Գլուխ ԺԳ. - Հնազանդության արժեքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԳ. - Հնազանդության արժեքը

1. Հիսուսը. Որդյակ, ով ցանկանում է հեռանալ հնազանդությունից, կամովին հեռանում է շնորհից, և ով ձգտում է ունենալ սեփական ունեցվածք, կորցնում է ընդհանուրը: Ով անկեղծությամբ ու պարզությամբ չի հնազանդվում իր մեծավորին, հայտնում է, թե իր մարմինը դեռ ամբողջովին ենթակա չէ հոգուն, այլ՝ հաճախ է դիմադրում և տրտնջում: Սովորիր, ուրեմն, պատրաստակամությամբ հնազանդվել մեծավորիդ, եթե կամենում ես տիրապետել մարմնիդ: Դյուրին է հաղթել արտաքին թշնամուն, երբ ներսում բացակայում են փոթորիկները: Անձիդ ամենավատթար ու վտանգավոր թշնամին դու ինքդ ես, երբ չես ապրում հոգևոր սկզբունքների համաձայն: Անհրաժեշտություն է, որ իրական արհամարհանք ունենաս ինքդ քո հանդեպ, եթե կամենում ես ստրկացնել մարմինդ ու արյունդ: Չափազանց վառ ինքնասիրությանդ պատճառով է, որ դժվարանում ես հնազանդվել մեծավորիդ:
 
2. Մի՞թե մեծ բան է, եթե ի սեր Աստծո հնազանդվում ես մի մարդու, դու՝ հողդ ու ոչնչությունդ, մինչ ես՝ Ամենակարողս ու Բարձրյալս, որ ոչնչից ստեղծեցի ամեն բան, խոնարհաբար ենթարկվեցի մարդկանց՝ ի սեր քո: Եղա ամենահեզն ու ամենավերջինը, խոնարհությամբս հպարտությանդ հաղթելու համար: Ո՜վ հողափոշի, սովորի՛ր հնազանդվել: Ո՜վ կավ ու մոխիր, սովորի՛ր խոնարհվել ու ոտնակոխ լինել բոլորի կողմից: Սովորի՛ր կոտրել անձնական կամքդ և անձնատուր եղիր հնազանդությանը:
 
3. Զայրույթդ թող գրգռվի քո իսկ անձի դեմ և մի՛ թույլատրիր, որ բնակվի քեզնում մեծամտությունը. եղիր այնքան հնազանդ ու փոքր, որ բոլորը կարողանան քայլել վրայովդ և կոխկռտել հրապարակների փոշու նման: Ի՞նչ ունես բողոքելու, ոչնչից ստեղծված մարդ: Գարշելի մեղավոր, ի՞նչ կարող ես պատասխանել քեզ ամբաստանողներին, դո՛ւ, որ այնքա՜ն անգամներ գործեցիր ընդդեմ Աստծո և արժանացար դժոխքին: Եվ սակայն, խնայեցի քեզ և ողորմեցի, որովհետև հոգիդ արժեքավոր է իմ համար. կամեցա, որ ըմբռնես սերս և մշտապես երախտագետ լինես շնորհածս բարիքների համար, հոժարությամբ փարվելով իրական հնազանդությանն ու խոնարհությանը, համբերությամբ կրելով արհամարհվածի պարագադ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։