Գլուխ Ե. - Քահանայության վեհությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - Քահանայության վեհությունը

1. Հիսուսը. Եթե հրեշտակային մաքրություն անգամ ունենայիր և Հովհաննես Մկրտչի սրբությունը, տակավին անարժան կլինեիր ընդունելու կամ մատուցելու այս Խորհուրդը: Անշուշտ մարդկային արժանիքներիդ շնորհիվ չէ, որ նվիրագործում ես և որպես սնունդ ընդունում հրեշտակների Հացը: Ապշեցուցի՜չ խորհուրդ և գերազա՜նց վայելչություն քահանայության, որովհետև քահանաներին է տրված այն, ինչից վերապահված են նույնիսկ հրեշտակները: Որովհետև Եկեղեցու կողմից կանոնապես ձեռնադրված ու օծված քահանաները միայն ունեն Մարմինս սրբագործելու իրավունքը: Քահանան է իմ իրական ներկայացուցիչն ու երեսփոխանը, որ գործածում է խոսքս իմ իսկ հրամանով ու տնօրինությամբ: Անշուշտ միշտ ես եմ մնում առաջնային հեղինակն ու անտեսանելի ներգործողը, ինձ է հպատակվում ու հնազանդվում ամեն բան:
 
2. Պարտավոր ես, հետևաբար, այս գերազանց Խորհրդում ավելի ամենակարողությանս հավատալ, քան զգայարաններիդ կամ տեսանելի որևէ նշանի: Հարկ է, որ այս սրբազան գործը կատարես երկյուղով ու խոնարհությամբ: Մտովին անդրադարձիր և տես, թե ինչպիսի պարտականություն ես հանձն առել Եպիսկոպոսից ստացած ձեռնադրությամբդ: Ահա դարձել ես քահանա և օծյալ՝ պատարագելու համար: Մատուցիր այն իր ժամանակին անհապաղ, հավատարմորեն ու բարեպաշտությամբ: Քահանայությամբ չթեթևացրեցիր բեռդ, այլ ավելին՝ ուսերիդ առար լուծը է՛լ ավելի խղճամիտ կարգապահության, պարտավորվելով սրբության մարզում դե՛ռ ավելի մեծ կատարելության: Քահանան պարտավոր է զարդարված լինել բոլո՛ր առաքինություններով, պարտավոր է բարի կյանքի օրինակ տալ այլոց: Չպետք է հետևի ժողովրդի սովորական ընդհանուր կենսաձևին, այլ՝ իր ապրելակերպը կա՛մ երկնային Հրեշտակների նման պետք է լինի, կա՛մ էլ երկրային կատարյալ Սրբերի:
 
3. Սրբազան զգեստներով հանդերձավորված քահանան ներկայացնում է իմ անձը և աղաչանքով խոնարհաբար աղոթում է իր և ժողովրդի համար: Կրծքին և թիկունքին կրում է Խաչի նշանը, մշտատև հիշելու համար չարչարանքներս: Կրծքի վրա կրում է Խաչը, որպեսզի անշեղ հետևի հետքերիս: Թիկունքին ունի Խաչի նշանը, որպեսզի այլաբանորեն արտահայտի իր պատրաստակամությունը՝ ի սեր իմ կրելու այն բոլոր չարիքները, որ կարող են պատահել իրեն կյանքի ընթացքում: Խաչը կրում է կրծքին՝ լալու համար իր մեղքերը, իսկ թիկունքին՝ ողբալու համար նաև ուրիշների մեղքերը, կարեկցանքից մղվելով, միշտ հիշելով, որ միջնորդ է իմ և մեղավորի միջև: Աղոթքից ու պատարագելուց չպետք է հոգնի կամ ձանձրանա, որպեսզի ստանա շնորհ և ողորմություն: Երբ քահանան պատարագում է, մեծարում է ինձ, բերկրանք է պատճառում հրեշտակներին, ամրացնում է Եկեղեցին, օգնում է ողջերին, հանգիստ է ստանում ննջեցյալների համար, և ինքը նույնպես մասնակցում է հոգևոր բոլոր բարիքներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։