Գլուխ Դ. - Խոնարհությամբ և ճշմարտասիրությամբ ապրել Աստծո ներկայությանը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Դ. - Խոնարհությամբ և ճշմարտասիրությամբ ապրել Աստծո ներկայությանը

1. Հիսուսը. Որդյակ, ուղղամտությամբ ընթացիր, լի՛ ներկայությանս զգացումով, և սրտիդ պարզությամբ միշտ ինձ փնտրիր միայն: Ով ապրում է ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելով, նրան կպաշտպանեմ չար հանդիպումներից. ճշմարտությունը նրան կփրկի անօրենների խաբեություններից ու զրպարտություններից: Եթե քեզ որպես ազատագրող ունենաս ճշմարտությունը, ճշմարտապես ազատ կլինես և հաշվի չես առնի մարդկանց բամբասանքները և դրանց պատճառով չես մտահոգվի:
 
2. Հավատացյալը. Տեր, ճշմարիտ են խոսքերդ: Թող լինի ինձ, աղաչում եմ Քեզ, խոսքիդ համաձայն: Թող ճշմարտությունդ ինձ ուսուցանի, թող անշեղ պահի ու պահպանի ինձ ընդմեջ փրկության ուղու: Թող այն ազատի ինձ չարամետ ցանկություններից ու նպատակաշեղ կապվածություններից, որպեսզի կարող լինեմ սրտի աննկուն ազատությամբ ընթանալ Քո ընկերակցությամբ:
 
3. Հիսուսը. Ես կկրթեմ քեզ, – ասում եմ ե՛ս՝ Ճշմարտությունս, – կուսուցանեմ, թե ինչն է բարի և ինձ հաճելի: Ցավով, տհաճությամբ, զղջումով ու տրտմությամբ մտածիր մեղքերիդ շուրջ, և մի՛ կարծիր, թե քեզնից ինչ որ մի արժեքավոր բան ես ներկայացնում բարի գործերիդ պատճառով: Եվ իրոք, բազում կրքերի կապված և ենթակա մեղավոր մեկն ես: Քանի որ ոչնչից ես ստեղծված, ըստ բնությանդ իսկ ձգտում ես դեպի ոչինչը: Շուտով ես ընկնում, շուտով հաղթվում, շուտով խռովվում, շուտով կքվում հուսալքության բեռան ներքո: Ունեցածներիցդ ինչի՞ համար կարող ես հպարտանալ. մինչդեռ բազում պատճառներ ունես խոնարհվելու, որովհետև շատ տկար ես, կարծածիցդ և ըմբռնելու կարողությունիցդ շա՜տ ու շա՜տ ավելի տկար:
 
4. Թող, ուրեմն, կատարած գործերիցդ ոչ մեկը մեծ չթվա քեզ: Հավիտենական արժեքներից բացի, ուրիշ ոչինչ թող չթվա քեզ կարևոր, գնահատելի ու հիացման արժանի. ոչինչ մի՛ սեպիր մեծարելի, ոչինչ՝ բարձր, ոչինչ՝ իսկապես գովելի ու փափաքելի: Ամեն բանից ավելի՝ հավիտենական ճշմարտությունը սիրիր, և թող միշտ տհաճությանդ առարկան լինի բացարձակ նվաստությունդ: Ոչնչից այնքան մի՛ սարսափիր, ոչնչից այնքան մի՛ գարշիր ու խուսափիր, որքան մեղքերիցդ ու մոլություններիցդ, որոնք քեզ ավելի մեծ վնաս են հասցնում, քան որևիցէ ձախորդություն կամ սնանկացում գործարքներիդ մեջ:
Ոմանք ընթանում են հոգևոր կյանքի արահետներում ո՛չ թե պարզությամբ, այլ՝ հետաքրքրությունից մղված, հանդգնաբար կամենում են հասու լինել գաղտնիքներիս, ուզում են քննել աստվածային խորհուրդներս, ... առանց գեթ մի փոքր մտածելու իրենց փրկության մասին: Բայց հազիվ թե երեսս մի կողմ եմ դարձնում այդպիսիներից, իսկույն փորձությունների ու մեղքերի մեջ են ընկնում, իրենց հետաքրքրասիրության ու հպարտության պատճառով:
 
5. Որդյակ, վախեցիր Աստծո դատաստանից և սարսափիր Ամենակարողի ցասումից: Հետաքրքրությամբ մի՛ քննիր Բարձրյալի գործերը, այլ՝ ավելի անձիդ անօրենությունները զննիր, հազարավոր կերպերով գործված մեղքերդ և անհոգության մատնված բարեգործությունները, որոնք կարող էիր գործել: Ոմանք իրենց ջերմեռանդությունը ընթերցումների մեջ են լոկ կայացնում, ուրիշներ՝ պատկերների կամ արտաքին նշանների ու շարժումների: Շատերն անունս ունեն իրենց շուրթերի վրա, բայց շատ քիչ՝ իրենց սրտերում:
Բայց կան նաև այնպիսիներ, որոնք մտքով ի վերուստ լուսավորված և իրենց միտումների մեջ մաքրագործված, շարունակ հավիտենական իրողություններին են ձգտում հասնել: Այդպիսիների համար մեծագույն տհաճություն է երկրային անցուդարձերի շուրջ սիրով զրուցելը, այդպիսիները ստիպված և չկամությամբ են բավարարում մարմնի կարիքները: Եվ այդպիսիներն են միայն, որ ի վիճակի են հասկանալու այն, ինչ իրենց ուսուցանում է ճշմարտության Հոգին: Որովհետև Հոգին է նրանց ուսուցանում երկրային իրողություններն արհամարհելու և երկնայինները սիրելու, աշխարհային արժեքներին չհետևելու և օր ու գիշեր Երկինքը փափաքելու գիտությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։