Գլուխ ԺԸ. - Համբերությամբ պետք է կրել այս կյանքի խեղճությունները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԸ. - Համբերությամբ պետք է կրել այս կյանքի խեղճությունները

1. Հիսուսը. Որդյակ, ես Երկնքից իջա և քո խեղճություններն իմ վրա առա ո՛չ թե ստիպված, այլ՝ մղված սիրո ազդակներից, որպեսզի համբերության օրինակ ստանաս և առանց տհաճության կրես ժամանակավոր նեղությունները: Ծննդյանս պահից մինչև մահս խաչի վրա՝ չունեցա և ո՛չ իսկ մի պահ առանց վշտակրության: Ապրեցի կենսական բարիքներից զրկված, լսեցի բազում տրտունջներ իմ դեմ, հեզությամբ համբերեցի նվաստացումներին ու նախատինքներին, բարեգործություններս ապերախտությամբ վարձատրվեցին, հրաշքներս՝ ուրացումով, ուսուցումներս՝ քննադատությամբ:
 
2. Հավատացյալը. Տեր, քանի որ Դու համբերատար եղար կյանքիդ ընթացքում, կատարելով Հայր Աստծո կամքը, արդար է, որ ես նույնպես, թշվառ մեղավորս, համբերությամբ կրեմ խեղճություններս և կերպարանակից լինեմ կամքիդ, և որքան ժամանակ կամենում ես Դու, փրկությանս համար կրեմ այս ապականված կյանքի բեռը: Թեև ներկա կյանքը թվում է ջախջախիչ, նրա միջոցով, սակայն, կարող եմ բազում արժանիքներ շահել շնորհիդ օգնությամբ, և Քո օրինակին հետևելով և Քո Սրբերի հետքերով քայլելով, մեզ՝ տկարներիս այն թվում է բավական տանելի ու անդորր: Ավելին. այն դարձել է ավելի մխիթարական, քան Հին Օրենքի ժամանակ, երբ Երկնքի դռները փակ էին և ճանապարհը նույնպես թվում էր ստվերապատ և շատ քչերն էին փնտրում Երկնքի Արքայությունը: Ավելին. այնժամ և ո՛չ իսկ արդարներն ու նախասահմանվածները կարող էին մուտք գործել Երկնքի Արքայություն, քանի դեռ չէիր չարչարվել և զոհաբերվել Քո քավիչ սուրբ մահվամբ:
 
3. Քանի՜ցս երախտապարտ եմ Քեզ, որ ինձ և բոլոր ծառաներիդ համար մատնանշեցիր դեպի հավիտենական Արքայությունդ տանող կարճ և ուղղաշավիղ ճանապարհը: Քո կյանքը մեր ճանապարհն է, և դեպի Քեզ՝ դեպի մեր վարձատրությունը քայլում ենք շնորհիվ սրբազան համբերության: Եթե Դու չկանխեիր մեզ և չուսուցանեիր, ո՞վ կքայլեր այս ճանապարհով: Քանի՜ քանիներ կմնային հեռվում, եթե իրենց աչքերի առաջ չունենային լուսաշող օրինակներդ: Ահա տակավին հեղգ ենք, ուսուցումներիդ և հրաշքներիդ ծանոթանալուց հետո. ի՞նչ կլինեինք արդյոք, եթե այսքա՜ն մեծ լույս չունենայինք Քեզ հետևելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։