Գլուխ ԺԷ. - Վանական կյանքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԷ. - Վանական կյանքը

1. Եթե ուզում ես խաղաղ ու համերաշխ ապրել ուրիշների հետ, սովորիր կամքդ կոտրել շատ բաներում: Քիչ բան չէ վանքում կամ միաբանության մեջ ապրելն առանց գանգատի առիթներ տալու, հավատարմորեն հարատևելով մինչ ի մահ: Երանի՜ այնտեղ օրինակելի վարքով ապրողներին և իրենց ընթացքը երջանիկ մահով լրացնողներին: Եթե կամենում ես անսասան մնալ և հարատևել առաքինություններում, քեզ իբրև ճամբորդ կամ աքսորյալ նկատիր այս երկրի վրա:
Եթե որպես վանական ուզում ես անթերի կյանք վարել, մի՛ վարանիր աշխարհի առաջ հիմար երևալ ի սեր Հիսուսի:
 
2. Սքեմն ու մազերի կտրումը քիչ օգուտ ունեն. մարդ ճշմարիտ վանական է դառնում իր վարքն ուղղելով և կրքերը սանձելով: Ով Աստծուց և իր հոգու փրկությունից բացի ա՛յլ բան է փնտրում, նեղություններ ու վշտեր է միայն գտնում: Նմանապես, ով ինքն իրե՛ն որպես ամենահետինը չի ճանաչում և չի հպատակվում բոլորին, չի կարող սրտի խաղաղությունը պահել տևական կերպով: Ծառայելու ես եկել, ո՛չ հրամայելու: Աշխատանքի ու վշտակրության ես կանչվել, ո՛չ թե շատախոսության ու պարապության: Այստեղ մարդիկ փորձվում են ինչպես ոսկին կրակի մեջ: Ոչ ոք չի կարող այստեղ ապրել, եթե, ի սեր Աստծո, խոնարհվել չգիտի ամբողջ սրտով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։