Գլուխ Զ. - Իրական սիրո ապացույցները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - Իրական սիրո ապացույցները

1. Հիսուսը. Որդյակ, սերդ տակավին խոր և հզոր չէ:
 
2. Հավատացյալը. Ինչո՞ւ, Տեր:
 
3. Հիսուսը. Որովհետև փոքր ընդդիմության պատճառով իսկ լքում ես սկսածդ գործը և մխիթարություններ փնտրում անհագ փափաքով: Հզոր սեր ունեցողը անտեղիտալի է մնում ընդդեմ փորձությունների և հավատք չի ընծայում թշնամու նենգ հրապույրներին: Ինձ սիրող սիրտը հավատարիմ է ինձ և՛ հաջողությունների, և՛ ձախորդությունների մեջ:
 
4. Գիտակից և խոհուն սեր ունեցողը պարգևատուի սիրույն է ուշադրություն դարձնում, ավելի՝ քան պարգևին: Պարգևից ավելի՝ հմայում է նրան սերը շնորհողի, և բոլոր բարիքները նրա համար ստորադաս են, քան իր Սիրելին: Ազնվական սեր ունեցողը չի գոհանում պարգևներովս, այլ նրանցից ավելի վեր՝ բարձրանում է մինչև ինձ: Ամեն բան կորած մի՛ համարիր, եթե իմ և Սրբերիս հանդեպ ունեցածդ ջերմ եռանդը երբեմն կամքիդ համաձայն կենդանի չէ: Այն գողտր ու քաղցրիկ սերը, որ երբեմն զգում ես, պտուղն է շնորհի ներկայության, և մի տեսակ համտես է երկնային հայրենիքի: Բայց նրան շատ մի՛ կապվիր, որովհետև գալիս է ու գնում: Մինչդեռ մեծ առաքինության նշան են հոգու չարամետ ցանկությունների դեմ մարտնչելը և մերժումն ու արհամարհանքը սատանայի թելադրանքների հանդեպ:
 
5. Մի՛ խռովվիր, հետևաբար, երևակայությունիցդ ներս խուժած օտարոտի ցնորքների պատճառով: Կյանքիդ իբրև միակ նպատակ ունեցիր Աստծուն և հաստատաքայլ ընթացիր դեպի այդ նպատակը: Պատրանք չէ, եթե երբեմն հանկարծահաս հափշտակություններ ունենաս, ապա իսկույն կրկին ընկնես միտքդ զբաղեցնող սովորական մտածումների մեջ: Որովհետև դու ինքդ չես փնտրում այդ վերջինները, այլ՝ կրում ակամա: Եվ քանի դեռ տհաճ են քեզ և դիմադրում ես դրանց, արժանիքի աղբյուր են քո համար, և ո՛չ թե՝ պատճառ կորստյան:
 
6. Իմացիր, որ հին թշնամին՝ սատանան, ճիգ ու ջանք չի խնայում բարի փափաքներդ խափանելու և բարեպաշտ հրահանգներից քեզ հեռացնելու համար. այսինքն՝ Սրբերի բարեխոսությունը հայցելուց և նրանց օրինակին հետևելուց, չարչարանքներիս ու մահվանս շուրջ խորհրդածելուց, մեղքերդ մտաբերելու օգտակար վերհիշումից, սրտիդ պահպանման գործում զգուշությունից, և առաքինության ասպարեզում առաջադիմելու հաստատուն որոշումից: Բազում այլանդակ ու գեղազուրկ մտածումներ է արթնացնում քեզնում՝ վախ ներշնչելու, բարկացնելու ու ձանձրացնելու, հուսահատության հասցնելու և վերջիվերջո աղոթքից ու հոգևոր ընթերցումներից քեզ կտրելու համար: Խոնարհ խոստովանանքը տհաճ է իրեն, և եթե կարողանար՝ կստիպեր քեզ հեռու մնալ նաև Հաղորդությունից: Մի՛ հավատա նրա ոչ մի խոսքին, մի՛ վախեցիր նրանից, նույնիսկ երբ կամենա համառությամբ քեզ որոգայթների մեջ բռնել: Իրեն վերագրիր այն բոլոր հրեշային և սուրբ սրտին նողկանք պատճառող մտածումները, որ հուզում են միտքդ, և ասա. «Հեռացի՛ր ինձնից, պիղծ ոգի, ամաչի՛ր, թշվառական: Քանի՜ցս անմաքուր ես, տականք, որ հանդգնում ես նմանօրինակ խոսքեր փսփսալ ականջիս: Հեռացի՛ր ինձնից, չար ու մոլորեցնող ոգի, դու ինձնից բաժին չունես, այլ՝ իմ հետ է Հիսուսը, որպես քաջ պատերազմող, իսկ դու մնալու ես պարտված: Նախընտրում եմ մեռնել կամ կրել որևէ տառապանք ու տվայտանք, քան խորհուրդներիդ տալ կամքիս հավանությունը: Համրացի՛ր և լո՛ւռ մնա, կեղծավոր խաբեբա, քեզ այլևս չեմ լսում, որքան էլ որ նեղություն պատճառես ինձ: ''Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ: Եթե թշնամու բանակն անգամ պատերազմի իմ դեմ, դարձյալ չեմ վախենա, որովհետև Տերն է իմ փրկիչն ու օգնականը'' (Սղմ 26, 1-3)»:
 
7. Մարտնչիր արիասիրտ զինվորի նման: Եթե տկարությանդ պատճառով երբեմն ընկնես, հույսդ աստվածային օգնության վրա դնելով՝ կրկին կորով առ, զգուշանալով հանդերձ հպարտությունից և սին անձնահաճությունից: Այս հպարտության պատճառով շատերն են մոլորվում կամ ընկնում անբուժելի կուրության մեջ: Թող որ իրենց ուժերին հիմարաբար ապավինող այս ամբարտավանների անկումը քո համար զգոնության և խոնարհության առիթ լինի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։