Գլուխ Թ. - Հնազանդություն և հպատակություն – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Թ. - Հնազանդություն և հպատակություն

1. Չկա ավելի բարձր մեծություն, քան մեծավորների իշխանության տակ ապրելը, նրանց հնազանդվելը և երբեք անկախ ու ինքնիշխան չլինելը: Ավելի ապահով է հնազանդվելը, քան հրամայելը: Ոմանք, սակայն, հնազանդվում են ոչ թե սիրով, այլ՝ ստիպված: Այդպիսիները չարչարվում են և դժգոհ են միշտ: Նրանք երբեք էլ չեն հասնի մտքի ու սրտի ազատությանը, եթե իրենց հնազանդությունը չհիմնվի Աստծո սիրո վրա: Գնա՛ ուր ուզում ես. սրտիդ անդորրը մեծավորների հրահանգներին խոնարհաբար հնազանդվելով է միայն, որ կարող ես գտնել: Շա՜տ ու շա՜տ անձեր բնակավայր փոխելով էին փորձում բարելավել իրենց վիճակը, բայց տեղափոխությունն իրենց համար պատրանք եղավ:
 
2. Յուրաքանչյուր անձ համոզված է ի՛ր տեսակետներին և ավելի համակրանք ունի ի՛ր համախոհների հանդեպ: Բայց եթե Քրիստոսը մեր մեջ է, ավելի լավ է երբեմն հրաժարվել մեր անձնական կարծիքներից՝ ի սեր խաղաղության: Կա՞ արդյոք այնքան իմաստուն մարդ, որ մտքի բավարար լույս ունենա և ամեն բան կատարելապես հասկանա: Շատ մի՛ կառչիր տեսակետներիդ և աշխատիր հաճույքով լսել նաև ուրիշների կարծիքները: Եթե գաղափարներդ ճշմարիտ են, բայց ի սեր Աստծո թողնում ես դրանք և հետևում ուրիշներին, շահում ես առավելագույն չափով: Հաճախ եմ լսել, որ ավելի ապահով է կողքից դիտելն ու խորհուրդ ընդունելը, քան խորհուրդ տալը: Որովհետև երբեմն բոլորի տեսակետներն էլ արդարացի են, բայց մերժելն ու չզիջելը, երբ պարագաներն ու իմաստությունը դա են թելադրում, նշան է հպարտության ու համառության:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։