Գլուխ Ը. - Բացասական գնահատանք մեր անձի շուրջ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ը. - Բացասական գնահատանք մեր անձի շուրջ

1. Հավատացյալը. Համարձակվում եմ խոսել Տիրոջս հետ, չնայած հող եմ միայն ու մոխիր (Ծնդ 18, 27): Եթե կարծում եմ ինձ ավելին, քան եմ իրականում, ահա ճշմարտությունդ հանդիմանում է ինձ և անցյալ մեղքերիս հիշատակը նույնպես տալիս է արդարացի վկայություն, որի դեմ չեմ կարող առարկել: Իսկ ընդհակառակն, եթե նվաստ կարծիք կազմեմ անձիս շուրջ և ինձնից մի կողմ նետեմ անձիս հանդեպ մինչև այժմ ունեցածս հարգանքը, կոչելով ինքս ինձ հողի փոշի, ինչպիսին որ եմ իրականում. եթե ժպտա ինձ Քո շնորհը և սրտիս մոտենա լույսդ, անձիս նկատմամբ ունեցածս փոքրագույն մեծարանքն անգամ կխորասուզվի ոչնչությանս գիտակցության հատակը և կչքանա ի սպառ: Հայտնի՛ր ինձ անձիս էությունը. թե ի՛նչ եմ, թե ի՛նչ էի, և թե ո՛ւր եմ հասել: «Որովհետև ոչինչ եմ, և սակայն մինչև օրս անգիտանում էի սա» (Սղմ 72, 22): Եթե թողնվում եմ ինքս ինձ, պարզորոշ կերպով տեսնում եմ ոչնչությունս ու ամբողջական դյուրաբեկությունս: Բայց հազիվ ես դեպի ինձ ուղղում գեթ մի ակնարկ, իսկույն դառնում եմ հզոր և լցվում նորանոր զվարթությամբ: Եվ իրողություն է սա զարմանահրաշ, որ ոտքի եմ կանգնում այսքան ակնթարթային արագությամբ և ըստ մեծ բարությանդ՝ փարումներ և գորով գտնում Քեզնից, ես, որ վրաս ծանրացած բեռների պատճառով հակված եմ միշտ դեպի վար:
 
2. Սա արդյունքն է Քո Սիրո, և շնորհում ես ինձ ամբողջովին ձրիաբար, կանխելով ինձ, և ես դեռ չխնդրած՝ օգնելով այնքա՜ն ու այնքա՜ն կարիքներիս մեջ, պահելով ինձ աղետալի վտանգներից և ազատելով իսկապես անթիվ ու անհամար չարիքներից: Կորստյան էի մատնել ինքս ինձ, մոլի կրքոտությամբ սիրելով անձս: Բայց զղջալով և միմիայն Քեզ փնտրելով և Քեզ սիրելով անկեղծությամբ, վերագտա ինքս ինձ և Քեզ ի միասին: Եվ շնորհիվ այս սիրո՝ է՛լ ավելի խոր կերպով գիտակից դարձա ոչնչությանս: Որովհետև Դու, ո՜վ Քաղցրագույն, բարեգործում ես ինձ, առավել՝ քան արժանի եմ, և դե՛ռ առավել՝ քան համարձակվում եմ հուսալ կամ խնդրել:
 
3. Օրհնյա՜լ ես, Աստված իմ: Թեև անարժան եմ Քո առատազեղ բարիքներին, բայց գիտեմ, որ ըստ վեհ մեծությանդ ու անսահման բարությանդ չես դադարում բարեգործել նաև ապերախտներին և համառ ու պնդագլուխ հակառակորդներիդ, տալով նրանց կյանք և դարձի հնարավորություն: Տուր մեզ, Աստված իմ, վերադարձ դեպի Քեզ, որպեսզի լինենք երախտագետ, խոնարհ ու ջերմեռանդ, քանզի Դու ես մեր փրկությունը, ուժն ու զորությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։