Գլուխ Ը. - Հիսուսի զոհաբերումը խաչի վրա – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ը. - Հիսուսի զոհաբերումը խաչի վրա

1. Հիսուսը. Ինչպես ես ձեռքերս Խաչի վրա տարածած, բացարձակ աղքատության մեջ, մեղքերիդ քավության համար անձս կամովին զոհաբերեցի Հայր Աստծուն, այնպես, որ ինձնում չմնաց ոչինչ, որ ընծայած չլինեի որպես զոհ՝ քեզ աստվածային արդարության հետ հաշտեցնելու համար, այնպես էլ դու պարտավոր ես կամովին նվիրվել ինձ ամեն օր, Պատարագի ընթացքում, որպես սուրբ և մաքուր զոհ, բոլոր կարողություններիդ և զգացումներիդ հետ միասին, որքան կարող ես սրտանց, սիրով: Ուրիշ ի՞նչ եմ պահանջում քեզնից, եթե ոչ միայն՝ անձիդ նվիրումը: Ի՛նչ էլ տաս ինձ առանց քեզ, անարժեք է իմ համար, որովհետև ընծաներդ չէ, որ կամենում եմ, այլ միայն քեզ:
 
2. Ինչպես քեզ ոչինչ չի գոհացնում առանց ինձ, այնպես էլ ինձ հաճելի չեն ընծաներդ, երբ չես նվիրում անձդ: Նվիրվիր ինձ և նվիրվիր ամբողջովին. այդպիսի դեպքում միայն ընծադ ընդունելի կլինի: Ահավասիկ ես ամբողջովին նվիրվեցի Հորը քո համար, և Արյունս ու Մարմինս տվեցի որպես հոգեղեն սնունդ, որպեսզի ամբողջովին քոնը լինեմ, և դու՝ իմը ընդմիշտ: Բայց եթե կամենաս ինքդ քեզ պատկանել, և սրտանց չնվիրվես ու չհանձնվես կամքիս, զոհդ կատարյալ չի լինի և լիովին միացած չես լինի ինձ: Արտաքին ու ներքին ձեռնարկներիցդ յուրաքանչյուրից առաջ պետք է կամովին և սիրով հանձնվես կամքիս, եթե կամենում ես ստանալ շնորհ և ազատություն: Քչերն են ներքուստ լուսավորվում և հոգևոր ազատ վիճակ վայելում, հենց որովհետև քչերն են կատարյալ կերպով հրաժարվում իրենց անձից: Վճիռս միշտ անփոփոխ է. «Չի կարող աշակերտել ինձ մեկը, որ չի ուրանում իր անձը» (Ղկս 14, 33): Եթե, հետևաբար, փափաքում ես աշակերտել ինձ, ինձ նվիրիր սրտիդ ամբողջ գորովը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։