Գլուխ Դ. - Հաղորդության միջոցով ստացված շնորհները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Դ. - Հաղորդության միջոցով ստացված շնորհները

1. Հավատացյալը. Տեր Աստված իմ, «քաղցրությունիցդ բխող օրհնություններով ընդառաջ ելիր ծառայիդ» (Սղմ 20, 4), որպեսզի կարողանամ պատշաճորեն ու բարեպաշտորեն մերձենալ օգոստափառ Խորհրդիդ: Ձգիր սիրտս դեպի Քեզ, և արթնացրու ինձ այս հոգետանջ թմրությունիցս: «Այցելիր ինձ փրկությամբդ» (Սղմ 105, 4), որպեսզի հոգեպես ճաշակեմ անուշությունդ, որ այս Խորհրդում ներկա է առատաբուխ, իբրև ակնաղբյուր: Լուսավորիր աչքերս, որպեսզի հայել կարողանամ Խորհուրդն այս մեծաշուք, և տուր ինձ հաստատուն հավատքով հավատալու ուժ: Սա Քո՛ գործն է, ո՛չ մարդկային զորության. Քո՛ սրբազան տնօրինումն է, ո՛չ մարդկային հորինվածք: Այս իսկ պատճառով, ոչ ոք չի կարողանում իր ուժերով ընկալել ու ըմբռնել այս Խորհուրդը, որ գերազանցում է հրեշտակային բանականությանն անգամ: Ես՝ անարժան մեղավորս, հողս ու մոխիրս, ինչպե՞ս կարող եմ, ուրեմն, քննել ու հասկանալ այս ծածուկ գաղտնիքը:
 
2. Տեր, «սրտի պարզությամբ» (1Մն 29, 17), բարի ու անսասան հավատքով, հրամանդ կատարելով, մոտենում եմ Քեզ վստահությամբ ու ակնածանքով: Հավատում եմ, որ Դու, Աստված և մարդ, իսկապես ներկա ես այստեղ՝ Սուրբ Հաղորդության մեջ: Դու կամենում ես, որ ընդունեմ Քեզ և Քեզ միանամ սիրով: Եվ արդ, աղաչում եմ Քեզ տալ ինձ մի հատուկ շնորհ, որպեսզի ընկղմվեմ լույսիդ մեջ և զեղման աստիճան լցվեմ սիրովդ, և այլևս երբեք չմտահոգվեմ ուրիշ մխիթարությամբ: Այս բարձրագույն ու վեհ Խորհուրդը փրկությունն է մարմնի ու հոգու, հոգևոր հիվանդությունների դեմ միակ դարմանն է: Սրանով են սպիանում մոլությունների արյունահոս վերքերը, սրանով են սանձահարվում կրքերը, սրանով են հաղթվում կամ մեղմացվում փորձությունները. սրանով է տրվում շնորհը, նորածին առաքինությունները սրա միջոցով են աճում, հավատքը՝ փարթամանում, հույսը՝ վերակենդանանում, սերը՝ հրաբորբոք տարածվում ու ընդարձակվում:
 
3. Շա՜տ ու շա՜տ բարիքներ շնորհեցիր մարդկությանը այս Խորհրդի միջոցով, և դեռ շարունակում ես շնորհել ընտրյալներիդ, Աստված իմ, «պաշտպան հոգվույս» (Սղմ 53, 6), բժիշկ մարդկային հիվանդությունների և պարգևիչ հավիտենական մխիթարության: Իրոք, բազում սփոփանքներով ես ճոխացնում մեզ ընդդեմ փորձությունների, և վհատության վիհերից վերամբարձում ես մեզ մինչև հույսը Քո իսկ պաշտպանության, նորանոր շնորհների զորությամբ մխիթարում ես ու լուսավորում ներքսապես: Այս իրականության հետևանքում, նրանք, ովքեր նախապես խռովված էին և Հաղորդությունից առաջ չէին զգում ոչ մի հրապուրանք, երկնային սննդով ու ըմպելիով կերակրվելուց հետո փոխվում են դեպի լավագույնը: Անքննելի Նախախնամությանդ համաձայն, այսպես ես վարվում ընտրյալներիդ հետ, որպեսզի ճանաչեն և փորձառությունն ունենան իրենց ոչնչության, և թե ինչպիսի բարություն ու շնորհ են ստանում Քեզնից: Իրենք ըստ ինքյանց ցուրտ են, կոշտ հոգի ու կարծրասիրտ. Քեզնով դառնում են եռանդուն, բարեպաշտ ու առաքինի: Որովհետև ո՞վ է խոնարհաբար մոտենում քաղցրության ակունքին և մնում առանց գեթ մի քանի կաթիլի, կամ ո՞վ է մոտենում խարույկին՝ առանց զգալու նրա ջերմությունը: Եվ ահա Դու Ինքդ ես, Հիսուս, մշտառատ ու զեղուն ջրանցքը, մշտավառ ու անմար հուրը:
 
4. Իսկ եթե առայժմ աղբյուրի առատությունից չեմ կարող ծարավս հագեցնելու չափ խմել, միևնույնն է, բերանս կմոտեցնեմ՝ պապակս զովացնող գեթ մի քանի կաթիլ ստանալու և ամբողջովին չչորանալու համար: Եթե առայժմ չեմ կարող ամբողջովին երկնային լինել և սիրավառ ինչպես քերովբեներն ու սերովբեները, կաշխատեմ ուժերիս սահմաններում կրկին ու կրկին բորբոքել եռանդիս ջերմությունը, ինչպես նաև՝ պատրաստել սիրտս, որպեսզի աստվածային սիրո հրդեհի գեթ մի կայծ ստանամ կենարար Խորհրդի հետ այս խոնարհ հաղորդությանս միջոցով: Իսկ Դու, Հիսուս իմ բարի, Փրկիչ սրբազնագույն, ներողամտաբար ու առատաձեռնությամբ լրացրու այն, ինչ պակասում է ինձ, Դու, որ դեպի Քեզ կանչեցիր բոլորին ասելով. «Դեպի ինձ եկեք, դուք բոլորդ, հոգնաբեկ ծանրաբեռնվածներ, և ես ձեզ կատարյալ հանգիստ կշնորհեմ» (Մտթ 11, 28):
 
5. Ես տանջվում եմ քրտինք թափելով, սիրտս տխուր է, ճնշված եմ մեղքերից, չարչարված՝ փորձություններից, շրջապատված ու սեղմված՝ բազում չարամետ կրքերից: Եվ մեկը չկա, որ օգնի ինձ, որ ազատի ինձ ու փրկի, եթե ոչ միայն՝ Դու, Տեր Աստված Փրկիչ իմ: Քեզ եմ վստահում անձս և ինձ վերաբերվող ամեն բան, որպեսզի պաշտպանես ինձ մեղքից և առաջնորդես դեպի հավիտենական կյանք: Ընդունիր ինձ ի գովեստ և ի փառաբանություն Քո ամենասուրբ Անվան, Դու, որ Մարմինդ ու Արյունդ պատրաստեցիր որպես հոգևոր սնունդ և ըմպելի: Տուր ինձ, Տեր, որ հաղորդություններիս հետևանքում միշտ ավելի աճի ինձնում բարեպաշտությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։