Գլուխ ԺԷ. - Աստծուն պետք է վստահենք մեր բոլոր հոգսերը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԷ. - Աստծուն պետք է վստահենք մեր բոլոր հոգսերը

1. Հիսուսը. Որդյակ, թո՛ղ, որ ամեն ինչում կատարվի իմ կամքը. ես շատ լավ գիտեմ, թե ո՛րն է քո բարիքը: Դու խորհում ես ըստ մարդկային մտածելակերպի, մարդկային զգացումներիդ համոզումներից մեկնելով ես դատաստան կայացնում բազում իրողությունների դիմաց:
 
2. Հավատացյալը. Տեր, հանդիմանությունդ արդարացի է: Իմ հանդեպ ունեցած Քո հոգատարությունը շատ ավելի մեծ է, քան այն բոլոր խնամքները, որ ես ինքս կարող եմ ունենալ իմ հանդեպ: Ով Քեզ չի հանձնում իր անձի շուրջ ունեցած բոլոր մտահոգությունները, ընթանում է ուղղակի դեպի կործանում: Տեր, արա ի՛նչ կամենում ես, ի՛նչ հաճելի է Քեզ. բավական է, որ կամքս անշեղ ու անսասան կերպով Քեզ միացած մնա: Քո կամքդ միմիայն բարիք է ծնում: Եթե կամենում ես խավարի մեջ թողնել ինձ, օրհնյալ ես. եթե կամենաս լույսերով ողողել, գովյալ ես: Եթե կամենաս մխիթարել ինձ, բարեբանյալ ես. և եթե կամենաս տեսնել ինձ ընդմեջ փորձությունների, հավասարապես միշտ փառաբանված ես:
 
3. Հիսուսը. Որդյակ, եթե կամենում ես, որ ընկերակցեմ քեզ կյանքիդ ընթացքում, պարտավոր ես միշտ ունենալ այս նույն տրամադրությունները: Հարկ է, որ պատրաստ լինես ինչպես վշտակրությանը, այնպես էլ խաղաղության վայելքին: Հավասար հանդարտությամբ պետք է ընդունես աղքատությունն ու չքավորությունը, ինչպես հարստությունն ու առատությունը:
 
4. Հավատացյալը. Տեր, ի սեր Քո կամենում եմ հոժարությամբ կրել այն բոլոր վշտերը, որոնք կթույլատրես, որ պատահեն ինձ: Կամենում եմ ուրախությամբ ընդունել Քո ձեռքերից բարին և ոչ այնքան բարենպաստը, քաղցրն ու դառնը, հոգեսփոփն ու ցավալին. և ի՛նչ էլ պատահի, կամենում եմ երախտագիտությունս հայտնել Քեզ: Պահիր անձս մեղքերից և չեմ վախենա ո՛չ մահից, ո՛չ էլ դժոխքից: Նեղությունները չեն կարող վնասել ինձ. կարևորն այն է, որ Դու չմերժես ինձ հավետ և կյանքի գրքից չջնջես անունս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։