Գլուխ ԺԵ. - Ընտրողություն ընդմեջ փափաքների – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԵ. - Ընտրողություն ընդմեջ փափաքների

1. Հիսուսը. Որդյակ, ահա սրանք թող լինեն քո խոսքերը յուրաքանչյուր դեպքի առիթով. «Տեր, եթե հաճելի է Քեզ, թող այսպես լինի: Տեր, եթե սա կծառայի փառքիդ, թող կատարվի հանուն Քո: Տեր, եթե տեսնում ես, որ սա իմ բարիքի համար է և գտնում ես օգտակար, տուր, որ գործադրեմ սա պատվիդ համար: Բայց եթե համարում ես վնասակար կամ անօգուտ հոգուս փրկությանը, արմատախիլ արա ինձնից այս փափաքը»: Ո՛չ բոլոր փափաքներն են – նույնիսկ երբ թվում են ուղղամիտ ու բարի – բխում Սուրբ Հոգուց: Դժվար է ճշգրտելը, թե բարի կամ չար ոգուց մղված ես փափաքում այս իրը և ոչ մյուսը, կամ թե քո իսկ անձնական շահն ես հետապնդում: Շատերն են, որոնց վերջիվերջո տեսնում ենք խաբված, թեև սկզբում առաջնորդված էին թվում բարի դիտավորությամբ:
 
2. Այո՛, կարող ես Աստծո հանդեպ երկյուղով և սրտի խոնարհությամբ միշտ փափաքել և խնդրել որևէ շնորհ, բայց ամբողջական անջատմամբ, ամեն բան ինձ վստահելով և ասելով. «Տեր, Դու գիտես, թե ո՛րն է լավագույնը: Թող սա լինի կամ հակառակը, ինչպես հաճելի է Քեզ: Տուր ինձ այն, ի՛նչ կամենում ես, ե՛րբ կամենում ես և որքա՛ն կամենում ես: Դարձրու ինձ այնպիսին, ինչպիսին առավել հաճելի է Քեզ, Քո մեծագույն փառքի համար: Առաքիր ինձ այնտեղ, ուր կամենում ես և հանձնարարիր կատարել այն բոլոր գործերը, որոնք համաձայն են կամքիդ: Ես Քո ձեռքերի մեջ եմ. ուղղիր և վերուղղիր ինձ դեպի ա՛յս կամ ա՛յն կողմ, կամքիդ համաձայն: Ահա ես Քո ծառան եմ, պատրաստ ամեն ինչի, որովհետև չեմ կամենում ապրել իմ, այլ՝ Քո համար: Եվ երանի՜ թե կարողանայի ապրել Քո համար արժանավայել և կատարյալ կերպով»:
 
3. Հավատացյալը. Պարգևիր ինձ, ո՜վ բարեգութ Հիսուս, Քո շնորհը, «որպեսզի ընկերակցի ինձ և ղեկավարի գործելիս» (Իմ 9, 10) և ինձնում բնակվի հավիտյան: Այնպես արա, որ միշտ կամենամ և փափաքեմ այն, ինչն առավել հաճելի է Քեզ և ինչն առավել արժեքավոր է ըստ Քո գնահատման: Թող Քո կամքը իմը լինի, իսկ իմ կամքը թող միշտ հետևի Քո կամքին և կատարյալ կերպով ներդաշնակվի նրա հետ: Թող Քո հետ մեկ կամեցողություն և մեկ մերժում ունենամ. թող կամենամ այն, ինչ կամենում ես Դու, և մերժեմ այն, ինչ մերժում ես Դու: Տուր, որ մեռնեմ աշխարհային բոլոր իրողությունների համար, տուր, որ սիրեմ այս աշխարհում արհամարհված և անտեսված լինելը ի սեր Քո: Շնորհիր, բոլոր փափաքներից գերիվեր, հանգստանալ Քեզնում և Քեզնում խաղաղեցնել սիրտս: Դու ես սրտի իրական անդորրը, Դու ես միակ հանգիստը: Քեզնից դուրս, ամեն բան ծանրություն է ու խռովք: «Եվ ընդմեջ այս խաղաղության», այսինքն՝ Քեզնում, որ միակ և գերագույն և հավիտենական Բարիքն ես, «քուն կմտնեմ և կհանգստանամ» (Սղմ 4, 9):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։