Գլուխ Ը. - Զգուշանալ է պետք չափազանց մտերմությունից – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ը. - Զգուշանալ է պետք չափազանց մտերմությունից

1. Սիրտդ մի՛ բացիր անխտիր բոլորի առաջ (Սիր 9, 21), իսկ անձիդ վերաբերվող խնդիրները վստահիր իմաստուն ու աստվածավախ մարդկանց: Աշխարհիկ մարդկանց հետ մտերիմ հարաբերություններ մի՛ պահպանիր: Երիտասարդներին ու հարուստներին մի՛ շողոքորթիր և մի՛ երազիր տեսակցել աշխարհի մեծերի հետ: Բարեկամությունը փնտրիր խոնարհ ու պարզ հոգիների, աստվածապաշտ ու բարի վարք ունեցող անձերի, և խոսակցություններդ նրանց հետ թող միշտ հոգեշահ լինեն: Մի՛ մտերմացիր ոչ մի կնոջ հետ. Աստծո պաշտպանությանը հանձնիր առաքինազարդ կանանց: Միայն Աստծո և հրեշտակների մտերմությունը թող սիրելի լինի քեզ: Զգուշացիր պատահական անձանց հետ ծանոթանալուց: Բոլորի հանդեպ պարտավոր ենք եղբայրասեր լինել, բայց ո՛չ մտերիմ, որն անօգուտ է: Երբեմն մարդկանց գնահատում ենք առանց ճանաչելու, պարզապես նրանց համբավը լսելով, բայց երբ ծանոթանում ենք նրանց հետ, անմիջապես փոխում ենք մեր կարծիքը: Երբեմն կամենում ենք մտերմությամբ հաճելի լինել ուրիշներին, բայց ընդհակառակն՝ այնժամ է, որ կորցնում ենք նրանց դրական գնահատանքը մեր հանդեպ, որովհետև տեսնում են մեր թերությունները և հասկանում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։