, որ ոչ ոքի կարիքը չունես, բայց որ այնուամենայնիվ կամեցար մեր մեջ բնակվել շնորհիվ այս Խորհրդի, անարատ պահիր սիրտս ու մարմինս, որպեսզի ջինջ ու հստակ խղճով հաճախ կարողանամ մասնակցել Պատարագիդ, և փրկությանս համար ընդունել այն, ինչ նախապես հրամայեցիր ու հաստատեցիր հավիտենական փառքիդ ու հիշատակիդ համար:
 
4. Ցնծա՛, հոգի իմ, և երախտագիտությունդ հայտնիր Աստծուն այս վեհ պարգևի և այս եզակի մխիթարության համար, որ տրված է քեզ արցունքների այս հովտում: Որովհետև այն ամեն անգամ, որ մատուցվում է այս Խորհուրդը և ճաշակում ես Հիսուսի Մարմինը, նորոգ կատարվում է քեզնում փրկությանդ գործը, և այսպիսով մասնակից ես դառնում Փրկչի արժանիքներին: Իրոք, Հիսուսի սերը չի նվազում երբեք, և Նրա քավիչ ներգործության լայնածավալությունը նույնպես՝ անհնարին է սպառել: Այս իսկ պատճառով, պարտավոր ես տրամադրվել հոգու շարունակական նորոգմամբ, և մեծագույն ուշադրությամբ պետք է խորհրդածես փրկության այս վեհ Խորհրդի շուրջ: Պատարագելդ կամ Պատարագին մասնակցելդ քեզ մի այնպիսի մեծ նորություն և ուրախ իրականություն թող թվա, որ կարծես Աստված այդ օրն առաջին անգամ լինելով է իջնում մարդանալու, և կամ՝ մարդկության փրկության համար ճիշտ այդ պահին է գամվում Խաչին, չարչարվում ու մահանում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։