Գլուխ Թ. - Հրաժարում մխիթարություններից – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Թ. - Հրաժարում մխիթարություններից

1. Դժվար չէ մերժել մարդկային մխիթարությունները, երբ վայելում ենք աստվածայինը: Բայց մեծ, շատ մեծ հերոսություն է հրաժարվելը և՛ մարդկային, և՛ աստվածային մխիթարություններից, Աստծո փառքի համար սիրով ընդունելով ու կրելով մեր սրտերի աքսորը, չփնտրելով մեր անձը և կարևորություն չտալով մեր արժանիքներին: Զարմանալի չէ, որ ուրախ ես ու եռանդուն, երբ շնորհը ներկա է հոգուդ խորքում. բոլորն են կամենում վայելել այդ վիճակը: Անարգելք ու զվարթ է ընթանում նա, ում առաջ է մղում Աստծո շնորհը: Այդպիսին երբեք չի զգա բեռի ծանրությունը, որովհետև Ամենակարողն է նրան վերցրել Իր բազուկների մեջ, անսխալ ուղիներում առաջնորդելով:
 
2. Բնությանը հատուկ իրողություն է մխիթարությունների փնտրտուքը, և այնքան էլ դյուրին չէ սեփական անձից հրաժարվելը: Իր Եպիսկոպոսին հավատարիմ մնալով հանդերձ, Լավրենտիոս վկան հաղթեց աշխարհին, որովհետև արհամարհեց զգայական ամեն բան: Ի սեր Հիսուսի, հեզությամբ կրեց դառն բաժանումը Քսեստոս Քահանայապետից, որին կապված էր որդիական գողտր սիրով: Արարչի սիրով հաղթեց արարածի սիրույն և Աստծո կամքը գերադասեց մարդկային մխիթարությանը: Դու նույնպես, ամենասիրելի ու ամենամտերիմ ընկերներիցդ անգամ հեռանալ սովորիր ի սեր Աստծո: Մի՛ անհանգստացիր, եթե ընկերդ քեզ հանկարծ լքի, այլ՝ մտածիր, որ մի օր ակամա բաժանվելու էիք միմյանցից:
 
3. Իր սրտում երկարատև ու բուռն պայքարներ մղելուց հետո է միայն, որ մարդ սովորում է հաղթել իր անձին և բոլոր զգացումներն առ Աստված բարձրացնել: Երբ մարդիկ իրենց ուժերի վրա են հենվում, շուտով են կարիքն ունենում դիմելու մարդկային մխիթարություններին: Իսկ ով բորբոքված է Հիսուսի սիրով և ունի Նրա առաքինություններին հետևելու եռանդը, անձնատուր չի լինում արտաքին մխիթարություններին, այլ՝ դժվար առաջադրանքներ ու ծանր աշխատանքներ է հանձն առնում ի սեր Հիսուսի: Երբ Աստված հոգևոր մխիթարություններ է առաքում քեզ, ընդունիր դրանք երախտագիտությամբ, միշտ սակայն գիտակից, որ արժանիքներիդ արդյունքը չեն, այլ՝ ձրի պարգևն են Աստծո: Դրանց համար մի՛ հպարտացիր, շատ մի՛ ուրախացիր և անձնահաճությանը մի՛ տրվիր երբեք: Այդ շնորհներն ընդունելիս է՛լ ավելի խոնարհվիր, բոլոր գործերում է՛լ ավելի արթուն եղիր և երկյուղած, որովհետև այդ պահն անցնելու է և շուտով վրա են հասնելու փորձությունները: Իսկ երբ զրկվում ես մխիթարություններից, մի՛ վհատվիր, այլ՝ համբերությամբ ու խոնարհությամբ սպասիր Տիրոջ նորանոր այցելություններին. Նա ամենակարող է և կարող է առավել մեծ մխիթարություններով սփոփել հոգիդ: Աստծո այս վարվելակերպը նոր չէ, և ո՛չ էլ անծանոթ՝ Իր ճանապարհներին տեղյակ ու փորձառու անձանց. այս նույն ուղիով են քայլել բոլոր Սրբերն ու մարգարեները:
 
4. Շնորհի ներկայությունը զգալով, Դավիթ Մարգարեն գոչում էր. «Առատությանս մեջ ասացի, թե՝ չեմ սասանվի երբեք», իսկ երբ շնորհը հեռացավ, հառաչեց. «Տեր, մի կողմ շրջվեցիր ինձնից և հոգիս իսկույն խռովվեց»: Այս վրդովմունքի մեջ, սակայն, նա չէր հուսալքվում, այլ՝ ավելի մեծ եռանդով աղոթում էր. «Տեր, հառաչանքներս մինչև գահդ պիտի բարձրացնեմ և Քեզ պաղատեմ»: Ապա ընդունում էր արդյունքն իր աղոթքների և վկայում, որ իր աղաչանքները լսվել էին. «Տերը լսեց իմ աղոթքների ձայնը, գթաց ինձ և օգնեց»: «Սուգս ցնծության վերածեցիր և ուրախության հանդերձներով պատեցիր ինձ» (Սղմ 29, 7-12): Քանի որ Աստված Սրբերի հետ այսպես է վարվում, ուրեմն մենք նույնպես, չնայած մեր տկարությանը, չպետք է վհատվենք, եթե երբեմն եռանդուն ենք, իսկ երբեմն էլ՝ ցամաք: Որովհետև Տիրոջ Հոգին գալիս է ու գնում Իր կամքի համաձայն: Ահա այս էր Հոբ Նահապետի հետևյալ խոսքերի իմաստը. «Արշալույսին այցելում ես մեզ, իսկ երեկոյան՝ փորձություններն ուղարկում» (Հոբ 7, 18):
 
5. Ո՞ւմ կարող եմ հուսալ, ո՞ւմ ապավինել, եթե ոչ՝ Աստծո անհուն գթությանն ու երկնային շնորհին: Որովհետև, այո՛, բարի մարդիկ, առաքինի միաբանակիցներ ու մտերիմ ընկերներ են ինձ շրջապատում. այո՛, հոգևոր գրքեր ու հոգեսփոփ գրություններ եմ ընթերցում. այո՛, ախորժալուր մեղեդիներ եմ ունկնդրում. բայց նաև տեսնում եմ, որ այս բոլորը գրեթե անօգուտ է, եթե շնորհը չունենամ և լքվեմ տկարությանս մեջ: Այսպիսի դեպքերում խոնարհ համբերությունից և Աստծո ամենասուրբ կամքին համակերպվելուց ավելի արդյունավետ դեղամիջոց չկա: Չեմ տեսել մեկն այնքան աստվածապաշտ ու կատարյալ, որ երբևէ ենթարկված չլինի շնորհազրկման դառնությանն ու եռանդի նվազմանը: Չկա մի Սուրբ, որ դեպի երկնասլաց բարձունքները սավառնած և մտքի բազում լուսավորումներով ճոխացած լինելով հանդերձ՝ կրած չլինի փորձություններ, վաղ թե ուշ: Որովհետև Աստծո տեսությանը բարձրանալու արժանի չէ նա, ով ի սեր նույն Աստծո չի կրել վիշտ ու նեղություն: Փորձությունները հաճախ գալիք քաղցր մխիթարություններն է, որ կանխանշում են: Երկնային մխիթարությունները փորձությունների դառնությունը զգացածների համար են. «Հաղթողն է ճաշակելու», ասում է Տերը, «կյանքի ծառի պտուղներից» (Հյտ 2, 7): Աստված մխիթարում է մեզ, որպեսզի նեղություններին դիմադրելու ուժեր ստանանք: Շուտով վրա են հասնում փորձությունները, որպեսզի չհպարտանանք: Որովհետև սատանան չի ննջում երբեք, և մարմնի ցանկությունները նույնպես մշտավառ են. մի՛ դադարիր պայքարի պատրաստվելուց, քանի դեռ զսպված չեն բոլոր թշնամիներդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։