Գլուխ ԺԷ. - Իղձ և սեր – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԷ. - Իղձ և սեր

1. Հավատացյալը. Ջերմ եռանդով և սրտի սիրավառ տրոփմամբ փափաքում եմ, Տեր իմ, միանալ Քեզ, ինչպես կամենում էին հաղորդվել Սրբերն ու առաքինի անձերը, որոնք մեծապես հաճո եղան Քեզ իրենց կյանքի սրբությամբ ու բարեպաշտությամբ: Ո՜վ Աստված իմ, Սեր հավիտենական, իմ միակ բարիք, անսպառ երանություն, կամենում եմ ընդունել Քեզ այնպիսի փափաքով ու մեծարանքով, ինչպիսին Սրբերից ոչ մեկը չունեցավ և չկարողացավ զգալ:
 
2. Եվ թեպետ անարժան եմ աստվածսիրության այսօրինակ զգացումներ ունենալուն, այնուամենայնիվ ընծայում եմ Քեզ սրտիս բովանդակ սերը, այնպես, որ կարծես թե միայն ես եմ այրվում Քեզ հաճո փափաքներով: Այն ամենը, որ բարեպաշտ հոգին կարող է ըմբռնել ու փափաքել, ներկայացնում և նվիրում եմ Քեզ երկյուղած եռանդուն երկրպագությամբ: Ոչինչ չեմ ցանկանում վերապահել ինձ, այլ՝ սրտաբուխ մղմամբ կամենում եմ զոհաբերել ինձ և ինձ պատկանող ամեն բան: Տեր իմ և Աստված իմ, Արարիչ և Փրկիչ, կամենում եմ այսօր ընդունել Քեզ այն նույն սիրով ու մեծարանքով, փառատրությամբ ու օրհներգներով, այն նույն երախտագիտությամբ, հավատքով, հույսով ու սրբությամբ, որով փափաքեց և ընդունեց Քեզ սրբազնասուրբ Մայրդ, փառահեղ Կույս Մարիամը, երբ Մարդեղությանդ հրեշտակաքարոզ ավետիսին խոնարհաբար պատասխանեց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող լինի ինձ խոսքիդ համաձայն» (Ղկս 1, 38):
 
3. Եվ ինչպես Հովհաննես Մկրտիչը, մարգարեների մեջ մեծագույնը, երբ տակավին մոր որովայնում էր, Սուրբ Հոգու ցնծությամբ խայտաց ներկայությանդ. և ապա, տարիներ անց, ամբոխի մեջ տեսնելով Քեզ, մեծ խոնարհությամբ ասաց. «Փեսայի բարեկամն ուրախանում է նրա ձայնը լսելիս» (Հվհ 3, 29). այսպես և ես փափաքում եմ բռնկվել սուրբ իղձերով և սիրավառ սրտով ներկայանալ Քեզ: Եվ այս իսկ պատճառով, իմ և իմ աղոթքներին ապավինողների համար՝ Քեզ եմ ներկայացնում և ընծայում բոլոր հոգեսփոփ մղումները, զգացումները, հոգևոր հափշտակումները, գերբնական լույսերն ու երկնային տեսիլքները բոլոր սուրբ հոգիների. ինչպես նաև՝ առաքինություններն ու աղոթքները բոլոր արարածների, որ կատարվել կամ կատարվելու են Երկնքում ու երկրի վրա, որպեսզի բոլորի կողմից արժանապես գովվես և առհավետ փառաբանվես:
 
4. Ընդունիր, Տեր Աստված իմ, անսահման գովքի ու անծայրածիր օրհնության մաղթանքներս ու փափաքս, որոնց արդարացիորեն արժանի ես աննկարագրելի մեծությանդ ու վեհությանդ համար: Ահա այս փափաքս եմ ընծայում Քեզ, և կամենում եմ այն ընծայել Քեզ ամեն օր ու ամեն վայրկյան: Եվ իմ հետ Քեզ երախտիք ու փառք մատուցելու եմ կանչում նաև բոլոր երկնաբնակներին ու հավատացյալներիդ:
 
5. «Թող օրհնեն Քեզ բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները» (Դան 7, 14), և թող լիակատար հոգեզվարթությամբ ու ջերմ բարեպաշտությամբ մեծարեն սուրբ և քաղցրագույն Անունդ, Հիսուս: Եվ ովքեր երկյուղով ու երկրպագությամբ են մատուցում ահեղ Խորհուրդդ, ինչպես նաև նրանք, ովքեր լի հավատքով են ընդունում այն, թող արժանի լինեն Քո առաջ շնորհ և ողորմություն գտնելու: Իսկ երբ Քեզնից կստանան այնքա՜ն փափաքելի ջերմեռանդության և Քո հետ գերբնական հոգեղեն միության շնորհը, երկնային սրբազան խնջույքից մխիթարություններով հագեցած հեռանալիս՝ թող հիշեն նաև ինձ, և թող աղոթեն նաև իմ համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։