Գլուխ ԺԲ. - Սուրբ Խաչի արքայական ուղին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԲ. - Սուրբ Խաչի արքայական ուղին

1. Շատերին խիստ է թվում այս խոսքը. ուրացի՛ր անձդ, ա՛ռ խաչդ և հետևիր Հիսուսին: Բայց շատ ավելի խիստ է լինելու դատաստանի օրը լսվելիք այս մյուսը. «Հեռացեք ինձնից, անիծյալներ, և հավիտենական կրակների մեջ գնացեք» (Մտթ 25, 41): Սակայն նրանք, ովքեր այժմ սիրով ընդունում են Խաչի հրավերը և փարվում են Խաչին, չեն վախենում հավիտենական դատավճռից: Խաչի նշանն է հայտնվելու երկնքում, երբ Հիսուսը գալու է դատելու: Այնժամ Խաչի ծառաները, որոնք խաչված Հիսուսի հետ խաչվեցին այս աշխարհում, անհուն վստահությամբ են մոտենալու Դատավորին:
 
2. Արդ, ինչո՞ւ ես վախենում Խաչին փարվելուց, երբ այն քեզ դեպի երկնային Արքայությունն է տանում: Խաչի մեջ է փրկությունը և պաշտպանությունը թշնամիներից, Խաչից է մեր հոգիների վրա հոսում երկնային բերկրանքը: Խաչի մեջ են մտքի ուժը, հոգու խնդությունը, առաքինության լրումն ու սրբության կատարելությունը: Առանց Խաչի՝ հոգու համար չկա ո՛չ փրկություն, ո՛չ էլ հույս փրկության: Ուրեմն, ա՛ռ խաչդ, հետևիր Հիսուսին և անվրեպ կհասնես հավիտենական կյանքին: Հիսուսը Խաչն ուսին քեզ օրինակ տվեց: Խաչի վրա մեռավ քո համար, որպեսզի դու նույնպես սիրով կրես խաչդ և զոհաբերվես նրա վրա: Եթե Հիսուսի հետ մեռնես, Հիսուսի հետ կապրես: Եթե մասնակցես Նրա չարչարանքներին, մասնակից կդարձնի քեզ Իր փառքին:
 
3. Ահա ամեն բան կախում ունի Խաչից և ամեն բան կայանում է լավ մեռնելու մեջ:
Խաչից և ամենօրյա հարատև զոհողությունից բացի, դեպի կյանք ու ներքին խաղաղություն տանող ա՛յլ ճանապարհ չկա: Գնա ո՛ւր ուզում ես, փնտրիր որքա՛ն որ ուզում ես. վերևում ավելի վսեմ, ներքևում ավելի ապահով ուղի չես գտնի, քան Խաչի ճանապարհը: Կարգադրիր ու տրամադրիր ամեն բան կամքիդ համաձայն, և դարձյալ, կամա թե ակամա, ունենալու ես վշտեր և Խաչը դիմավորելու է քեզ ամենուր: Որովհետև կամ ցավեր ես զգալու մարմնիդ մեջ, կամ անձկություններ՝ սրտումդ:
 
4. Երբեմն Աստված Ինքն է թողնելու քեզ, երբեմն էլ բարեկամներդ են քեզ փորձելու, և վշտերիդ դարման կամ գեթ թեթևացում չես կարող գտնել, այլ՝ պետք է համբերությամբ կրես դրանք, մինչև որ Աստված կամենա վերցնել: Աստծո կամքն է, որ տառապենք առանց մխիթարություններ ակնկալելու: Կամենում է, որ համակերպվենք առանց վերապահության, և առավել մեծ խոնարհության հասնենք՝ վշտակրության գնով: Ոչ ոք իր սրտում ավելի վառ կերպով չի զգում Հիսուսի չարչարանքները, քան նա, ով կրում է նմանօրինակ տառապանքներ: Խաչդ, ուրեմն, միշտ պատրաստ է և քեզ է սպասում ամենուրեք:
Ուր էլ գնաս, նրանից խուսափել չես կարող, որովհետև ամեն տեղ ինքդ քո համար արդեն իսկ ծանր խաչ ես:
Բարձրացիր դեպի վեր, մնա ներքևում, աչքերդ սևեռիր արտաքին կամ ներքին աշխարհների վրա. ամենուր Խաչ ես միայն տեսնելու: Հետևաբար, համբերիր Խաչին, եթե կամենում ես վայելել հոգուդ ուրախությունը և հասնել անթառամ պսակին:
 
5. Եթե Խաչն ուրախությամբ կրես, նա փափաքածդ վախճանին կառաջնորդի քեզ, ուր չկա վիշտ ու տառապանք: Իսկ եթե այն տրտունջով կրես, ծանրածանր բեռ կդառնա քո համար, որի տակ կողբաս դառնակսկիծ: Եթե ինչ որ մի խաչ մերժես, իսկույն վրա կհասնի երկրորդը, առաջինից ավելի ծանր: Կարծում ես, թե կարող ես ազատվե՞լ Խաչից, որից ոչ մի մահկանացու չկարողացավ ազատվել: Ո՞ր Սուրբը երկրի վրա առանց խաչի ու նեղության ապրեց: Նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր երկրային կյանքի ընթացքում մի ժամ անգամ չունեցավ առանց չարչարանքների ու վշտակրության: «Պետք է որ Փրկիչը չարչարվեր ու հարություն առներ մեռելներից և այդպես մտներ Իր փառքի մեջ» (Ղկս 24, 26): Ինչո՞ւ ես ուրեմն լքում Խաչի արքայական ուղին և փնտրում մեկ ուրիշը: Հիսուսի ամբողջ կյանքը խաչ ու մարտիրոսություն եղավ, իսկ դու հանգիստ և խաղաղություն ես փնտրում: Կսխալվես, որդյակ, չարաչա՛ր կսխալվես, եթե նեղություններից ու վշտերից բացի ա՛յլ բան սպասես այս կյանքից: Մեր այս մահկանացու պանդխտության ընթացքը լի է խեղճություններով, և շրջապատված՝ խաչերով: Մարդ որքան ավելի է առաջադիմում կատարելության մեջ, այնքան ավելի ծանր է գտնում իր խաչերը, որովհետև Աստծո սերը մեր սրտերում դառնացնում է աքսորի պատիժը:
 
6. Ով, սակայն, այսքան նեղություններ է կրում, զուրկ չի մնում նաև նրանց ընկերացող մխիթարություններից, որովհետև զգում է, որ խաչերը համբերությամբ կրելով բազմապատկում է իր արդյունքները: Երբ մեկը սիրով ու համբերությամբ է կրում Խաչը, սրտաճմլիկ վիշտը սփոփիչ ու քաղցր մխիթարության է փոխվում: Եվ որքան ավելի է վշտերով խոշտանգվում մարմինը, այնքան ավելի է հոգին զորանում ներքին շնորհներով: Հիսուսին նմանվելու նպատակով չարչարվելու բաղձանքը երբեմն այնքան հզոր է լինում, որ հոգին չի կամենում մնալ առանց վշտի ու նեղության: Որովհետև որքան ավելի ծանր վշտեր ու նեղություններ է կրում Աստծո սիրո համար, այնքան ավելի է սիրելի դառնում Աստծուն: Բայց սա ո՛չ թե մարդկային ուժերի, այլ՝ մեր անզոր մարմնում գործող Հիսուսի շնորհի արդյունքն է: Եվ ինչը որ մարմինը մերժում է ըստ բնության, ընդունում և սիրում է շնորհի ներգործությամբ:
 
7. Մարդկային բնությանը համաձայն չէ վշտակրությունը, նեղություններ սիրելը, մարմինը ձաղկելն ու ծառայության ենթարկելը, պատիվներից փախչելը, նախատիքներին սիրով համբերելը, սեփական անձն արհամարհելը և ուրիշներից նույնպես արհամարհվել կամենալը, ցավերին ու կորուստներին սիրով հանդուրժելը և աշխարհում հաջողություններ չփնտրելը: Եթե անձնական ուժերդ ի նկատի առնես, սրանք բոլորն էլ գերազանցում են քո կարողություններին: Իսկ եթե Տիրոջն ես ապավինել, Երկնքից զորություն կտրվի քեզ և խոսքիդ կհնազանդվեն աշխարհն ու մարմինդ: Եթե զինվել ես հավատքով, եթե հոգիդ պատսպարել ես Հիսուսի Խաչով, թշնամուցդ՝ սատանայից անգամ չես վախենա:
 
8. Որպես Հիսուսի բարի ու հավատարիմ ծառա՝ պատրաստ եղիր սիրով կրելու Տիրոջդ Խաչը: Նա քո սիրո համար հանձն առավ գամվել նրա վրա: Պատրաստվիր այս կյանքի ընթացքում հազարավոր վիշտ ու նեղություններ կրելու. սա՛ է կյանքի պայմանը, ո՛ւր էլ գնաս, ո՛ւմ էլ ապավինես: Պե՛տք է, որ այսպես լինի: Այս չարիքներին ու տառապանքներին ուրիշ դարման չկա, եթե ոչ՝ դրանք համբերությամբ կրելը: Ուրախությամբ խմիր Տիրոջ բաժակից, եթե կամենում ես Նրան բարեկամ լինել և մասնակցել Իր փառքին: Մխիթարությունները Աստծո կամքին հանձնիր. կպարգևի դրանք իրենց հարմար ժամանակին: Իսկ դու քեզ որպես բաժին ընտրիր չարչարանքը, և Նրանում գտիր անխառն մխիթարությունդ: Որովհետև երկրային վաղանցուկ տառապանքները, եթե նույնիսկ դրանք բոլորը միայն դու կրես, և ո՛չ իսկ նվազագույն համեմատությունն ունեն ապագա փառքի հետ, և ոչ էլ կարող են այն վաստակել (Հռմ 8, 18):
 
9. Երբ այնպիսի կատարելության կհասնես, որ ի սեր Հիսուսի նեղություններն անգամ քեզ քաղցր կթվան, համոզվիր, որ ամեն բան լավ է ընթանում և արդեն երկրում իսկ գտել ես Երկնքի Արքայությունը: Իսկ քանի դեռ տառապանքը ծանր է թվում քեզ և աշխատում ես խուսափել նրանից, դժբախտ կլինես և մերժածդ նեղությունն ամենուրեք կհալածի քեզ: Եթե համակերպվել ես ամեն ինչի, այսինքն՝ վշտի ու մահվան, ամեն բան լավ կընթանա քո համար և հոգիդ նույնպես կխաղաղվի: Նույնիսկ եթե Առաքյալի նման մինչև երրորդ Երկինք հափշտակվես, մի՛ մոռացիր, որ տակավին զերծ չես տառապանքներից. «Հայտնելու եմ նրան, թե որքա՜ն է չարչարվելու իմ անվան համար», ասում է Հիսուսը (Գործք 9, 16): Քեզ, հետևաբար, մնում է չարչարվել միայն, եթե Հիսուսի սերը քաղցր ես գտնում և Նրան ծառայել ես կամենում հավիտյան:
 
10. Երանի՜ թե արժանի լինեիր Հիսուսի սիրո համար չարչարվելուն: Ի՜նչ փառք պիտի ունենայիր, ի՜նչ հրճվանք պիտի պատճառեիր Սրբերին իրենց օրինակին հետևելով, ի՜նչ բարի օրինակ պիտի հանդիսանայիր մերձավորիդ համար: Մի հայացք նետիր շուրջբոլորդ. յուրաքանչյուր ոք համբերություն է քարոզում ու խրատում, բայց քչերն են կամենում վշտերի ենթարկվել: Ինչպիսի՜ ուրախությամբ պետք է նեղություններ կրես Հիսուսի սիրո համար, մինչ ուրիշներ բազում զրկանքներ են հանձն առնում աշխարհի համար: Իմացիր, որ անձիցդ շարունակ հրաժարվելով պիտի անցկացնես կյանքդ, և որքան ավելի մեռնես քո անձի համար, այնքան ավելի կապրես Աստծո համար: Ոչ ոք արժանի չէ երկնային բարիքների արժեքը հասկանալուն, եթե չի կամենում նեղություններ կրել ի սեր Հիսուսի: Աստծո համար ավելի հաճելի, հոգու համար ավելի օգտակար գործ չկա, քան վիշտն ու տառապանքը հանուն Հիսուսի սիրո: Եթե ընտրության հնարավորությունն ունենայիր, Հիսուսի համար տառապելը պետք է գերադասեիր բազում մխիթարությունների վայելքին, որովհետև խաչակրությամբ ավելի նման կլինեիր Փրկչին և ավելի կերպարանակից՝ Սրբերին: Մեր արժեքն ու առաքինություններում առաջընթացը չեն կայանում հոգևոր առատ մխիթարություններում, այլ՝ մեծագույն նեղություններին ու փորձանքներին համբերելու մեջ են գտնում իրենց արտահայտությունը:
 
11. Եթե մարդու փրկության համար տառապանքից ավելի լավ ու օգտակար ճանապարհ գոյություն ունենար, Հիսուսն անկասկած այդ ուղին կուսուցաներ մեզ Իր վարդապետությամբ և կյանքի օրինակով: Արդ, Հիսուսն Իր աշակերտներին ու հավատացյալներին հորդորում է Խաչը կրել. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մտթ 16, 24): Հետևաբար, ամեն բան կարդալուց և քննելուց հետո, սա է միակ եզրակացությունը. «Բազում նեղությունների ու վշտերի բովից է պետք անցնել՝ Աստծո Արքայություն մտնելու համար» (Գործք 14, 21):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։