Գլուխ Թ. - Ինքնանվիրում Աստծուն, աղոթք բոլորի համար – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Թ. - Ինքնանվիրում Աստծուն, աղոթք բոլորի համար

1. Հավատացյալը. «Տեր, ամեն բան – լինի երկնքում, թե երկրի վրա – Քոնն է» (1Մն 29, 11): Կամենում եմ անձս նույնպես Քեզ նվիրել, որպես կամավոր զոհ, և ընդմիշտ ապրել Քո հետ: Տեր, սրտի պարզությամբ այսօր Քեզ եմ նվիրվում որպես ծառա մշտնջենավոր, ի պատիվ և ի հարգանս հավիտենական փառքիդ: Ընդունիր ինձ անարատ Մարմնիդ սրբազան Զոհի հետ, որ ահա մատուցում եմ աներևութապես շուրջբոլորս խմբված հրեշտակների ներկայության, որպեսզի լինի իմ և ամբողջ ժորովրդիդ փրկության համար:
 
2. Տեր, այստեղ՝ խաղաղարար խորանիդ վրա ներկայացնում եմ Քեզ իմ բոլոր մեղքերն ու անօրենությունները, որ գործեցի Քո և սուրբ հրեշտակներիդ առաջ այն օրից ի վեր, երբ առաջին անգամ լինելով մեղանչեցի մինչև այսօր, որպեսզի սիրույդ հրով այրես ու մոխրացնես դրանք, հոգիս սրբես մեղքերի բծերից և խիղճս մաքրես հանցանքներից. որպեսզի վերստին պարգևես ինձ շնորհդ, որը կորցրեցի մեղանչելով, որպեսզի լիակատար ներում տաս և հաշտության ողորմած գրկախառնմամբ ընդունես ինձ:
 
3. Ի՞նչ կարող եմ անել մեղքերս քավելու համար, եթե ոչ միայն՝ խոնարհությամբ խոստովանել, ցավել և Քեզնից թողություն հայցել: Աղաչում եմ, ընդունիր աղոթքս: Տհաճ են ինձ անխտիր բոլոր հանցանքներս և չեմ կամենում այլևս երբեք մեղանչել: Զղջում եմ, և կզղջամ քանի դեռ ողջ եմ: Պատրաստ եմ ապաշխարելու և ուժերիս ներածի չափ հատուցելու: «Ներիր ինձ, Աստված իմ, ներիր Անվանդ փառքի համար» (Սղմ 24, 11), սրբիր հոգիս, որ «թանկագին Արյամբդ փրկագնեցիր» (1Պտ 1, 18-19): Ահա հանձնում եմ ինձ ողորմությանդ և վստահում եմ ինձ բազուկներիդ: Բարությանդ համաձայն վարվիր իմ հետ, և ո՛չ թե ըստ իմ չարության ու մեղքերի: Քեզ եմ նվիրում նաև բարի հատկություններս, թեև սակավ են ու անկատար, որպեսզի մաքրագործես դրանք, հաճույքով ընդունես և միշտ ավելի կատարելագործես. որպեսզի առաջնորդես ինձ դեպի երանավետ վախճանը:
 
4. Քեզ եմ նվիրում բարի փափաքները առաքինասեր անձանց, և բոլոր կարոտությունները ազգականներիս, բարեկամներիս ու ընկերներիս, եղբայրներիս ու քույրերիս, բոլոր ինձ թանկագին հոգիների, և նրանց, ովքեր բարեգործում են ի սեր Քո: Ինչպես նաև հայցվածքները նրանց, ովքեր աղոթք և Պատարագներ խնդրեցին ինձնից իրենց և իրենց ողջ կամ ննջեցյալ սիրելիների համար: Թող բոլորն էլ ստանան շնորհիդ օգնությունը, մխիթարությանդ սփոփանքը: Տուր նրանց պաշտպանություն վտանգներում և վշտակրություններից ազատում, որպեսզի զերծ մնալով չարիքներից՝ երախտագիտության բերկրալի աղոթքներ առաքեն առ Քեզ:
 
5. Աղոթքներս դեպի Քեզ եմ բարձրացնում, Աստված իմ, հատկապես նրանց համար, ովքեր ինչ որ կերպ վշտացրեցին ինձ, տրտմեցրին կամ նախատեցին, վնաս հասցրեցին և չարչարեցին: Բայց նաև նրանց համար, որոնց ես ինքս տրտմեցրի, խռովեցի, վշտացրեցի և գայթակղություն պատճառեցի խոսքով ու գործով, գիտակցաբար կամ ակամա, որպեսզի հավասարապես բոլորիս էլ ներես մեր մեղքերն ու փոխադարձ թշնամությունները: Մեր սրտերից արմատախիլ արա, Տեր, կասկածն ու արհամարհանքը, զայրույթն ու վեճը, և իրողություններն այն բոլոր, որ որևիցէ կերպ կարող են վնասել առաքինությանը, նվազեցնելով եղբայրսիրությունը մեզնում: Ողորմիր, Տեր, բոլոր նրանց, ովքեր հայցում են Քեզնից ողորմություն. տուր շնորհդ՝ նրանից զուրկ եղողներին: Եվ այնպես արա, որ մեր կյանքն արժանի լինի շնորհիդ վայելքին, և դեպի հավիտենական կյանքն ուղղված ճանապարհ լինի. ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։