Գլուխ Է. - Փախչել է պետք սին հույսերից և հպարտությունից – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Է. - Փախչել է պետք սին հույսերից և հպարտությունից

1. Որքա՜ն հիմար է նա, ով իր հույսը դնում է մարդու կամ որևէ արարածի վրա: Մի՛ ամաչիր ուրիշին ծառայելուց, այս աշխարհում աղքատ երևալուց՝ Քրիստոսի սիրո համար: Երբեք մի՛ վստահիր ինքդ քեզ. ամբողջ հույսդ Աստծո վրա դիր միայն: Ուժերիդ ներածի չափով արա՛ ինչ կարող ես և Աստված զորավիգ կլինի բարի կամքիդ: Գիտությանդ մի՛ կռթնիր, մի՛ ապավինիր արարածների ճարտասանությանը, այլ՝ Աստծո շնորհին, որն օգնում է խոնարհներին և խոնարհեցնում ինքնավստահ հավակնոտներին:
 
2. Հարստություններիդ համար, եթե ունես, մի՛ գոռոզացիր: Պարծենկոտությամբ մի՛ լցվիր նաև բարեկամներիդ պատճառով, եթե կարողություններ ունեն և ազդեցիկ են: Հպարտացիր միմիայն Աստծով, որ տալիս է ամեն բան և ամեն բանից ավելի կամենում է տալ Ինքն Իրեն: Մի՛ հիացիր մարմնիդ ուժով ու գեղեցկությամբ. թեթև հիվանդությունն անգամ քանդում ու նսեմացնում է այն: Հավակնոտ մի՛ եղիր խելացիությանդ ու ճարպկությանդ պատճառով, որպեսզի տհաճ չդառնաս Աստծո առաջ, որն Ինքն է օժտել քեզ զանազան ձիրքերով: Ինքդ քեզ ուրիշներից ավելի լավ մի՛ համարիր, որպեսզի ամենահետինը չդառնաս Աստծո աչքին, որը շա՜տ լավ է ճանաչում մարդկային սրտի բոլոր գաղտնիքները: Բարի գործերիդ համար մի՛ հպարտացիր, որովհետև Աստծո դատաստանը երբեմն տարբեր է մարդկանց դատաստանից: Ինչը որ հաճելի է մարդկանց, հաճախ տհաճ է Աստծուն: Եթե բնական ձիրքեր ունես, համոզվիր, որ ուրիշներն ավելին ունեն, և այդպիսով ինքդ քեզ խոնարհության մեջ պահիր: Ոչինչ չես կորցնում ինքդ քեզ ուրիշներից ստորադասելով: Մինչդեռ ամեն բան կորցնում ես ինքդ քեզ մի հոգուց անգամ վեր դասելով: Խոնարհ մարդն է վայելում անսասան խաղաղությունը, իսկ նախանձն ու բարկությունը ալեկոծում են սիրտը հպարտի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։