Գլուխ Գ. - Ճշմարտության ճանաչումը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Ճշմարտության ճանաչումը

1. Երանի՜ նրան, ում ուսուցիչը նույն ինքը Ճշմարտությունն է, որն ուսուցանում է ո՛չ թե պատկերներով ու անցավոր խոսքերով, այլ՝ ինքն իրեն հայտնելով, ինչպես որ է: Մեր միտքն ու զգայարանները տկար են տեսնում և հաճախ են մեզ մոլորեցնում: Ինչի՞ է ծառայում գաղտնախորհուրդ մթին խնդիրների շուրջ վեճեր ծավալելը, երբ դրանք անգիտանալը մեզ հանցանք չի համարվելու Աստծո ատյանի առաջ: Հիմարություն է օգտակար ու կարևոր բաներ անտեսելը և հետևելը հետաքրքրությունը սրող վնասակար բաներին: Աչք ունենք և չենք տեսնում: Ի՞նչ օգուտ մեզ դասակարգումների ու տեսակների շուրջ վեճերից: Ով լսում է խոսքերը հավիտենական Ճշմարտության (Հվհ 14, 6), զերծ է մնում կարծիքների հակամարտությունից: Ամեն ինչ իր սկիզբն առնում է հավիտենական Ճշմարտությունից. Նրանից են բխում բոլոր իմաստները, Նա է Արարիչը բոլոր արարածների, Նա է, որ խոսում է մեր սրտերում (Հվհ 8, 25): Առանց Նրա չկա ճանաչողություն, առանց Նրա չկա ուղղամիտ դատողություն: Անսասան է մնում նա, աստվածային խաղաղության մեջ է խայտում սիրտը նրա, ում համար հավիտենական Ճշմարտությունն ամեն ինչ է, ով ամեն բան վերագրում է Նրան և տեսնում Նրա մեջ:
Ո՜վ Աստված իմ, ո՜վ անսխալական Ճշմարտություն, այնպես արա, որ Քո հետ մեկ լինեմ հավիտենական սիրույդ մեջ: Հաճախ եմ ձանձրանում կարդալուց և լսելուց, մինչդեռ Քո մեջ է իմ փնտրածը, ինչի փափաքը որ ունեմ: Թող պապանձվեն աշխարհի բոլոր իմաստունները, թող Քո առջև լռեն բոլոր արարածները. Դո՛ւ միայն խոսիր իմ հետ:
 
2. Մարդ որքան ավելի մտամփոփ է և արարածներից հեռու, այնքան ավելի հեշտությամբ է բարձրանում և հասկանում վսեմ ճշմարտությունները, որովհետև իմաստության լույսն ընդունում է Երկնքից: Մաքուր, պարզ և բարու մեջ հաստատված հոգին նույնիսկ բազմաթիվ զբաղմունքների մեջ չի ցրվում, որովհետև ամեն բան անում է Աստծո փառքի համար, և խաղաղ սրտով աշխատում է հեռու մնալ անձնահաճությունից: Քեզ ամենից շատ հոգնեցնողներն ու վշտացնողները քո իսկ սրտի չսանձված և անզուսպ ցանկություններն են: Բարի ու աստվածապաշտ մարդը նախ ներքուստ, իր սրտի խորքում է պատրաստում արտաքուստ կատարելիք գործերը: Գործի ընթացքում չի տարվում զանազան միտումներով, այլ ընդհակառակը՝ մտքի օրենքներին է հնազանդվում ուղիղ դատողությամբ: Կա՞ արդյոք առավել ուժգին պայքար մղող մեկը, քան նա, ով աշխատում է հաղթել իր իսկ անձին: Մեր միակ մտահոգությունը ինքներս մե՛զ հաղթելը պիտի լինի, օրեցօր ավելի հզոր լինելը մե՛ր անձի դեմ, ավելի առաջադիմելը բարու մեջ: Այս աշխարհում, յուրաքանչյուր կատարելության մի քիչ անկատարություն է խառնված, և մեր տեսածն անգամ քողարկված է ստվերներով: Մեր անձի շուրջ համեստ կարծիքը գիտության խորազննին հետազոտություններից ավելի ապահով ուղի է առ Աստված բարձրանալու համար: Բայց չպետք է դատապարտել գիտությունը, ո՛չ էլ որևիցէ հարցի շուրջ խորը տեղեկությունը, որովհետև ինքնըստինքյան բարի է իմանալը և համաձայն՝ Աստծո կողմից հաստատված կարգին: Մաքուր խիղճն ու առաքինի վարքը, սակայն, նախընտրելի են: Քանի որ շատերն ավելի գիտության են ձգտում, քան առաքինի կյանքի, հաճախ են մոլորվում, և իրենց աշխատանքի պտուղը կամ չնչին է լինում, կամ ոչինչ:
 
3. Եթե մարդիկ, փոխանակ ունայն հարցերով զբաղվելու, ավելի աշխատեին իրենց մոլություններն արմատախիլ անել և առաքինությունները մշակել, այսքան չարիք և գայթակղություններ ի հայտ չէին գա ժողովուրդների մեջ, և ո՛չ էլ այսքան մեղկություն՝ մենաստաններում: Դատաստանի օրը մեր ընթերցումների ու ճարտար խոսքերի մասին չէ, որ հարցաքննվելու ենք, այլ՝ վարքի ու ապրելակերպի: Ո՞ւր են այն ճարտար ուսուցիչներն ու գիտունները, որոնց ճանաչեցիր իրենց կենդանության օրոք, և որոնք փայլեցին իրենց գիտությամբ: Այժմ ուրիշներն են գրավել նրանց տեղերը, և չգիտեմ՝ հիշվո՞ւմ են նրանք արդյոք: Իրենց կյանքի ընթացքում հավակնում էին ինչ որ մի բան լինել, և սակայն, այժմ չի էլ խոսվում նրանց մասին: Որքա՜ն վաղանցուկ է աշխարհի փառքը. երանի՜ թե այդ իմաստունների կյանքը համապատասխաներ իրենց գիտությանը. այնժամ իրենց ընթերցումներն ու զարգացումը արդյունավետ կդառնային: Քանի՜ քանի՜ անձեր են աշխարհում զոհ գնում սին գիտությանը և մոռանում են ծառայել Աստծուն: Որովհետև ավելի մեծությունն են սիրում, քան խոնարհությունը, և կործանվում են, այսպես, իրենց ունայնամտության մեջ: Միակ ճշմարտապես մեծ մարդը նա է, ով երբեք սահման չի դնում իր եղբայրսիրությանը: Նա է իսկապես մեծ մարդ, ով ինքն իրեն փոքր է համարում և արհամարհում է աշխարհի բոլոր պատիվներն ու մեծությունները միասին: Նա է միակ իմաստուն մարդը, ով Հիսուսին շահելու համար՝ հող ու մոխիր է սեպում այս աշխարհին կապված բոլո՛ր իրողությունները: Ճշմարիտ գիտությունն ունի նա, ով կատարում է Աստծո կամքը և հրաժարվում է իր անձի կամքից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։