Գլուխ ԺԲ. - Նեղությունների օգտակարությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԲ. - Նեղությունների օգտակարությունը

1. Վշտերն ու հակառակությունները օգտակար են մեզ, որովհետև մղում են դեպի սրտի առանձնությունը, և հիշեցնում, որ աքսորի մեջ ենք և մեր հույսը չպետք է դնենք արարածների վրա: Օգտակար է երբեմն վշտեր ու գաղափարական հակառակություններ կրելը: Օգտակար է, որ մարդիկ երբեմն վատ ու աննպաստ կարծիք ունենան մեր մասին, որքան էլ բարի լինեն մեր գործերը և ուղիղ՝ դիտավորությունը: Սա առիթ է խոնարհության և պաշտպանում է մեզ սնափառությունից: Այսպիսի իրավիճակներում ավելի ենք տրամադրվում փնտրելու Աստծուն, որին հայտնի են մեր սրտերի գաղտնիքները, և թույլատրում ենք, որ մարդիկ մեզ արհամարհեն կամ վատ կարծիք կազմեն մեր շուրջ:
 
2. Այս իսկ պատճառով, մարդ այնքան սերտորեն պետք է միանա Աստծուն, որ այլևս կարիք չունենա մարդկային մխիթարությունների: Երբ բարի կամք ունեցող անձը վրդովվում է, փորձվում, անսուրբ մտածումների մեջ տառապում, ավելի ու ավելի է համոզվում, թե որքա՜ն անհրաժեշտ է իրեն Աստված, թե քանի՜ցս անհնարին է որևէ բարեգործության կատարումն առանց Աստծո օգնության: Այնժամ տխրում է, աղոթում կրած տառապանքների համար: Այնժամ երկար կյանքն իրեն ձանձրույթ է պատճառում, կարոտով է նա սպասում մահվանը, որպեսզի ազատվի մարմնի կապանքներից ու Հիսուսին միանա (Փլպ 1, 23): Այնժամ է միայն հասկանում, որ կատարյալ ապահովությունն ու հոգու անսասան խաղաղությունը այս աշխարհից չեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։