Գլուխ Է. - Սիրել Հիսուսին ամեն ինչից ավելի – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Է. - Սիրել Հիսուսին ամեն ինչից ավելի

1. Երանի՜ նրան, ով հասկանում է, թե ինչ է նշանակում սիրել Հիսուսին և ի սեր Հիսուսի արհամարհել սեփական անձը: Պետք է մեր սիրտն անջատենք մյուս բոլոր սիրելիներից, որովհետև Հիսուսը կամենում է սիրվել առանձին և ամեն ինչից ավելի: Արարածների սերը խաբեական է ու փոփոխական, իսկ Հիսուսի սերը՝ հավատարիմ ու տևական: Ով կապվում է արարածներին, ընկնում է նրանց պես և նրանց հետ. իսկ ով փարվում է Հիսուսին, մնում է անսասան: Սիրիր և որպես ընկեր ունեցիր Նրան, ով քեզ չի լքում երբեք, նույնիսկ երբ հեռանում են քեզնից բոլորը. իսկ երբ հասնի վախճանդ, չի թողնելու, որ անվերադարձ կորստյան մատնվես:
Կամա թե ակամա, մի օր հարկ է լինելու բաժանվել ամենքից և ամեն ինչից:
Ողջ թե մահամերձ, մնա՛ Հիսուսի մոտ և ապավինիր Նրա հավատարմությանը. երբ բոլորը քեզ լքեն, միայն Ինքը կկարողանա օգնել քեզ: Ահա՛ ամենասիրելիդ. Նա չի կամենում մի ա՛յլ բաժնեկից ունենալ, պահանջում է սիրտդ ամբողջովին, որպեսզի միայն Ինքն այնտեղ թագավորի: Եթե լիովին հրաժարվեիր արարածների սիրուց, Հիսուսը սիրով կբնակվեր սրտիդ մեջ: Մի օր կորած ես որակավորելու այն ամենն, ինչն այժմ արարածներին ես տալիս Հիսուսի փոխարեն: Մի՛ հենվիր քամուց տարուբերվող եղեգին և մի՛ վստահիր նրան, որովհետև «ամեն մահկանացու մարմին խոտի պես է և նրա փառքն անցնում է դաշտի ծաղիկների նման» (Ես 40, 6): Հաճախ կսխալվես, եթե մարդկանց շուրջ իրենց տեսքի համաձայն կարծիք կազմես. իսկ նրանցից ակնկալածդ շահի ու մխիթարության փոխարեն վնասներ է միայն, որ կրելու ես: Ամեն իրողության մեջ Հիսուսին փնտրիր և կգտնես Նրան ամենուր. իսկ եթե անձդ փնտրես, այն այո՛ կգտնես, սակայն կործանմանդ համար միայն: Որովհետև Հիսուսին չհետևող մարդն ինքն իրեն ավելի շատ է վնասում, քան իր բոլոր թշնամիներն ի միասին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։