Գլուխ Ժ. - Առանց լուրջ պատճառի զանց չառնել Հաղորդությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ժ. - Առանց լուրջ պատճառի զանց չառնել Հաղորդությունը

1. Հիսուսը. Հարկ է, որ հաճախ մերձենաս աստվածային շնորհի ու ողորմության, բարության ու սրբության աղբյուրին, եթե կամենում ես բուժվել կրքերիցդ ու մոլություններիցդ, եթե կամենում ես արժանանալ սատանայի խաբեությունների և փորձությունների դեմ միշտ ավելի զորեղ ու արթուն լինելու շնորհին: Թշնամին, որ շատ լավ գիտի Սուրբ Հաղորդության արդյունքներն ու ներգործիչ ազդու դարմանը, որքան կարող է՝ անում է ամեն բան և մի առիթ անգամ չի կորցնում հեռացնելու համար հավատացյալ աստվածասերներին այս Խորհրդից, կամ առնվազն՝ խոչընդոտներ հարուցելու համար:
 
2. Ոմանք սատանայի վատթարագույն փորձություններին ենթարկվում են հենց Սուրբ Հաղորդությանը պատրաստվելիս: Պիղծ ոգին, ինչպես գրված է Հոբի գրքում, շրջում է Աստծո որդիների մեջ, նրանց իր սովորական չարությամբ խռովելու, չափազանց երկյուղներ ներշնչելով տրտմեցնելու համար, որպեսզի կարողանա սառեցնել նրանց եռանդը, կտրել նրանցից հավատքը, կասկածներ արթնացնել նրանց մտքերում, հեռացնել նրանց Հաղորդությունից կամ առնվազն՝ խլել նրանց սիրո ջերմությունը: Բայց կարևորություն ընծայել պետք չէ այդ եղկելու խարդախություններին ու թելադրանքներին, և ո՛չ իսկ նվազագույն չափով, որքան էլ դրանք զզվելի լինեն ու գարշելի. ավելին, իր իսկ գլխին պետք է թափել իր կեղծիքով լի հնարամտությունները: Այդ ողորմելի թշվառականին պետք է արհամարհես ու ծաղրես, և որքան էլ ընդդիմանա ու պայքարի, չեմ թույլատրում քեզ զանց առնել Հաղորդությունը:
 
3. Զգայական բարեպաշտություն ձեռքբերելու չափազանց մտահոգությունն ու մանրամասն խոստովանանք կատարելու փափաքն են հաճախ, որ խոչընդոտ են հանդիսանում հաղորդվելուն: Փորձառու անձանց խորհուրդներին հետևելով՝ չափավորիր քեզ, և մի կողմ թող անձկությունն ու խղճահարությունը, որովհետև դրանք խանգարում են հոգու մեջ շնորհի ներգործությանը և իրական բարեպաշտությանը: Աննշան խռովքի կամ հոգևոր հոգնածության պատճառով մի՛ հեռացիր Հաղորդությունից: Գնա՛ խոստովանվիր շուտով, և սրտանց ներիր քեզ վշտացնողներին: Իսկ եթե դու ինքդ ես որևէ մեկին տրտմեցրել, խոնարհաբար ներում հայցիր նրանից, և Աստված հոժարությամբ կների քեզ:
 
4. Ի՞նչ օգուտ ունի խոստովանանքը հետաձգելը և Սուրբ Հաղորդությունը վաղվան թողնելը: Մաքրվիր որքան կարող ես շուտով, դուրս թքիր թույնը, իսկույն ընդունիր փրկարար դեղը. այսպես շատ ավելի լավ կզգաս քեզ, քան եթե ուշանայիր օրեցօր: Եթե այսօր հեռու ես մնում մի որևիցէ պատճառով, վաղը կարող է պատահել է՛լ ավելի լուրջ մի բան, և այսպիսով բավական ժամանակ կարող ես առանց Հաղորդության մնալ, միշտ ավելի անպատրաստ ու անտրամադիր դառնալով: Որքան կարող ես շուտով վրայիցդ մի կողմ նետիր ծանրությունն ու ծուլությունը, որովհետև լավ չէ խռովքի մեջ երկար ժամանակ մնալը, կյանքի ուղիում տրտում քայլելը և ամենօրյա դժվարությունների պատճառով հեռանալը աստվածային խորհուրդներից: Ավելին. չափազանց վնասակար է Սուրբ Հաղորդությունից երկար ժամանակ հեռու մնալը, որովհետև այս զրկման պատճառով սկսում է խոր թմրություն տիրել հոգու վրա: Ավա՜ղ, շատ ու շատ անեռանդ և ցրված հոգիներ գոհ են՝ խոստովանանքից փախչելու պատճառներ գտնելու և հետևանքում Հաղորդությունը զանց առնելու համար, որպեսզի պարտավորված չզգան է՛լ ավելի կատարելագործվելու սրբության արահետում:
 
5. Քանի՜ցս սակավ է սերը և տկար է եռանդը նրանց, ովքեր ապշեցուցիչ դյուրությամբ զանց են առնում Սուրբ Հաղորդությունը: Որքա՜ն հաճելի է Աստծուն նա, ով այնպես է ապրում և մաքուր պահում իր խիղճը, որ պատրաստ է լինում և փափաքում է հաղորդվել նույնիսկ ամեն օր, եթե դա թույլատրված է իրեն և եթե կարող է կատարել դա առանց մարդկանց աչքին երևալու: Եթե որևէ մեկը Հաղորդությունից երբեմն հեռու է մնում խոնարհության կամ ինչ որ մի արգելք ունենալու օրինավոր պատճառով, գովելի է իր երկյուղած մեծարանքը, որ սնում է Սուրբ Խորհրդի հանդեպ: Բայց եթե ներս է թափանցում ծուլությունը, պարտավոր է մերժել փորձությանը և անել այն ամենը, որ կարող է, և ես թիկունք կլինեմ իր փափաքներին՝ հաշվի առնելով բարի կամքը, որովհետև հատկապես սա է կարևոր իմ համար:
 
6. Ինչպես նաև պետք է հիշես, որ եթե հեռու է մնում օրինավոր պատճառից մղված, բայց միշտ պահպանելով բարի կամքը և հաղորդվելու առաքինի փափաքը, զուրկ չի մնում Խորհրդի պտուղներից: Յուրաքանչյուր բարեպաշտ հոգի ամեն օր և ամեն վայրկյան կարող է հոգեպես հաղորդվել իմ հետ, ընդունելով փրկություն իր անձին: Որոշակի օրերի և սահմանված ժամանակներում յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է իսկապես մերձենալ Հաղորդությանը և սիրալի մեծարանքով ընդունել իր Փրկչի Մարմինը, փնտրելով ավելի իմ փառքը, քան իր անձնական մխիթարությունը: Ճիշտ է նաև այն, որ երբ մեկը բարեպաշտությամբ խորհրդածում է Մարդեղությանս ու Չարչարանքներիս շուրջ և բոցավառվում է սիրույս հրով, այդպիսին խորհրդավոր կերպով հաղորդվում է ու սնվում:
 
7. Ով հաղորդվում է պարզապես որովհետև տոնական օր է կամ որովհետև սովորությունն ունի, շատ հաճախ անպատրաստ կգտնվի: Երանի՜ նրան, ով ամեն անգամ պատարագելիս կամ հաղորդվելիս որպես զոհ նվիրվում է ինձ: Պատարագելիս քահանան չպետք է չափազանց դանդաղ լինի, սակայն ո՛չ էլ սրընթաց, այլ՝ պարտավոր է պահպանել բարի ավանդույթներն այնտեղի, ուր ապրում է: Պարտավոր է խուսափել այլոց ձանձրույթ կամ տաղտուկ պատճառելուց, պարտավոր է ըստ ավանդական ուսուցման հետևել ընդհանուր ճանապարհին, և ավելի այլոց հոգևոր օգուտի համար պետք է մատուցի, քան իր անձնական զգացումների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։