Գլուխ ԺԳ. - Դիմադրել է պետք փորձություններին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԳ. - Դիմադրել է պետք փորձություններին

1. Քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, փորձություններն ու նեղությունները անպակաս են լինելու մեզնից: Այս մտքով է Հոբի գրքում գրված.  «Համակ փորձություն է մարդու կյանքն այս երկրի վրա» (7, 1): Ամեն ոք շարունակ արթուն պետք է լինի փորձությունների դեմ, պետք է հսկի ու աղոթի, որպեսզի զոհ չգնա սատանայի խաբեություններին, քանի որ նա միշտ արթուն է և առյուծի նման մռնչալով շրջում է ու որոնում, թե որ մեկին կուլ տա (1Պտ 5, 8): Ոչ ոք այնքան սուրբ չէ ու կատարյալ, որ երբեմն փորձություններ չունենա: Անհնարին է նրանցից լիովին և մեկընդմիշտ ազատվելը: Չնայած որ տաղտկալի են ու դժնդակ, երբեմն, սակայն, օգտակար են, որովհետև խոնարհեցնում են, մաքրում ու դաստիարակում: Բոլոր Սրբերն էլ անցան զանազան փորձությունների ու նեղությունների բովով, և այս ճանապարհով է, որ առաջադիմեցին: Իսկ նրանք, ովքեր չկարողացան դիմանալ այդ փորձություններին, մերժվեցին Աստծուց և շեղվեցին փրկության ճանապարհից: Չկա այնքան սուրբ վանական միաբանություն, ո՛չ էլ այնքան առանձնացած վայր, ուր չկարողանան հասնել փորձություններն ու նեղությունները:
 
2. Քանի դեռ մարդն ապրում է այս աշխարհում, բացարձակ կերպով ազատ չէ փորձություններից, որովհետև մեր ներսում են ցանկությունների սերմերը, նրանց մեջ ենք ծնվել, մեծացել (Սղմ 50, 7): Փորձությունը հաջորդում է փորձությանը, և մշտապես ունենալու ենք նեղություններ, որովհետև կորցրել ենք նախկին բարությունն ու երանությունը: Շատերն աշխատում են փախչել փորձություններից, բայց ավելի վատթարների մեջ են ընկնում: Փախուստը բավական չէ հաղթելու համար: Համբերությամբ ու ճշմարիտ խոնարհությամբ ավելի հզոր ենք դառնում, քան մեր բոլոր թշնամիները: Ով արտաքին առիթներից է միայն զգուշանում և չարի արմատները չի հանում իր սրտից, շատ չի առաջադիմում և չի էլ կարող, որովհետև փորձությունները վերադառնում են շուտով և ավելի մեծ մոլեգնությամբ: Համբերությամբ, կամաց կամաց և Տիրոջ օգնությամբ ավելի ապահով հաղթանակ կտոնենք, քան խստությամբ ու սրտի անձկությամբ: Փորձության պահին հաճախ խորհուրդ հարցրու: Եվ դու էլ փորձվողի հանդեպ խիստ մի՛ եղիր, այլ՝ մխիթարիր նրան, ինչպես որ կուզենայիր, որ քեզ մխիթարեին:
 
3. Բոլոր փորձությունների պատճառը փոփոխամտությունն է, ինչպես նաև Աստծո հանդեպ վստահության պակասը: Որովհետև ինչպես անղեկ նավակն է տատանվում ալիքների վրա, այնպես էլ՝ թուլակամ ու անհաստատամիտ մարդը. մոռանում է իր առջև դրած առաջադրանքները և տարուբերվում է զանազան փորձություններից: Երկաթը կրակով է փորձվում, արդարը՝ նեղություններով: Հաճախ չգիտենք անգամ, թե ինչ կարողություններ ունենք. փորձությունը հայտնում է մեր արժեքը: Բայց պետք է միշտ հսկել, հատկապես փորձությունների սկզբին, որովհետև թշնամուն ավելի հեշտ է հաղթել արգելելով նրա մուտքը մեր հոգուց ներս և վտարելով նրան, երբ առաջին անգամ ներկայանա: Հներից մեկն ասել է.  «Սկզբից ևեթ հակառակ կանգնիր չարին: Երկար հապաղումից հետո դեղամիջոցը ուշ է հասնում, իսկ չարը զորացած է լինում արդեն»: Նախ մի պարզ մտածում է ներկայանում մտքին, ապա՝ վառ երևակայություն ու պատկերացում, հետո՝ հաճույքն ու շարժումը, վերջում՝ հավանությունը: Այսպես է թշնամին քայլ առ քայլ տիրում հոգուն, եթե սկզբից ևեթ չի գտնում դիմադրություն: Որքան ավելի ուշանանք և թշնամուն ետ մղելուց ծուլանանք, այնքան ավելի մենք կտկարանանք, իսկ հակառակորդը՝ կզորանա:
 
4. Ոմանք փորձությունների ենթարկվեցին կյանքի սկզբում, ուրիշներ՝ ավելի ուշ: Եղան նաև այնպիսիներ, որ իրենց ամբողջ կյանքի ընթացքում տառապեցին փորձությունների բովում: Ոմանք, աստվածային արդարության ու իմաստության համաձայն, մեղմիկ փորձությունների ենթարկվեցին միայն, որովհետև Աստված ճանաչում է մարդու կարողությունները և ամեն բան տնօրինում ընտրյալների փրկության համար: Ուրեմն չպետք է վհատվենք փորձության ժամին, այլ՝ ավելի մեծ եռանդով մեր պաղատանքները բարձրացնենք առ Աստված, որպեսզի մեզ օգնի, քանի որ Պողոս Առաքյալի խոսքերի համաձայն, «Աստված փորձության հետ մեկտեղ հոգում է նաև ելքի մասին, որպեսզի կարողանանք հաղթել» (1Կր 10, 13): Հետևաբար, ամեն տեսակ նեղությունների ու փորձությունների ժամանակ խոնարհեցնենք մեր սրտերը Աստծո ամենազոր բազուկների առաջ, որովհետև փրկելու և բարձրացնելու է սրտով խոնարհներին միայն:
 
5. Փորձությունների ու նեղությունների մեջ է ի հայտ գալիս մարդու առաջադիմությունը: Այնժամ արժանիքն ավելի մեծ է, իսկ առաքինությունն՝ առավել ակներև: Շատ հեշտ է եռանդուն ու ջերմեռանդ լինելը, երբ բացակայում են վիշտն ու նեղությունները: Բայց նա, ով դիմադրում է ընդդիմությանը համբերությամբ, առաջադիմելու մեծ հույս է ներշնչում: Ոմանք հաղթում են մեծ փորձություններին և սայթաքում փոքրերի մեջ, որպեսզի իրենց տկարությունը ճղճիմ առիթներում տեսնելով, խոնարհվեն և մեծ փորձությունների ժամին դրական կարծիք չկազմեն իրենց անձի շուրջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։