Գլուխ ԺԱ. - Թե ինչպե՛ս պահպանել հոգու խաղաղությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԱ. - Թե ինչպե՛ս պահպանել հոգու խաղաղությունը

1. Կարող էինք հոգևոր մեծ խաղաղություն վայելել, եթե չցանկանայինք զբաղվել ուրիշների խոսքերով ու գործերով, ինչպես նաև այն բոլոր անցուդարձերով, որոնք մեզ չեն վերաբերվում: Ինչպե՞ս կարող է տևական խաղաղության մեջ մնալ այն անձը, որ շարունակ միջամտում է ուրիշների գործերին, արտաքին զբաղմունքներ է փնտրում և սակավաթիվ րոպեներ միայն մնում մտամփոփ: Երանի՜ պարզ հոգիներին, որովհետև նրանցն է հոգևոր անխռով խաղաղության վայելքը: Սրբերից ոմանք ինչպե՞ս հասան այդպիսի կատարելության ու հայեցողական կյանքի բարձրության: Անդադար աշխատելով սանձել իրենց սրտերի աշխարհամետ ցանկությունները, նրանք կարողացան սրտի ամբողջ եռանդով միանալ ու մտերմանալ Աստծո հետ և ազատորեն զբաղվել իրենց հոգևոր կյանքով: Մինչդեռ մենք կաշկանդված ենք ցանկություններով և մեր շուրջը կատարվող գործերը մեզ շատ են մտահոգում: Քիչ անգամներ ենք հաղթում մեր ցանկություններին, չունենք կատարելության մեջ օրըստօրե ավելի առաջադիմելու եռանդը, և ա՛յս է պատճառը, որ մնում ենք սառը ու գաղջ:
 
2. Եթե ամբողջովին մեռած լինեինք մեր  «ես»ի համար և ներքին կամ արտաքին մտահոգություններ չունենայինք, մենք նույնպես կկարողանայինք ճաշակել աստվածային խոսքերը և մեր աչքերն անդադար սևեռել երկնային երանավետ երջանկության վրա: Միակ ու մեծագույն արգելքն այն է, որ տակավին գերի ենք մեր կրքերին և ոչ մի ճիգ չենք գործադրում Սրբերի կատարելության արահետ մուտք գործելու համար: Փոքրիկ ընդդիմություններն անգամ վհատեցնում են մեզ և անմիջապես դիմում ենք մարդկային մխիթարություններին: Եթե քաջարի մարտիկների նման մնայինք պատերազմի դաշտում, կընդունեինք Տիրոջ երկնային օգնությունը: Որովհետև Աստված պատրաստ է օգնելու նրանց, ովքեր պայքարում են և իրենց հույսը դնում Իր շնորհի վրա: Ինքն է մեզ պայքարի առիթներ տալիս, որպեսզի հասնենք հաղթանակին: Եթե արտաքին հրահանգների մեջ միայն կայացնենք քրիստոնեական կյանքի կատարելությունը, մեր եռանդի բոցը շուտով պիտի հանգչի: Կացինը դնենք ծառի արմատին. հարվածենք կրքերին ու ազատվենք նրանցից, որպեսզի մեր հոգու տերը դառնանք խաղաղության մեջ:
 
3. Եթե տարվա ընթացքում գոնե մի թերություն արմատախիլ անենք, շուտով կհասնենք կատարելությանը: Բայց ավա՜ղ, հաճախ հակառակն է. ավելի բարեսիրտ էինք, մեր կյանքն ավելի մաքուր էր, երբ թողեցինք աշխարհն ու քաշվեցինք վանք, քան այսօր, վանական կյանքի երկար տարիներից հետո: Օրեցօր ավելի պիտի աճեինք եռանդի ու առաքինության ասպարեզում, մինչ այժմ բավարար ենք համարում այն փոքրագույն եռանդը, որ տակավին առկայծում է մեր սրտերում: Եթե սկզբից ևեթ բռնանայինք մեր վրա, հետագայում ամեն բան առանց որևէ դժվարության և ուրախությամբ կկատարեինք: Դժվար է, այո՛, հրաժարվելը անձի սովորույթներից, և ավելի դժվար է մեր կամքի կոտրումը: Բայց եթե չես կարողանում հաղթել քեզ չնչին առիթներում, ինչպե՞ս ես կարողանալու ավելի դժնդակ պայքարներ մղել: Սկզբից իսկ դիմադրիր հակումներիդ. առանց ուշացնելու մի կողմ նետիր վատ սովորությունները, որպեսզի կամաց կամաց քեզ ավելի մեծ դժվարությունների առաջ չկանգնեցնեն: Ա՜հ, եթե իմանայիր, թե ինչպիսի՜ խաղաղություն էիր վայելելու և թե ինչպիսի՜ ուրախություն էին զգալու ուրիշները, կշտապեիր ապրել մաքուր և օրինակելի կյանքով: Այնժամ գերբնական առաջադիմությանդ եռանդն անգամ ավելի պայծառ կլիներ ու ավելի ջինջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։