Գլուխ Գ. - Հաճախակի հաղորդվելու օգտակարությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Հաճախակի հաղորդվելու օգտակարությունը

1. Հավատացյալը. Ահա գալիս եմ Քո մոտ, Տեր, գովյալ բարությունիցդ բխող պարգևներդ ընդունելու և երկրաբնակ աղքատներիս համար պատրաստածդ սուրբ խրախճանքին մասնակցելու: Ահա Քեզնում գտնում եմ այն ամենը, որ կարող եմ և պարտավոր եմ փափաքել, որովհետև Դու Ինքդ ես իմ կյանքն ու փրկությունը, հույսն ու զորությունը, պատիվն ու փառքը: «Ուրախացրու ծառայիդ հոգին, Տեր, որովհետև այն դեպի Քեզ է ձգտում» (Սղմ 85, 4): Ես, ահա այս պահիս, կամենում եմ ընդունել Քեզ բարեպաշտությամբ ու մեծարանքով, փափաքում եմ հյուրընկալել Քեզ հարկիցս ներս: Օրհնիր ինձ, Հիսուս, և ընտրյալներիդ շարքերում դասիր անարժանիս: Հոգուս բաղձանքը Քեզ միանալն է, և սիրտս սիրովդ լցվել է փափաքում:
 
2. Իմ հետ եղիր, Հիսուս, և Դու միայն բավական ես ինձ, որովհետև Քեզնից դուրս ուրիշ ոչ մի մխիթարություն չի սփոփում ինձ: Գոյություն չունեմ առանց Քեզ, կյանքս կորցնում է իր շուքն ու երանությունը, երբ չես այցելում ինձ: Այս իսկ պատճառով, պետք է հաճախակի հաղորդվեմ և ընդունեմ Քեզ որպես հոգուս առողջության դեղ, որպեսզի երկնային սննդից զրկվելով՝ ուժասպառ չլինեմ պանդխտությանս ճանապարհին: Դու Ինքդ, Հիսուս բարեգութ, ժողովրդին քարոզելիս և զանազան հիվանդություններ բուժելիս ասացիր. «Չեմ կամենում քաղցած արձակել նրանց դեպի իրենց տները, որպեսզի չնվաղեն ճանապարհին» (Մտթ 15, 32): Այս նույն կերպ ես վարվում, ուրեմն, նաև իմ հետ, հավատացյալներիդ մխիթարության համար մնալով Սուրբ Խորհրդի մեջ: Դու ես, հիրավի, հոգիների քաղցրիկ սնունդը, և ով արժանավորապես սնվում է Քեզնով, մասնակից ու ժառանգորդ է լինելու հավիտենական փառքին: Իմ համար նույնպես, որ այսքան հաճախ եմ մեղանչում և այսքան դյուրավ ուժասպառվում և նվաղում, անհրաժեշտություն է նորոգվելը, մաքրվելն ու բոցավառվելը հաճախակի աղոթքներով ու խոստովանանքներով և Ամենասուրբ Մարմնիդ հաղորդությամբ, որպեսզի նրանից երկար ժամանակ հեռու մնալով՝ չթերանամ սուրբ առաջադրանքներիս մեջ:
 
3. «Մարդկային սրտի մտածումներն ի ծնե հակված են դեպի չարը» (Ծնդ 8, 21), և եթե երկնային դեղորայքը օգնության չի հասնում, մարդն է՛լ ավելի է չարանում զգալի կերպով: Բայց Սուրբ Հաղորդությունը հեռացնում է մեղքից և զորացնում է հոգին՝ կատարելու բարին: Եթե այժմ, որ հաճախ եմ հաղորդվում կամ պատարագում, տակավին այսքան ծույլ եմ ու գաղջ, ի՞նչ կլինեի, եթե դարմանը չընդունեի և չփնտրեի այս մեծ օգնությունը: Հետևաբար, եթե նույնիսկ ամեն օր լավ պատրաստված կամ տրամադրված չլինեմ պատարագելու, պետք է ջանամ գեթ երբեմն երբեմն հաղորդվել եռանդով, այսպիսով մասնակից դառնալով շնորհներիդ: Որովհետև հավատացյալ հոգու մեծագույն սփոփանքը, մինչ Քեզնից հեռու քայլում է այս մահկանացու երկրում իբրև պանդուխտ, այն է, որ մտովին հաճախակի միանա իր Աստծուն և ջերմ սրտով ընդունի իր Սիրեցյալին:
 
4. Ինչպիսի՜ բարություն մեր հանդեպ, Տեր իմ, որ Դու՝ Արարիչն ու Կենսատուդ բոլոր գոյությունների, այցելում ես խեղճ հոգուս և Աստվածությամբդ ու մարդկությամբդ հագեցնում ես նրա քաղցը: Երջանիկ է այն սիրտը և երանելի է այն հոգին, որ եռանդով է ընդունում Քեզ, իր Աստծուն, և որ արժանի է լինում հոգևոր բերկրանքով լցվելու՝ Քեզ ընդունելիս: Ա՜հ, ինչ մեծանուն Տեր է ընդունում, ինչ հազվադեպ հյուր ընկալում, ինչ ուրախարար ընկեր ստանում, ինչ հավատարիմ բարեկամ շահում, ինչ գեղեցիկ ու ազնվատոհմ փեսա ժառանգում, որն արժանի է սիրվելու առավել, քան ամենասիրելի անձերն ու ամենափափաքելի իրողությունները: Հոգուս Սիրեցյալ, թող Քո առջև համրանան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը, որովհետև ի՛նչ էլ ունեն գովելի ու գեղեցիկ, ամբողջը պարգևն է Քո վեհանձնության. նրանցից ոչ մեկը երբևէ չի հասնի Անվանդ լուսափայլմանը. «Քո իմաստությունն անքանակ է» (Սղմ 146, 5):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։