Գլուխ ԺԹ. - Վանականների բարեպաշտական հրահանգները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԹ. - Վանականների բարեպաշտական հրահանգները

1. Ճշմարիտ վանականը պարտավոր է վարել ամեն տեսակ առաքինություններով լի կյանք, որպեսզի ներքուստ լինի այն, ինչ արտաքուստ է երևում մարդկանց: Եվ հատկապես ներքուստ պարտավոր է ավելի կատարյալ լինել, քան արտաքուստ, որովհետև Աստված տեսնում է մեզ, և ուր էլ գտնվենք, պարտավոր ենք պաշտել Նրան ամեն ինչից վեր և Իր առաջ մաքուր լինել ինչպես հրեշտակները: Ամեն օր պետք է նորոգենք մեր առաջադրանքները, բորբոքենք մեր եռանդն այնպես, որ կարծես թե այսօր է սկսվել մեր դարձը, և ասենք.
Աստված իմ, օգնիր ինձ գործադրել բարի առաջադրանքներս և սրբությամբ ծառայել Քեզ: Տուր ինձ բոլոր գործերս լավ կատարելու շնորհը, որովհետև մինչ այժմ արածս ոչինչ էր:
 
2. Մեր առաջադիմության չափանիշը մեր հաստատո՛ւն առաջադրանքներն են: Ով կամենում է առաջադիմել, պետք է ճիգ գործադրի: Եթե իր առջև հաստատուն առաջադրանքներ դնողը հաճախ է սայթաքում, ի՞նչ պետք է լինի այն մարդու վիճակը, որը քիչ կամ թեթև առաջադրանքներ է ընդունում: Բազում ձևերով ենք, սակայն, լքում մեր առաջադրանքները, և մեր պարտականությունների հանդեպ փոքրիկ զանցառումն անգամ առանց վատթար հետևանքների չի մնում: Արդարների ընդունած առաջադրանքները ավելի Աստծո շնորհի վրա են հիմնված, քան իրենց իմաստության. և ա՛յս է պատճառը, որ իրենց բոլոր գործերում միայն Աստծո վրա են դնում իրենց հույսը: «Որովհետև մարդիկ ծրագրում են իրենց ճանապարհները, բայց Աստված է կարգադրում, և մարդն իր ճանապարհների տերը չէ» (Առկ 16, 9):
 
3. Եթե երբեմն մի բարի գործի, կամ մեր ընկերոջ օգուտի համար զանց առնենք մեր ջերմեռանդական սովորույթ-հրահանգներից մեկը, շատ հեշտ կլինի հետո այդ պակասի լրացումը: Բայց եթե զանց առնենք ծուլության կամ անհոգության պատճառով, հանցավոր ենք, և դրա տխուր հետևանքները ապագայում կկրենք անպայման: Նույնիսկ եթե կատարենք մեր հնարավորությունների սահմաններում ամփոփված ամեն բան, շատ գործերում երբեմն հեշտորեն թերանալու ենք: Միշտ, սակայն, պետք է որևիցէ մի առաջադրանք ընդունենք, հատկապես այն թերությունների դեմ, որոնք մեր առաջադիմության գլխավոր արգելքն են հանդիսանում: Պետք է հավասարապես լավ քննենք ու կարգի դնենք մեր ներքինն ու արտաքինը, որովհետև երկուսն էլ անհրաժեշտ են հոգևոր առաջադիմության համար:
 
4. Եթե չես կարող միշտ ամփոփ մնալ, գոնե երբեմն ամփոփվիր, օրը մի անգամ, առավոտյան կամ երեկոյան: Առավոտյան ընդունիր առաջադրանքդ, երեկոյան քննիր ընթացքդ. տե՛ս, թե ի՞նչ արեցիր խոսքով, գործով և մտածումներով. թերևս հաճախ վշտացրեցիր Աստծուն և ընկերոջդ: Քաջարի մարտիկի նման զինվիր ընդդեմ սատանայի հարձակումների: Զսպիր անժուժկալությունդ և հեշտորեն կզսպվեն մարմնիդ մյուս բոլոր ցանկությունները: Անգործ մի՛ մնա երբեք. կարդա՛, գրի՛ր, աղոթի՛ր, մտածի՛ր, զբաղվի՛ր հասարակությանը օգտակար որևիցէ մի գործով: Բայց նյութական աշխատանքներիդ ընտրության հարցում չափավոր եղիր, որովհետև դրանք հավասարապես պատշաճ չեն բոլորին:
 
5. Ինչը որ դուրս է հասարակությանը վերաբերվող հրահանգներից, հայտնապես բոլորի առաջ մի՛ կատարիր. ավելի արդյունավետ է անձնական ջերմեռանդությունների ծածուկ կատարումը: Խուսափիր հասարակության աղոթքների հանդեպ անհոգ գտնվելուց. նախասիրածդ աղոթքներին առաջնություն մի՛ տուր: Հավատարմությամբ ու անթերի կերպով նախ օրենքով հրամայվածները կատարիր, ապա ավելացած ժամանակդ հատկացրու անձնական ջերմեռանդություններին: Անհնարին է, որ միևնույն հրահանգը հարմար լինի բոլորին. մեկին սա՛ է պատշաճում, մյուսին մի ուրիշն է ավելի օգտակար: Սիրում ենք ժամանակի համաձայն փոփոխության ենթարկել դրանք. կան, որ տոնական օրերին են ավելի հաճելի, կան էլ՝ որ ավելի հարմար են սովորական օրերին: Ոմանք մեզ օգտակար են փորձության ժամին, ուրիշներ՝ խաղաղության ու հանգստի մեջ: Բազմատեսակ են նաև խորհրդածումները. կան, որ տխրության պահերին են սփոփում մեր հոգին, կան էլ՝ որ հոգեսփոփ են, երբ ցնծում ենք Աստծո սիրո մեջ: Մեծ տոներին հարկավոր է փոխել մեր ջերմեռանդական հրահանգները և սրտի առավել սաստիկ մղումով հայցել Սրբերի բարեխոսությունը: Պետք է որ առաջադրենք մի տոնից մինչև մյուսն ապրել այնպես, որ կարծես թե մեկնելու էինք այս աշխարհից և մտնելու հավիտենական ուրախության մեջ: Խնամքով և ուրախությամբ պետք է պատրաստվենք մեծ տոներին, առավել սիրավառ հոգիով և օրենքների հավատարիմ պահպանմամբ, կարծես թե մոտ ժամանակներս Տիրոջ ձեռքերից ընդունելու էինք մեր վարձը: Եթե այդ ժամն ուշանա, մեզ տակավին անպատրաստ ու անարժան համարենք այն անհուն փառքին, որ մեր առաջ պիտի հայտնվի, երբ հնչի ժամը. աշխատենք լավագույնս պատրաստվել այդ դեպքին. «Երանի՜ այն ծառային, որին արթուն կգտնի տերը, երբ գա. նրան իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կկարգի» (Ղկս 12, 37):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։