Գլուխ ԺԶ. - Մեր կարոտությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԶ. - Մեր կարոտությունները

1. Հավատացյալը. Ո՜վ քաղցրագույն և սիրելի Տեր, որիդ կամենում եմ այժմ միանալ, Դու ճանաչում ես իմ տկարությունը. գիտես, թե ինչպիսի՛ կարոտությունների մեջ եմ չարչարվում. գիտես, թե քանի՛ կրքերի ու մոլությունների մեջ եմ խրվել. թե ինչպիսի՛ հանցանքներով եմ ճնշված, փորձված ու ապականված: Քեզ եմ դիմում դարմանի համար, հայցում եմ Քեզնից սփոփանք ու մխիթարություն: Դու ամեն բան գիտես, հստակ տեսնում ես ամբողջ ներաշխարհս: Միայն Դու կարող ես իսկապես մխիթարել ինձ: Դու չես անգիտանում, թե ի՛նչ կարիքներ ունեմ, և թե որքա՛ն զուրկ եմ առաքինություններից:
 
2. Ահա առջևդ կանգնած եմ խեղճ ու աղքատ, շնորհ խնդրելով և հայցելով ողորմություն: Հագեցրու քաղցյալ մուրացկանիս, սիրույդ կրակներով ջերմացրու սառնությունս, ներկայությանդ շողարձակ լույսով լուսավորիր կուրությունս: Իմ համար դառնության վերածիր աշխարհային բոլոր իրողությունները, ծանր ընդդիմությունները՝ համբերության, ստորին վայելքները՝ արհամարհման ու մոռացության: Դեպի Երկինք, դեպի Քեզ ձգիր սիրտս, և մի՛ թույլատրիր, որ թափառի երկրի վրա: Այսուհետև իմ համար Դու միայն եղիր քաղցր, ընդմիշտ, որովհետև Դու ես իմ միակ հոգևոր սնունդը, իմ սերն ու ուրախությունը, քաղցրությունն ու բարիքը, իմ ամեն ինչը:
 
3. Երանի՜ թե լիովին հրդեհեիր ինձ ներկայությամբդ, սպառեիր և վերափոխեիր Քեզ, այնպես, որ միայն մեկ հոգի լինեինք, գերբնական միության և վառ սիրո շնորհիվ: Մի՛ թող, որ սովից լլկված հեռանամ Քեզնից: Գործիր ինձնում ըստ Քո մեծ ողորմության, ինչպես հաճախ վարվեցիր Սրբերիդ հետ: Զարմանալի չէ, եթե բռնկվեմ Քեզնով ու բոցավառվեմ, որովհետև Դու Ինքդ ես այն հուրը, որ մշտավառ է ու անսպառ. այն սերը, որ մաքրում է սրտերը և լուսավորում մտքերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։