Գլուխ Ը. - Հոգևոր մտերմություն Հիսուսի հետ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ը. - Հոգևոր մտերմություն Հիսուսի հետ

1. Երբ Հիսուսը մեր հետ է, ամեն բան քաղցր է և դժվար չի թվում ոչինչ. իսկ երբ Հիսուսը հեռանում է, ծանր է դառնում ամեն բան: Մխիթարություններն արժեքազուրկ են, երբ Հիսուսը լռում է հոգու խորքում. մինչ Հիսուսի միայն մի խոսքն արդեն բավական է մեզ քաղցրությամբ լցնելու համար: Մարիամ Մագդաղենացին մի՞թե իսկույն չհեռացավ այն տեղից, ուր նստած լալիս էր, երբ իր քույրը՝ Մարթան, ասաց իրեն. «Վարդապետը կանչում է քեզ» (Հվհ 11, 28): Երջանի՜կ պահ, երբ Հիսուսը մեզ արցունքների միջից կանչում է դեպի ուրախությունը Սուրբ Հոգու: Որքա՜ն չոր ու անզգա է սիրտդ առանց Հիսուսի: Որքա՜ն հիմար ես ու անմիտ, երբ Հիսուսից բացի ինչ որ մի բան ես դեռ կամենում ունենալ. սա ավելի մեծ վնաս է, քան եթե ամբողջ աշխարհը կորցնեիր:
 
2. Ի՞նչ կարող է տալ քեզ աշխարհն առանց Հիսուսի. առանց Հիսուսի ապրելն անտանելի դժոխք է, իսկ Հիսուսի հետ ապրելը երջանկությունն է դրախտի: Թշնամիները չեն կարող վնասել քեզ, երբ Հիսուսի հետ ես: Հիսուսին գտնողը անհուն գանձ է գտնում, մի գերազանց բարիք: Իսկ ով կորցնում է Հիսուսին, կորցնում է ամեն բան. ավելի, քան եթե ամբողջ աշխարհը կորցրած լիներ: Առանց Հիսուսի ապրելը լրումն է չքավորության: Հիսուսի հետ ապրելն է ամենամեծ հարստությունը: Մեծ հմտություն է Հիսուսի հետ երկխոսել կարողանալը, նաև մեծ իմաստություն՝ Նրան մեր սրտերում հարատև անմեկնելի պահելու ձևն իմանալը: Եղիր խոնարհ ու խաղաղասեր, և Հիսուսը կբնակվի հոգուդ մեջ: Եղիր աստվածապաշտ ու հեզաբարո, և Հիսուսը քո մոտ կմնա: Կարող ես հեռացնել Նրան անմիջապես և կորցնել Իր շնորհը, եթե արտաքին հրապույրներով տարվես: Եթե հեռանաս Հիսուսից, եթե կորցնես Նրան, այնժամ ո՞վ է լինելու ապավենդ ու ընկերդ: Առանց ընկերոջ չես կարող երջանիկ ապրել, բայց եթե ընկերդ Հիսուս Ինքը չէ, տխուր ես մնալու միշտ և հուսախաբ: Որքա՜ն անմիտ ես, երբ ուրիշին ես վստահում և նրանից սպասում ուրախությունդ: Նախընտրելի է, որ ամբողջ աշխարհը քեզ թշնամի դարձնես, քան տրտմեցնես Հիսուսին: Բոլոր սիրելիների մեջ թող որ Հիսուսը միայն լինի քո ամենասիրելին: Սիրիր մյուսներին հանուն Հիսուսի, իսկ Հիսուսին՝ Ինքն Իր համար: Իրե՛ն միայն սիրիր ամբողջ սրտով, որովհետև Ինքն է միակ բարի ու հավատարիմ ընկերը: Հիսուսի մեջ, Հիսուսի համար սիրիր ընկերներիդ ու թշնամիներիդ և աղոթիր բոլորի համար, որպեսզի բոլորն էլ սիրեն ու ճանաչեն Նրան: Մի՛ կամեցիր նախապատվություն ունենալ որևէ մեկի գնահատանքի ու սիրո մեջ, որովհետև նման գնահատանքն ու սերը միայն Աստծուն են վայելում, որին հավասար չէ ոչ ոք: Մի՛ կամեցիր, որ ինչ որ մեկն իր սրտի խորքում յուրահատուկ համակրանք ունենա քո հանդեպ, և դու նույնպես անձուկ սիրով մի՛ կապվիր ուրիշին, այլ՝ թող որ Հիսուսը միայն բնակվի քո և բարի կամք ունեցող բոլոր անձանց սրտերում:
 
3. Սրտով մաքուր եղիր ու ազատ, մի՛ կապվիր արարածներին: Պարտավոր ես հրաժարվել ամեն ինչից և անարատ սիրտ նվիրել Աստծուն, եթե անշուշտ կամենում ես տեսնել ու ճաշակել Իր քաղցրությունը: Բայց այս կատարելությանը չես կարող հասնել, եթե շնորհը չընկերակցի քեզ և չօգնի սիրտդ ազատ ու դատարկ պահել արարածների սիրուց, որպեսզի այն Հիսուսին միայն միանա: Որովհետև աստվածային շնորհը հզորացնում է հոգին բարեգործությունների ասպարեզում, իսկ երբ այն հեռանում է, հոգին տնանկ, անկարող և կարծես թե դատապարտված է մնում: Սակայն նման դեպքերում անգամ չպետք է ընկճվես, այլ՝ հանդարտ սրտով համակերպվես Աստծո կամքին և ամեն բան կրես ի սեր Հիսուսի, որովհետև ամառն է հաջորդում ձմռանը, ցերեկը՝ գիշերվան, և անքույթ խաղաղությունն է տիրում փոթորիկից հետո:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։