Գլուխ ԺԳ. - Հիսուսին միանալու փափաք – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԳ. - Հիսուսին միանալու փափաք

1. Հավատացյալը. Աստված իմ, ո՜ւր է թե միայն Քեզ փնտրեի, Քո առաջ բացեի սիրտս և վայելեի Քեզ այնպես, ինչպես փափաքում է հոգիս: Ո՜ւր է թե ոչ ոք չզբաղվեր ինձնով, արարածների հայացքները չհուզեին ինձ, և միայն Դու խոսեիր իմ հետ, և ես՝ Քո հետ, ինչպես սիրեցյալն է զրուցում սիրելիի հետ, և ինչպես ընկերներն են միմյանց ընթրիքի հրավիրում: Սա եմ միայն հայցում, սա եմ միայն փափաքում. միանալ Քեզ, սիրտս անջատել ստեղծված բոլոր իրողություններից, սովորել համտեսել երկնային հավիտենական քաղցրությունները, Սուրբ Հաղորդության և Պատարագի հաճախ մատուցման շնորհիվ: Ա՜հ, Աստված իմ, արդյոք ե՞րբ եմ լիովին միանալու Քեզ, ընկղմվելու Քո մեջ և մոռանալու իմ անձը: Դու իմ մեջ և ես Քեզնում. այնպես արա, որ լինենք ու մնանք որպես մեկ միասնություն:
 
2. «Դու ես հազարների մեջ ընտրված իմ սիրելին» (Երգ 5, 10), Դու ես իմ խաղաղարարը, Քեզնում եմ գտնում կատարյալ անդորրն ու հանգիստը. Քեզնից դուրս ամեն բան հոգնություն է, վիշտ ու անսահման թշվառություն: «Դու իսկապես ծածկյալ Աստված ես» (Ես 45, 15), չես հաղորդակցվում ամբարիշտների հետ, այլ՝ խոնարհների և պարզ սիրտ ունեցողների հետ է Քո խոսակցությունը: Քանի՜ցս քաղցր է հոգիդ, Տեր, որ որդիներիդ հանդեպ սերդ արտահայտելու համար՝ Երկնքից իջած քաղցրագույն հացով կամեցար կերակրել մեզ: Հիրավի, չկա ուրիշ ոչ մի ժողովուրդ այնքան մեծանուն, որի կեղծ աստվածություններն այնպես մտերիմ լինեն իր հետ, ինչպես Դու, Աստված մեր միակ ճշմարիտ, մոտ ես Քո հավատացյալներին, որոնց կերակրում ես Քո իսկ էությամբ, որպեսզի ամենօրյա հոգևոր սնունդ ունենան և դեպի Երկինք վերամբարձեն իրենց սրտերը:
 
3. Ո՞ր ժողովուրդն է ավելի ազնվատոհմ, քան քրիստոնյաների ազգը: Կամ ո՞ր արարածն է երկնքի տակ Աստծուց ավելի սիրված, քան բարեպաշտ հոգին, որին Աստված Ինքն է սնուցում Իր փառահեղ Մարմնով: Ո՜վ անճառելի շնորհ: Ո՜վ հիացմունք պատճառող բարեհաճություն: Ո՜վ անհուն սեր, պարգևված՝ միայն մարդուն: Այսօրինակ շնորհի, այսքան վեհաշուք սիրո փոխարեն արդյոք ինչպե՞ս կարող եմ հատուցել, եթե ոչ միայն՝ Տիրոջը ներկայացնելով սիրտս և այն հավիտյան Իրեն միացնելով: Այնժամ միայն կցնծա ամբողջ էությունս, երբ հոգիս կատարյալ կերպով միացած կլինի Աստծուն: Այդժամ Նա կասի. «Եթե դու կամենում ես ապրել իմ հետ, ես կամենում եմ ապրել քո հետ»: Եվ ես կպատասխանեմ. «Տեր իմ, իմ հետ եղիր հավիտյան, որովհետև ես Քեզ եմ միայն կամենում միանալ»: Սա է իմ միակ փափաքը. որ սիրտս միացած լինի Քեզ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։