Գլուխ ԺԵ. - Հանուն սիրո կատարված գործերը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԵ. - Հանուն սիրո կատարված գործերը

1. Ո՛չ մի մարդկային սեր, ոչի՛նչ աշխարհի վրա չպետք է մեզ չարագործության մղի: Երբեմն որևիցէ մի կարիքավորի օգնելու համար կարող ենք ուշացնել մեր ջերմեռանդական որոշ հրահանգների կատարումը, կամ՝ փոխարինել դրանք լավագույնով: Որովհետև այդպիսով մեր հոգևոր հրահանգները չեն խափանվում, այլ՝ փոխարինվում են առավել կատարյալով: Ի՞նչ օգուտ ունի արտաքին գործն առանց սիրո (1Կր 13, 1-3): Իսկ սիրով կատարված գործերը, որքան էլ փոքր լինեն ու անարգ, արդյունավետ են: Որովհետև Աստված գործից ավելի մարդու դիտավորությանն է ուշադրություն դարձնում:
 
2. Ով շատ է սիրում, շատ է գործում: Լավագույն գործունեությունն է ծավալում նա, ով ավելի հասարակության օգտին է ծառայում, քան իր անձնական կամքի կատարմանը: Հաճախ սեր է կարծվում այն, ինչը որ մարմնապաշտությունն է, որովհետև մեր բնական միտումներն ու եսասիրական փափաքները, վարձատրության ակնկալություններն ու անձնական շահերը ազդում են մեր գործերի վրա:
 
3. Ով իր սրտում ունի ճշմարիտ ու կատարյալ սերը, ինքն իրեն չի փնտրում ոչ մի բանի մեջ. նրա միակ երազանքը Աստծո փառքն է ամենուր: Նա չի նախանձում ոչ ոքի, որովհետև չի կամենում վայելել ոչ մի յուրահատուկ հարգանք կամ պատիվ: Ուրախությունը չի փնտրում իր անձի մեջ, այլ՝ նյութական բոլոր բարիքներն արհամարհելով, միմիայն Աստծո մեջ է գտնում իր երջանկությունը: Ոչ մի բարիք չի վերագրում արարածներին, այլ՝ Աստծուն միայն, որովհետև Նրանից՝ իրենց ակունքից են բխում բոլոր բարիքները: Այսպես են նաև Սրբերը, որոնք իբրև մարդկության վերջին նպատակակետ՝ իրենց զմայլանքն ու երջանկությունը տեսնում են Աստծո մեջ: Որքա՜ն ունայն կթվային մեզ արարածները, եթե մեր սրտերում ճշմարիտ սիրո գեթ մի կայծ միայն ունենայինք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։