Գլուխ ԺԶ. - Իրական մխիթարությունն Աստծո մեջ է – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԶ. - Իրական մխիթարությունն Աստծո մեջ է

1. Հավատացյալը. Ինչ որ կարող եմ փափաքել մխիթարությանս համար, այդ բոլորը չեմ սպասում այս աշխարհում, այլ՝ գալիք կյանքում: Նույնիսկ եթե աշխարհի բոլոր հաճույքներն ունենայի կամ կարողանայի վայելել դրանց բոլոր հեշտությունները, անկասկածելի է փաստը, որ դրանք չէին կարողանա երկար տևել:
Հետևաբար, հոգի իմ, չես կարող լիովին սփոփված, ո՛չ էլ կատարելապես երջանիկ լինել, եթե ոչ միայն՝ Աստծուն միացած, որ մխիթարիչն է աղքատների և զորավիգը խոնարհների: Համբերիր մի քիչ, հոգի իմ, սպասիր աստվածային խոստմանը և Երկնքում կունենաս լիությունը բոլոր բարիքների: Եթե անհագ ծարավով վայելքներ փնտրես, կկորցնես հավիտենական բարիքները: Ունեցիր ժամանակավոր բարիքները գործածության համար, բայց կամքիդ մեջ վառ պահիր փափաքը հավիտենական կյանքի:
Ծարավդ չես կարող հագեցնել վաղանցուկ վայելքներով, որովհետև դրանց համար չէ, որ ստեղծվել ես:
 
2. Եվ եթե նույնիսկ ունենայիր ստեղծված բոլոր բարիքները, տակավին չէիր կարողանա երջանիկ լինել ու երանելի: Միմիայն Աստծո մեջ, որ Արարիչն է ստեղծված բոլոր իրողությունների, կարող ես գտնել բացարձակ երանությունդ ու երջանկությունդ: Երջանկություն ո՛չ այնպիսի, ինչպիսին երևակայում կամ գովերգում են հիմար աշխարհասերները, այլ՝ ինչպիսին ակնկալում են Հիսուսի հավատարիմ ծառաները, ինչպիսին երբեմն նախաճաշակում են բարեպաշտ հոգիներն ու սրտով անբիծները, որոնց հայրենիքը Երկնքում է: Ունայն ու կարճատև են մարդկային մխիթարությունները: Իրական ու հարատև մխիթարությունն այն է, որն ընդունում ենք ներքսապես՝ Ճշմարտությունից: Իրական աստվածասեր անձը ամենուր իր ներսում կրում է իր Մխիթարչին՝ Հիսուսին, և ասում է Նրան. «Տեր Հիսուս, իմ հետ եղիր ամենուր և ամեն վայրկյան»: Թող սա լինի իմ մխիթարությունը. սրտաբուխ անկեղծությամբ զրկվել կամենալը մարդկային բոլոր գգվանքներից: Իսկ երբ կբացակայի նաև Քո մխիթարությունը, կամքիդ կատարումն ու արդար փորձությանը համբերելը թող լինեն իմ գերագույն ուրախությունը: «Որովհետև հավիտյան չեն տևում, Տեր, բարկությունդ ու սպառնալիքներդ՝ Անունիցդ երկնչողների հանդեպ» (Սղմ 102, 9):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։