Գլուխ ԺԱ. - Հարկավոր է տիրապետել և ղեկավարել մեր փափագները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԱ. - Հարկավոր է տիրապետել և ղեկավարել մեր փափագները

1. Հիսուսը. Որդյակ, դեռ շատ բաներ ունես սովորելիք, որոնք մինչ այժմ լավ չես ըմբռնել:
 
2. Հավատացյալը. Որո՞նք են դրանք, Տեր:
 
3. Հիսուսը. Պետք է իմ կամքին կատարելապես կերպարանակից դարձնես բոլոր փափաքներդ: Ո՛չ թե անձդ սիրող պետք է լինես, այլ՝ հետևող իմ կամքին: Հաճախ փափաքներդ այրում են քեզ և դեպի առաջ մղում բռնությամբ: Բայց դու ուշադիր և զգույշ եղիր, որ ավելի անձնական շահիդ հետամուտ չլինես, քան իմ փառքին: Եթե ես ինքս եմ մի որևէ փափաք արթնացնում քեզնում, ի՛նչ կերպով էլ տնօրինեմ եղելությունը, դու միշտ գոհ կլինես: Բայց եթե եսիդ մոխիրների ներքո թաքնված է մի կայծ անգամ անձնական շահի, տրտմալի արգելքներ կգտնես ճանապարհիդ և վիշտ ու ընկճում:
 
4. Հետևաբար, զգույշ եղիր և շատ մի՛ կապվիր այն փափաքներիդ, որոնք հղացել ես ինքնուրույն, առանց ինձնից խորհուրդ հարցնելու, որպեսզի հետագայում չզղջաս, ձանձրանալով այն բաներից, որոնք սկզբում հաճելի էին քեզ և որոնք փափաքում էիր ունենալ, մեծարելով իբր լավագույններն ընդմեջ բոլոր իրողությունների: Իսկույն մի՛ հետևիր այն ազդակներին, որոնք թվում են բարի, ինչպես նաև անմիջապես մի՛ փախիր այն զգացումներից, որոնք թվում են չար: Բարեհիմն համակրանքի և սուրբ փափաքների դաշտում նույնպես հարկավոր է երբեմն չափավորում և արգելակների միջամտություն, որպեսզի եթե այդ զգացումները դեպքերի բերումով փոխվեն հակոտնյա կարծիքների, միտքդ չբռնադատվի ցրումներով, որպեսզի չափի զգացում չունենալուդ պատճառով գայթակղության առիթ չլինես այլոց համար, և որպեսզի այս վերջինների ընդդիմության դեպքում իսկույն չվրդովվես ու ընկնես:
 
5. Երբեմն պետք է բռնություն բանեցնես և կորովի դիմադրություն ցույց տաս զգայարանների հակումներին, ուշադրություն չդարձնես մարմնի քմահաճույքներին: Ամեն ջանք պետք է գործի դնես, որպեսզի մարմինը հպատակ մնա հոգուն, կարևոր չէ, թե դժգոհելով: Պետք է պատժես մարմինդ և ստրկության մեջ պահես, որպեսզի վարժվի ամեն ինչի, գոհանա քչով, արժևորի պարզությունը և չզայրանա ընդմեջ հակառակությունների:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։