Գլուխ ԺԴ. - Աստծո գաղտնախորհուրդ դատաստանները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԴ. - Աստծո գաղտնախորհուրդ դատաստանները

1. Հավատացյալը. Տեր, ահա ահեղագոչ բարբառով հռչակում ես իմ դեմ դատավճիռներդ, ահով ու դողով սարսռում են ոսկորներս և հոգիս նույնպես պատվում է սարսափով: Ապշած եմ մնում, երբ խորհում եմ, որ երկնաքաղաքացիներին անգամ չես համարում մաքուր: Եթե մեղք գտար հրեշտակների մեջ և նրանց դժոխքի դատապարտեցիր՝ մերժելով ներել, ի՞նչ է լինելու ուրեմն իմ հետ: Աստղերը երկնքից ընկան, ուրեմն ես՝ կավս ինչի՞ եմ հավակնում: Դեպի անդունդների խորքերը գահավիժեցին նաև նրանք, որոնց գործերը թվում էին գովելի. և նրանք, ովքեր ուտում էին հրեշտակների հացը, նրանց տեսա խոզերին նետվող կաղինով գոհանալիս:
 
2. Չկա ուրեմն սրբություն, երբ պակասում է քո օգնությունը, Տեր: Ոչնչի չի ծառայում իմաստությունը, երբ Դու դադարում ես առաջնորդել: Ոչինչ չարժե կամքի զորությունը, երբ Դու մերժում ես պահպանել այն հարատև: Խարխուլ են հիմքերը կուսության, եթե Դու չես պաշտպանում այն: Անօգուտ է զգուշությունը մեղքից, եթե բացակայում է հսկողությունը Քո կողմից: Որովհետև Քեզնից լքված, կլանվում ենք ու մեռնում: Մինչդեռ երբ այցելում ես մեզ, վերստին ոտքի ենք կանգնում և ապրում: Մենք իրոք հեղհեղուկ ենք ու դյուրափոփոխ, բայց Քեզնից ստանում ենք հաստատություն: Մենք գաղջ ենք, բայց Դու հրաշունչ ես դարձնում մեր եռանդը:
 
3. Ա՜հ, քանի՜ցս խոնարհ ու նվաստ կարծիք պետք է կազմեմ անձիս շուրջ, ինչպիսի՜ անարժեքություն պետք է սեպեմ այն սակավ բարին, որ կարծում եմ, թե ունեմ: Ինչպիսի՜ կքմամբ պետք է խոնարհվեմ անըմբռնելի դատաստաններիդ առաջ, Տեր, մինչ տեսնում եմ ինձ ո՛չ այլ ինչ, եթե ոչ միայն՝ ոչինչ ոչնչության մեջ: Ո՜վ վիթխարի մեծություն, ո՜վ ընդարձակություն անանցանելի, ուր անհետանում եմ ինչպես ոչնչությունը ամբողջության մեջ: Ո՞ւր է ուրեմն ապաստանելու փառասիրությունը, ո՞ւր՝ վստահությունը, որ սնում էի առաքինություններիս հանդեպ: Ամեն տեսակ սին պարծանք ընկղմվեց դեպի խոր հատակը Քո ընդդեմ իմ տրված դատավճիռների:
 
4. Ի՞նչ է արդյոք մարդը Քո գնահատմամբ: Մի՞թե կավեղեն անոթը կարող է պարծենալ բրուտի առաջ: Չի կարող ունայն խոսքերի պատճառով հպարտանալ նա, ում սիրտն իրոք ենթակա է Աստծուն: Աշխարհն ամբողջ բավական չէ դեպի հպարտություն մղելու նրան, ով հպատակ է ճշմարտությանը: Եվ անհնարին է մարդկային գովասանքներով հուզել սիրտը նրա, ով իր հույսն Աստծո վրա է միայն դրել: Եվ նրանք նույնպես, ովքեր խոսում են և գովաբանում մեզ, ոչնչություն են բոլորն էլ և կանէանան իրենց խոսքերի արձագանքի նման, «մինչդեռ Տիրոջ ճշմարտությունը տևում է հավիտյան» (Սղմ 116, 2):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։