Գլուխ Դ. - Հոգու և նպատակների մաքրությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Դ. - Հոգու և նպատակների մաքրությունը

1. Մարդիկ երկու թևերով են բարձրանում երկրից վեր. պարզությամբ ու մաքրությամբ: Պարզությունը դիտավորության մեջ, իսկ մաքրությունը՝ սիրո: Պարզությունը փնտրում է Աստծուն, իսկ մաքրությունը՝ գտնում ու վայելում: Եթե սիրտդ ներքուստ ազատ է բոլոր անկարգ հակումներից, ոչ մի բարի գործ դժվար չի թվա քեզ: Եթե Աստծո կամքի կատարումը միայն փնտրես, նաև այն, ինչ օգտակար է մերձավորիդ, կվայելես ներքին ազատությունը: Եթե սիրտդ մաքուր լիներ, բոլոր արարածները կյանքի հայելի ու նվիրական ճշմարտությունների գիրք կդառնային քո համար: Արարածները, որքան էլ փոքր լինեն ու անարժեք, Աստծո բարությունն է, որ ցոլացնում են իրենց մեջ: Եթե սրտի բարություն ու մաքրություն ունենայիր, կտեսնեիր ու կհասկանայիր ամեն բան, որովհետև մաքուր սիրտը ներթափանցում է մինչև Երկնքի ու դժոխքի գաղտնիքներն անգամ: Մարդն աշխարհն արտաքուստ տեսնում է այնպես, ինչպես ինքն է, կամ էլ՝ ինչպես ինքն է ապրում ներքուստ: Եթե աշխարհում անխառն ուրախություն կա, սրտով մաքուր անձն է միայն այն վայելում: Իսկ եթե կան վշտեր ու նեղություններ, դրանք բաժինն են արատավորված խղճով ապրող մարդկանց: Ինչպես հնոցի մեջ նետված երկաթն է կորցնում իր ժանգը և դառնում հրաշեկ, նույնպես ով Աստծուն նվիրվում է բոլորանվեր, թոթափում է իր մեղկությունն ու թմրությունը, և վերափոխվում է նոր մարդու: Երբ մեկը սկսում է բավարարվել իր միջակությամբ, թեթև աշխատանքից անգամ սոսկում է և անհագորեն ընդունում արտաքին մխիթարություններ: Իսկ երբ վերսկսում է կատարյալ կերպով հաղթել իր անձին, քաջությամբ քայլել Աստծո արահետներում, այնժամ շատ ավելի թեթև է սեպում այն, ինչը նախապես անտանելի էր թվում իրեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։