Գլուխ ԺԵ. - Խոնարհություն և անջատում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԵ. - Խոնարհություն և անջատում

1. Հիսուսը. Հարկ է, որդյակ, որ անդադար փափաքես ունենալ ջերմեռանդության շնորհը, հայցես մեծ կարոտով, սպասես համբերությամբ ու վստահությամբ, ընդունես երախտագիտությամբ, պահպանես խոնարհությամբ, գործակցես նրան նախանձախնդրությամբ, ինձ թողնելով երկնային այցելության ժամն ու կերպը: Բայց հատկապես խոնարհվիր, երբ սակավ կամ ոչինչ եռանդ զգաս քեզնում, առանց սակայն վհատվելու, ո՛չ էլ չափազանց տրտմելով: Հաճախ եմ մի ակնթարթում շնորհում այն, ինչ մերժում էի երկար ժամանակ. աղոթքի ավարտին տալիս եմ այն, ինչ ուշացնում էի սկզբում:
 
2. Եթե ամեն անգամ շնորհը իսկույն տրվեր և կամքիդ տրամադրության տակ լիներ, մարդկային տկարությունը ի զորու չէր լինի այն կրելու: Ջերմեռանդության շնորհին հարկ է սպասել բարի հույսով և խոնարհ համբերությամբ: Իսկ եթե չի տրվում քեզ կամ ետ է վերցվում անհայտ պատճառով, հանցանքը քեզ վերագրիր և քո մեղքերին: Երբեմն մի չնչին իրողություն է, որ արգելում է շնորհի հոսքը սրտիցդ ներս, եթե անշուշտ կարելի է չնչին անվանել և ո՛չ թե մեծ չարիք այն, որ խոչընդոտում է այսքան անհուն բարիքին: Եթե այդ արգելքը, ինչպիսին էլ լինի, հեռացնես և կատարելապես հաղթես, կստանաս այն, ինչ փափաքում էիր:
 
3. Հազիվ նվիրվես ինձ ամբողջ սրտով, չնախընտրես այս առարկան ավելի, քան մյուսը, ըստ քո կամքի ու քմահաճույքի, այլ՝ լիովին հանձնվես ինձ, իսկույն կզգաս քեզ ամփոփ ու խաղաղ: Ոչինչ քեզ ավելի լավ ու հաճելի չի թվա, քան աստվածային կամքիս վճիռները: Ով, հետևաբար, սրտի պարզությամբ դեպի ինձ է բարձրացնում իր դիտավորությունը և ազատվում է ապօրինի ցանկություններից ու արարածների կապվածությունից, այդպիսին տրամադիր է շնորհին և արժանի է ընդունելու ջերմեռանդության պարգևը: Օրհնություններս հեղում եմ այնտեղ, ուր գտնում եմ դատարկ անոթներ: Եվ որքան ավելի է մեկն անջատվում ստորին իրողություններից և արհամարհում իր անձը, այնքան ավելի շուտով է գալիս շնորհը, առատությամբ ներթափանցում և դեպի վեր բարձրացնում ազատ սիրտը:
 
4. «Այնժամ նա հիացումով կտեսնի, ինչ չէր տեսել երբեք, կցնծա, կսքանչանա, և կընդարձակվի նրա սիրտը» (Ես 60, 5), որովհետև «Տիրոջ զորությունն իր հետ կլինի» (Գործք 11, 21), և ինքն Աստծո ձեռքերին է հանձնվել ընդմիշտ: «Ահա այսպես կօրհնվի այն մարդը, որ փնտրում է Աստծուն» ամբողջ սրտով (Սղմ 127, 4), եթե հոգու հայացքը չուղղի դեպի ունայնությունները: Հոգևոր այսպիսի տրամադրություններով հաղորդվողը արժանի է Աստծո հետ միության վեհագույն շնորհին, որովհետև ուշադրություն չի դարձնում իր անձնական եռանդին ու մխիթարությանը, այլ՝ որևէ եռանդից ու մխիթարությունից վեր, փնտրում է Աստծո փառքն ու սերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։