Գլուխ ԺԲ. - Համբերության կարևորությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԲ. - Համբերության կարևորությունը

1. Հավատացյալը. Տեր իմ Աստված, ինչպես տեսնում եմ՝ համբերությունը անհրաժեշտություն է իմ համար, որովհետև այս կյանքում պատահում են շատ հակառակություններ: Ի՛նչ էլ անեմ, հետևաբար, որքա՛ն էլ հաճելի լինի իմ համար խաղաղ վիճակը, կյանքս չի կարող զերծ լինել պայքարներից ու վշտից:
 
2. Հիսուսը. Արդարացի ես, որդյակ: Բայց կամքս այն է, որ չփնտրես խաղաղություն առանց փորձությունների կամ ընդդիմության: Ավելին. կամենում եմ, որ խաղաղությունդ գտած զգաս քեզ, երբ փորձվում ես ընդմեջ զանազան վերիվայրումների ու անհանգստության: Եթե տրտնջում ես, թե չես կարողանում տանել այսքան, ինչպե՞ս ես համբերելու ուրեմն քավարանի կրակներին: Երկու անխուսափելի չարիքների մեջ, միշտ հարկավոր է ընտրել նվազագույնը: Արդ, որպեսզի զերծ մնաս ապագա հավիտենական տվայտանքներից, ջանա՛ ի սեր Աստծո հանդուրժողությամբ ու հոժարությամբ կրել ներկա փոթորիկները: Թերևս կարծում ես, որ աշխարհը վայելողները կրում են քիչ կամ ոչի՞նչ: Չես գտնի այդպիսի ոչ ոքի, և ո՛չ իսկ ամենաշատ փափկացածների թվում:
 
3. Հավատացյալը. Բայց նրանք ունեն հաճույքներ և գոհացնում են իրենց ցանկությունները, հետևաբար՝ շատ ավելի նվազ են զգում վշտերի ծանրությունը:
 
4. Հիսուսը. Ենթադրենք, թե այդպես է, այսինքն՝ որ ունեն այն, ինչ ցանկանում են: Բայց որքա՞ն ժամանակ է, ըստ քո կարծիքի, տևելու այդ ամենը: Ահա ծխի նման անհետ կորչելու են աշխարհը վայելողները և նրանց անցյալ հաճույքների հիշատակն անգամ չի մնալու: Իրենց կենդանության օրոք էլ չեն ճաշակում այդ հաճույքներն առանց դառնության, ձանձրույթի ու վախի: Եվ հազվադեպ չէ նաև այն, որ իրենց հաճույքի աղբյուրը հանդիսացող իրողությունն իսկ դառնում է պատուհաս ու վիշտ: Ուրեմն արդար է, որ նպատակաշեղ կերպով հետևելով հաճոյամոլությանը, ամոթով ու դառնությամբ միայն հագենան:
 
5. Քանիցս կարճատև, կեղծ ու խաբուսիկ, անօրեն ու ամոթալի են այդ հաճույքները: Եվ սակայն, իրենց կուրության ու անզգայության պատճառով՝ մարդիկ չեն տեսնում ու չեն հասկանում, այլ՝ անբանական կենդանիներին նմանվելով, այս անցողիկ կյանքում ապրվող մի կարճատև հաճույքի համար ընդառաջ են ելնում և ընդունում իրենց հոգիների մահը: Դու, մինչդեռ, որդյակ, «մի՛ հետևիր անխտիր բոլոր ցանկություններիդ, զսպիր ու արգելակիր ախորժակներդ» (Սիր 18, 30), «մխիթարությունդ Տիրոջ մեջ գտիր և Նա գոհացում կտա օրինավոր բոլոր փափաքներիդ» (Սղմ 36, 4):
 
6. Եթե կամենում ես վայելել իրական ուրախությունը, եթե կամենում ես առատ մխիթարություններ ստանալ ինձնից, իմացիր, որ աշխարհային բոլոր իրողությունների արհամարհման և ստորին հաճույքներից անջատման մեջ կգտնես օրհնություն և զեղուն սփոփանք: Եվ որքան ավելի հրաժարվես արարածների կողմից պարգևված զվարճություններից, այնքան ավելի քաղցրիկ և ուժգին մխիթարություններ կգտնես ինձնում: Բայց չես կարող սկզբից ևեթ խաղաղության մեջ ճաշակել երկնայինը, չես կարող ճանապարհ հարթել քո համար առանց որոշակի տրտմության և հոգնաջան պայքարների: Դիմադրության կհանդիպես հին սովորության կողմից, բայց վատ սովորությունները վերջիվերջո կհաղթվեն բարի սովորություններով: Մարմինը կըմբոստանա, բայց կսանձահարվի հոգու եռանդով: Հին օձը կգրգռի քեզ ու կդառնացնի, բայց փախուստի կմատնվի աղոթքի միջոցով, և սրտիդ կենտրոնական շքամուտքը նրա առաջ ամուր կփակես բարի ու աստվածահաճո զբաղումներով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։