Գլուխ Բ. - Խոնարհ կարծիք մեր անձի շուրջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Խոնարհ կարծիք մեր անձի շուրջ

1. Ամեն ոք բնականոն կերպով ձգտում է գիտության. ի՞նչ արժեք ունի, սակայն, գիտությունն առանց Աստծո երկյուղի: Աստծուն ծառայող խոնարհ և անուս գյուղացին ավելի բարձր է, քան հպարտ իմաստունը, որն անտեսում է իր հոգին և քննում է աստղերի ընթացքը: Ով իսկապես ճանաչում է ինքն իրեն, արհամարհում է իր անձը և հաճույք չի զգում մարդկանց գովասանքներից: Եթե ուղեղիս մեջ ամփոփված ունենայի աշխարհի բոլոր գիտությունները, բայց զուրկ լինեի սիրուց, ի՞նչ օգուտ կտային դրանք ինձ Աստծո առաջ, որ դատելու է ինձ գործերիս համաձայն: Չափավորիր գիտության հանդեպ ունեցած բուռն փափաքդ. հաճախ այն առիթ է ցրման և հուսախաբության: Գիտունները ցանկանում են իրենք իրենց ցուցադրել և իմաստուն կոչվել: Շատ բաներ քիչ կամ ընդհանրապես օգուտ չունեն հոգու համար. անմիտ է նա, ով զբաղվում է այնպիսի գործերով, որոնք օգտակար չեն իր փրկությանը: Խոսքերի առատությունը գոհացում չի տալիս հոգուն, մինչդեռ սուրբ կյանքն ու մաքուր խիղճը խաղաղություն են պարգևում սրտին և վստահություն ներշնչում Աստծո հանդեպ: Որքան ավելի շատանա ու կատարելագործվի գիտությունդ, այնքան ավելի խստորեն կդատվես Աստծո առաջ, եթե սրբությամբ չապրես:
 
2. Մի՛ հպարտացիր ճարտարությանդ ու գիտությանդ ի տես, այլ՝ ավելի վախեցի՛ր ընդունածդ լույսերի համար: Եթե կարծում ես, թե շատ գիտես և շատ լավ, իմացիր նաև, որ ոչինչ են, եթե համեմատես այնքան բաների հետ, որոնց մասին ոչինչ չգիտես: Մի՛ հպարտացիր, այլ՝ խոստովանիր տգիտությունդ: Ինչպե՞ս ես հանդգնում ինքդ քեզ ուրիշներից գերադասել, երբ քեզնից ավելի զարգացածները կան և ավելի հմուտները՝ Աստծո օրենքներին:
Կամենո՞ւմ ես սովորել հոգուդ համար օգտակար գիտությունը. սիրիր անծանոթ մնալ և ոչինչ համարվել: Ճանաչել իր անձը և արհամարհել այն. ահա՛ ամենաբարձր ու ամենաօգտակար գիտությունը:
Գերագույն իմաստություն և կատարելություն է սեփական անձը ոչինչ համարելը, ուրիշների մասին դրական կարծիք ունենալու հետ մեկտեղ: Երբ ականատես լինես ընկերոջդ կամ մերձավորիդ հանցանքին, մի՛ կարծիր, թե դու ավելի լավն ես, որովհետև չգիտես, թե որքան ժամանակ ես հարատևելու բարու մեջ: Բոլորս ենք տկար. բայց դու համոզվիր, որ քեզնից ավելի տկարը չկա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։