Գլուխ Ե. - Աստվածային սիրո զարմանահրաշ արդյունքները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - Աստվածային սիրո զարմանահրաշ արդյունքները

1. Հավատացյալը. Օրհնյալ ես Դու, Հայր երկնավոր, Հայր իմ Տիրոջ՝ Հիսուս Փրկչի, որովհետև հիշեցիր ինձ՝ անարժան ու խեղճ արարածիս: «Ո՜վ Հայր գթության և Աստված մխիթարության» (2Կր 1, 3), երախտագիտությունս եմ հայտնում Քեզ, որովհետև հակառակ լիակատար անարժանությանս, ժամանակ առ ժամանակ սփոփում ես ինձ անճառ մխիթարություններովդ: Օրհնում եմ Քեզ և փառավորում, Միածին Որդուդ և Մխիթարիչ Սուրբ Հոգուդ հետ, հավիտյանս հավիտենից: Տեր իմ և Աստված իմ, սիրույս միակ առարկան Դու ես, և երբ այցելում ես ինձ՝ գալով սրտիս մեջ, ամբողջ էությունս ցնծում է ներկայությանդ զգացումով: «Դու ես իմ փառքը, բերկրանքն իմ սրտի» (Սղմ 3, 4): Դու ես իմ հույսն ու ապավենը նեղության օրերին:
 
2. Բայց սիրույս տակավին տկար և առաքինությանս անհաստատ լինելու պատճառով զգում եմ կարիքը Քեզնով զորանալու, մխիթարվելու: Արդ, այցելիր ինձ, առաջնորդիր և սովորեցրու սուրբ օրենքներդ: Ազատիր անձս չարամետ կրքերից և սրտիցս արտաքսիր անօրեն ցանկությունները, որպեսզի ներքուստ բժշկված և մաքրված՝ սիրեմ Քեզ, համբերությամբ կրեմ վշտերս և հարատևեմ անշեղ:
 
3. Հիսուսը. Մեծագույն արժեք է սերը, գերազանց բարիք: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով տանում կյանքի բոլոր անհավասարությունները: Սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է աստվածային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարյալին: Սիրո անդադրում փափաքն է կատարելության ուղին, սերը չի շղթայվում երկրային ստորին իրողություններին: Սերը տենչում է ազատ լինել՝ զերծ մնալով երկրային կապերից, որպեսզի չմթագնի իր տեսողությունը, որպեսզի անցողիկ հարմարավետությունները չշեղեն իրեն ուղղության ճանապարհից, և որպեսզի չբեկվի վշտերի ծանրության ներքո:
Գոյություն չունի աստվածային սիրուց առավել քաղցրիկ իրողություն, առավել հզոր, առավել երկնասլաց ու վեհ, առավել սրտազեղ ու պանծալի, առավել զվարթ ու զվարթարար, առավել վեհանձն, առավել կատարյալ, լինի Երկնքում, թե երկրի վրա: Քանի որ սերը Աստծուց է բխում, չի կարող խաղաղություն գտնել ստեղծված իրողություններում, այլ միայն դրանց Արարչի մոտ:
 
4. Սիրող հոգին սլանում է, սավառնում, հրճվում. ազատ է և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընթացքը: Տալիս է ամեն բան բոլորի համար, և իրեն հարկավոր ամեն բան գտնում է ամեն ինչում, որովհետև իր հանգիստը գտնում է այն Միակի մոտ, որը գերագույնն է ընդմեջ բոլոր բարիքների, և որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները: Սերն ուշադրություն չի դարձնում պարգևին, այլ ամեն ինչից վեր՝ ուղղվում է դեպի Պարգևողը: Սերը սահման չի ճանաչում, բռնկում ու հրդեհում է առանց չափի զգացման: Սերը չի զգում բեռան ծանրությունը, կարևորություն չի ընծայում իր վշտակրություններին ու հոգնություններին. եթե հնարավոր լիներ, կուզենար կատարել նաև այն, ինչը գերազանցում է իր ուժային սահմաններին: Անկարելիության մասին չի մտածում, որովհետև ամեն բան թույլատրված և հնարավոր է համարում, քանի որ ինքը մաքուր է և դեպի սրբություններն է միայն ձգտում: Սերն իրեն ունակ է տեսնում սրբության ասպարեզից ներս որևէ մեծագործության, դրանցից շատերին է ձեռնարկում և նաև հաջողությամբ պսակում իր ընթացքը: Մինչդեռ ով չի այրվում Աստծո հանդեպ սիրով, ժամանակի ընթացքում նվաղում է և ետ ընկրկում:
 
5. Սերն արթուն է և հսկում է միշտ, քնի մեջ անգամ ամբողջովին չի թմրում: Աշխատում է հոգնաշատ, բայց ուժասպառ չէ կամ ձանձրացած. նեղված է, բայց չի տագնապում. սպառնում են իրեն, բայց ինքը չի այլայլվում, այլ՝ հրաշեկ բոցի նման խոյանում է դեպի Երկինք, ճանապարհ բացելով ընդմեջ բազում արգելքների: Ով սիրում է, նա է ի վիճակի ըմբռնելու իմաստը սիրո կանչի: Սիրով բորբոքված սրտի իղձերը հզոր ձայնի նման բարձրանում են մինչև ունկերն աստվածային և աղաղակում. «Աստված իմ, Սեր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը» (Երգ 2, 16):
 
6. Հավատացյալը. Ընդարձակիր հոգիս սիրովդ, Տեր, որպեսզի սրտիս բերանով կարողանամ ճաշակել ու հասկանալ, թե քանի՜ցս քաղցր է Քեզ սիրելը, սիրույդ մեջ նետվելն ու ընկղմվելը: Թող որ սերդ իր սաստկությամբ ու հմայքով հափշտակի ինձ և աշխարհի քաղցրիկ մոռացության մեջ՝ վերացնի ինձ դեպի Երկինք: Թող ես սաղմոսեմ օրհներգը սիրո, և թող հետքերովդ առաջնորդվելով՝ երկնաճեմ բարձունքներում հասնեմ Քեզ: Թող հոգուս ուժերը սպառվեն սիրույդ տաղերը երգելով, երանավետ հրճվանքով եղանակելով սիրույդ գովքը: Թող Քեզ ինձնից էլ ավելի սիրեմ, իսկ ինձ՝ միայն Քո համար, և թող Քեզնում սիրեմ բոլոր նրանց, ովքեր իրոք սիրում են Քեզ, համընթաց սիրույդ օրենքին, որը նույնպես ճառագայթում է Քեզնից:
 
7. Հիսուսը. Սերը սրընթաց է ու անկեղծ, հեզ ու համեստ, խնդուն ու զվարթերես, հզոր, համբերատար, հավատարիմ, խոհեմ, հարատև, քաջարի: Սերն իր մասին չի մտածում երբեք: Որովհետև երբ ինչ որ մեկը սկսում է փնտրել իր իսկ անձը, նույն պահին ևեթ դադարում է սիրելուց: Սերը զգույշ է ու շրջահայաց, խոնարհ և ուղղամիտ, սանձարձակ չէ և ո՛չ էլ թեթևամիտ: Աստվածային սիրո շնորհիվ զտված հոգում անհնար է գտնել հակում դեպի ունայնությունները: Սերը զգաստ է, ջինջ ու ողջախոհ, աննկուն, հանդարտ, և մեծ տիրապետություն ունի զգայարանների վրա:
Սերը ենթակա է ու հնազանդ մեծավորներին, նվաստ ու պախարակելի՝ ինքն իր աչքին, պարկեշտ է և երախտագետ Աստծո հանդեպ, որին է միայն վստահում և որի վրա է հաստատել իր հույսը, նաև երբ չի զգում Նրա քաղցրությունը, որովհետև առանց վշտակրության անհնար է ապրել սիրո մեջ:
 
8. Ով տրամադիր չէ տառապանքին և Սիրեցյալի կամքի կատարմանը, արժանի չէ աստվածասեր կոչվելուն: Ով սիրում է, պարտավոր է Աստծո սիրո համար համակամությամբ ընդունել նեղություններն ու դառնությունները, և պետք է հավատարիմ մնա Նրան ընդմեջ բոլոր հնարավոր հակառակությունների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։