Գլուխ Է. - Խղճի քննություն և սրբության փափագ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Է. - Խղճի քննություն և սրբության փափագ

1. Հիսուսը. Նախևառաջ հարկ է, որ քահանան պատրաստվի պատարագելու, մատուցի և ընդունի Սուրբ Խորհուրդը սրտի կատարյալ խոնարհությամբ, երկյուղած պաշտամունքով ու երկրպագությամբ, լի հավատքով, և ինձ փառավորելու առաքինի դիտավորությամբ: Խնամքով քննիր սիրտդ և, որքան կարող ես, մաքրիր այն և լուսավորիր անկեղծ զղջմամբ ու խոնարհ խոստովանանքով, որպեսզի դեպի խորան ազատ ընթացքդ խոչընդոտող ոչինչ չունենաս և չզգաս քեզնում: Հոգուդ խորքում ատելություն արթնացրու մեղքի հանդեպ, և հատկապես՝ ամենօրյա հանցանքներիդ ու թերություններիդ վրա արտասվիր ու ողբա: Իսկ եթե դեռ բավական ժամանակ ունես տրամադրությանդ ներքո, սրտիդ խորքում ցավիր ծուլությամբ չսանձված կրքերի հետևանքը հանդիսացող թշվառությանդ համար:
 
2. Զղջումով արտասվիր, որովհետև դեռ այսքան մարմնական ես ու աշխարհամետ, այսքան քիչ սանձված կրքերով. այսքան զգայուն ես ցանկասիրության հանդեպ, այսքան ծույլ՝ զգայարանների պահպանման մեջ, այսքան հաճախ տարված՝ երևակայական ցնորքներով. այսքան ջանասեր՝ արտաքին գործերում, և անհոգ՝ հոգևորի մեջ. այսքան դյուրավ մղված՝ դեպի ծիծաղն ու ցրումը, և այսքան անտրամադիր՝ զղջման և խոնարհվելու. այսքան պատրաստակամ՝ ընդունելու հաճելին և մարմնի հարմարավետությունները, և այսքան ցուրտ՝ խստակրոն ապաշխարության և եռանդի մարզում. այսքան ծարավի՝ լսելու նորություններ և տեսնելու գեղեցիկ առարկաներ, և այսքան լի հակակրանքով՝ խոնարհ ու անհրապույր իրողությունների հանդեպ. այսքան տենչացող՝ շատ ունենալու, և այսքան ագահ՝ տալու դեպքում. այսքան կորովի ես սեփականդ պաշտպանելու գործում, այսքան անխորհուրդ՝ խոսելիս, այսքան անկարող՝ լռելու, այսքան խառնակ ու անպատշաճ՝ վարվելակերպիդ մեջ, այսքան անվայել և ո՛չ քաղցրաբարո. այսքան անչափավոր՝ կերակուրի հարցում, այսքան խուլ՝ պատվիրաններիս ի լուր, այսքան արագավազ՝ դեպի քուն և հանգիստ, և այսքան հապաղող՝ աշխատանք սկսելիս. այսքան արթուն՝ շատախոսություններում, և այսքան թմրած՝ սուրբ հսկումների ժամին. այսքան շտապ՝ ավարտելու աղոթքները, այսքան ցրված՝ դրանք արտասանելիս, այսքան թուլակամ՝ մասնակցելու ժամերգությանը, այսքան տկար և ուժասպառ՝ պատարագելիս, այսքան ցամաք՝ հաղորդվելիս. այսքան հեշտորեն՝ մտացիր, և այսքան հազվադեպ՝ ամփոփ ու ներանձնացած. այսքան զայրացկոտ ու դյուրագրգիռ, այսքան կոշտ ու կոպիտ և նվազ հեզ. այսքան մշտարթուն՝ դատելու և քեզ չվերաբերվող գործերին խառնվելու. այսքան փքուն ու ինքնագոհ՝ հանդիմանելիս. այսքան ուրախ, երբ ամեն բան լավ է ընթանում, և այսքան վհատ՝ նեղություններում. այսքան ճկուն և աճապարանքով լի՝ հոգուցդ ներս բարի փափաքներ սնուցելիս, և սակայն նաև այսքան հեղգ ու վատասիրտ՝ դրանք գործի վերածելիս:
 
3. Խոստովանիր և արտասվիր, ցավով և բոլոր թերություններիդ հանդեպ տհաճություն զգալով՝ առաջադրիր բարենորոգել կյանքդ և միշտ լավագույնին ձգտել: Ապա, հոժար համակամությամբ և կատարյալ կամքով, ձոնի՛ր անձդ, ո՜վ քահանա, Անվանս փառքին, իբրև մշտնջենավոր զոհ՝ սրտիդ խորանի վրա, հավատարմորեն ինձ հանձնելով և ինձ վստահելով մարմինդ ու հոգիդ, որպեսզի արժանի լինես մատուցելու Խաչի Սուրբ Զոհը և սրբորեն ընդունելու Մարմնիս Խորհուրդը:
 
4. Մեղքերը ջնջելու առավել պատշաճ և գոհացուցիչ ընծա չկա, քան սեփական անձի նվիրումը ինձ, մաքրությամբ և անմնացորդ կերպով միանալով Մարմնիս զոհաբերմանը Սուրբ Պատարագի և Հաղորդության ժամանակ: Եթե որևէ մեկը, իսկապես զղջացած, անի այն ամենը, որ կարող էր, յուրաքանչյուր անգամ, որ ինձ կմոտենա՝ ստանալու ներում և շնորհ, «այլևս չեմ հիշի նրա մեղքերի բազմությունը» (Ես 43, 25), այլ՝ թողություն կշնորհեմ դրանց բոլորին, որովհետև «ես ապրում եմ, և չեմ կամենում մահ մեղավորներին, այլ որ դարձի գան և ապրեն» (Եզկ 33, 11):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։