Գլուխ ԺԸ. - Հպատակեցնել միտքը հավատքին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԸ. - Հպատակեցնել միտքը հավատքին

1. Հիսուսը. Հարկ է, որդյակ, որ զգուշանաս այս խորին Խորհուրդն ունայն հետաքրքրությամբ քննելուց, եթե չես կամենում թաղվել կասկածների մեջ: Եթե ցանկանաս մտքով զննել ամենակարողությանս ծածուկ խորհուրդը, կջախջախվես փառքիս ծանրության ներքո: Առավել զորեղ եմ գործելու մեջ, քան մարդը՝ ըմբռնելու մեջ: Թույլատրում եմ ճշմարտության առաքինի խոնարհ փնտրտուքը, բայց միայն մի պայմանով. եթե տվյալ հոգին շարունակ տրամադիր է հավատքի կողմից ուսուցանվածն ընդունելու, և եթե առաջադիմում է Հայրերի սուրբ վարդապետության ուղիով:
 
2. Երանելի՜ պարզություն, որ լքում է դժվարիմաց խնդիրների անմատչելի ճանապարհները և հետևում է Աստծո պատվիրանների հարթ ու ապահով արահետներին: Շատերը կորցրեցին աստվածսիրությունը, «որովհետև ցանկացան զննել իրենց ուժերից գերազանց որոշ իրողություններ» (Սիր 3, 22): Քեզնից պահանջվում է հավատք և անմեղ կյանք, և ո՛չ թե մտքի կորով, ո՛չ էլ խոր ըմբռնում աստվածային խորհուրդների: Եթե չես կարողանում լիովին հասկանալ և ըմբռնել այն իրողությունները, որոնք ստորադաս են քեզ, ինչպե՞ս ուրեմն կկարողանաս ընկալել այնպիսիք, որոնք վերադաս են: Ենթարկվիր աստվածային ուսուցումներիս, հպատակեցրու զգայարաններդ հավատքին, և քեզ կտրվի իմաստության ու գիտության լույսը, այնքան, որքան կարող է օգտակար լինել քեզ ու անհրաժեշտ:
 
3. Ոմանք չարաչար կերպով փորձվում են հավատքի և սուրբ Խորհրդի դեմ, բայց այսօրինակ ալեկոծումներն իրենց չէ, որ պետք է վերագրել, այլ՝ մարդատյաց թշնամուն: Ուշադրություն մի՛ դարձրու, մի՛ վիճիր մտածումների հետ, մի՛ պատասխանիր կասկածներին, որ սատանան հրահրում է քեզնում, այլ ընդհակառակն՝ անսասանորեն հավատա՛ խոսքերիս, հավատա՛ Սրբերին ու մարգարեներին, և եղեռնական թշնամին կփախչի քեզնից: Հաճախ օգտակար է, որ Աստծո ծառան կրի նման փորձեր: Սատանան չի փորձում անհավատներին ու մեղավորներին, որովհետև արդեն իսկ իր ստրուկներն են, այլ՝ հազար ու մի կերպով փորձում ու չարչարում է աստվածասեր հավատացյալներին:
 
4. Պարզ, բայց հաստատահիմն հավատքով շարունակիր առաջ ընթանալ և աղաչական մեծարանքով մոտեցիր Հաղորդությանը: Իսկ այն ամենը, որ չես կարողանում ըմբռնել, խաղաղ հոգիով վստահիր ամենակարողությանս: Աստված չի խաբվում. խաբվում և սխալվում է նա, ով չափազանցյալ վստահությամբ ապավինում է իր կարողություններին: Աստված ճանապարհորդակից է լինում պարզ հոգիներին, հայտնվում է խոնարհներին, իմաստուն դարձնում՝ փոքրերին, ընդարձակում է միտքը սրբակյացների, մինչ թաքցնում է շնորհը հետաքրքրասերներից ու հպարտներից: Մարդկային իմացականությունը սահմանափակ է և կարող է սխալվել: Հավատքը, մինչդեռ, երբեք չի սխալվում:
 
5. Մարդկային մտքի պրպտումները պետք է հետևեն հավատքին, ո՛չ թե կանխեն նրան կամ լռեցնեն, որովհետև հավատքն ու սերը ցայտուն կերպով արտահայտվում և խորհրդավոր կերպով ներգործում են հատկապես այս սրբազնագույն և մյուս բոլորից առավել վեհագույն Խորհրդում: Հավիտենական, անսահմանափակ և ամենակարողն Աստված «մեծ ու անքննելի գործեր է գործում» երկնքում և երկրի վրա (Հոբ 5, 9), և չկա մեկը, որ ի զորու լինի հետազոտելու Իր հրաշքները: Եվ եթե աստվածային գործերը դյուրըմբռնելի լինեին մարդկային մտքի համար, էլ ինչպե՞ս կսահմանվեին դրանք իբրև հրաշալի ու անպատում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։