Գլուխ ԺԴ. - Զգուշանալ է պետք հանդուգն դատողություններից – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԴ. - Զգուշանալ է պետք հանդուգն դատողություններից

1. Աչքերդ քո վրա դարձրու և խուսափիր ուրիշների գործերը քննադատելուց: Մարդ իզուր ժամանակ է վատնում ուրիշներին դատելով: Հաճախ է սխալվում, երբեմն էլ՝ մեղանչում: Մինչդեռ ինքն իրեն քննելով ու դատելով՝ օգտակար գործ է կատարում: Իրողություններն արժևորում ենք մեր իսկ սրտերի միտումների համաձայն, քանի որ անձնասիրությունը հեշտորեն է ձախողում արդար դատողությունը մեր մեջ: Եթե մեր նպատակը միմիայն Աստված լիներ, իսկույն չէինք վրդովվի, երբ մարդիկ հակառակվեին մեր կարծիքներին: Բայց կարծես մեր մեջ, կամ մեզնից դուրս, կա թաքնված մի ուժ, որ քաշում է մեզ և տանում իր ետևից: Շատերն առանց իսկ անդրադառնալու՝ իրենց անձն են փնտրում իրենց գործերում: Եվ երբ ամեն բան իրենց կամքի համաձայն է ընթանում, կարծում են, թե հոգևոր խաղաղություն են գտել: Բայց հազիվ են վերսկսվում ընդդիմությունները, իսկույն վրդովվում են ու տրտմում: Կարծիքների տարբերությունը բաժանման պատճառ է դառնում բարեկամների, քաղաքացիների, նույնիսկ վանականների ու բարեպաշտ անձանց համար: Դժվարությամբ ենք հրաժարվում մեր վաղեմի սովորություններից, և ոչ ոք կամովին չի փոխում իր համոզումը: Եթե ավելի քո մտքին ու տրամաբանությանն ապավինես, քան Հիսուսի մեզ տված հնազանդության օրինակին, շատ ուշ և շատ քիչ կլուսավորվես հոգևոր կյանքում, որովհետև Աստված կամենում է, որ Իրեն ենթարկվենք ամբողջովին և բոցավառ սիրով բարձրանանք ամեն տրամաբանությունից գերիվեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։