Գլուխ Ի. - Լռության և առանձնության սեր – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ի. - Լռության և առանձնության սեր

1. Անձկությամբ փնտրիր հոգիովդ զբաղվելու հարմար ժամանակը և խորհրդածիր Աստծո պարգևած բարիքների շուրջ: Հրաժարվիր հետաքրքրասիրությունը գոհացնող ընթերցումներից. կարդա այն, ինչ հուզում է սիրտը և զմայլում միտքը: Խուսափիր ունայն ու ավելորդ խոսակցություններից, անօգուտ ժամանցներից: Ականջդ խլացրու աշխարհի անիմաստ ժխորի դիմաց և հոգեսնունդ ու սուրբ մտածումներով ամփոփվելու ժամանակ կունենաս: Ամենամեծ Սրբերն անգամ փախչում էին մարդկային անօգուտ մտերմությունից. նախընտրում էին առանձնության մեջ ապրել Աստծո հետ:
 
2. Հներից մեկն ասել է.  «Ամեն անգամ, երբ մարդկանց ընկերության մեջ եմ գտնվել, վերադարձել եմ նվազ մարդ դարձած»: Նույնն ենք զգում նաև մենք, երբ շաղակրատում ենք միմյանց հետ ժամեր շարունակ: Ավելի հեշտ է ընդհանրապես լռել, քան խոսել և ասվածին չափ դնել: Ավելի հեշտ է տանը մնալ, քան թե դրսում պաշտպանվել: Ով ձգտում է հասնել ներանձնական և հոգևոր կյանքին, պետք է Հիսուսի հետ խույս տա ամբոխից: Ոչ ոք զերծ չի մնում վտանգից, եթե չի սիրում քաշված ապրել: Ոչ ոք չի կարող չափավոր խոսել, եթե կամովին լռել չգիտի: Ոչ ոք չի կարող ապահով լինել առաջնակարգ դիրքերում, եթե չի սիրում ամենավերջին տեղը: Ոչ ոք չի կարող անվտանգ հրամայել, եթե չի սովորել լավ հնազանդվել: Ոչ ոք չի կարող անխառն հրճվանք ապրել, եթե ներքուստ չստանա իր խղճի վկայությունը:
 
3. Բայց Սրբերի վստահությունը միշտ լի էր Աստծո երկյուղով: Որքան էլ մեծ առաքինություններով փայլեցին նրանք, որքան էլ առատ շնորհներ ընդունեցին, նրանց խոնարհությունն ու մտքի արթնությունը չպակասեցին երբեք: Չարամիտների ինքնավստահությունը հպարտությունից ու հանդգնությունից է ծնվում և հանգեցնում է ինքնախաբեության: Քանի դեռ այս աշխարհում ես ապրում, ապահովություն մի՛ խոստացիր քեզ, նույնիսկ երբ քեզ լավ կրոնավոր կամ բարեպաշտ միայնակյաց կարծես: Հաճախ նրանք, ովքեր լավագույն են թվում մարդկանց աչքին, մեծամեծ վտանգների են ենթարկվում իրենց չափազանց ինքնավստահության պատճառով: Օգտակար է, ուրեմն, որ այդպիսիք փորձություններից զերծ չմնան և հաճախ ենթարկվեն հարձակումների, որպեսզի իրենց վայելած խաղաղության համար չհպարտանան և շատ անձնատուր չլինեն արտաքին մխիթարություններին: Ա՜հ, եթե երբևէ չփնտրեինք վաղանցուկ ուրախություններ, եթե չզբաղվեինք նյութական իրողություններով, որքա՜ն մաքուր կմնար մեր խիղճը: Ինչպիսի՜ անդորր և խաղաղություն կվայելեր այն մարդը, որն ավելորդ մտահոգությունները մի կողմ թողած, իր փրկության մասին միայն կմտածեր և իր հույսն էլ Աստծո վրա միայն կհիմներ:
 
4. Ոչ ոք արժանի չէ երկնային մխիթարությանը, եթե իրեն երկար ժամանակ չմարզի զղջման: Իսկ եթե սրտի իրական զղջում ես ուզում, առանձնացիր խցիդ ներսում, դադարեցրու աշխարհային ամեն տեսակ ժխոր, ինչպես գրված է Աստվածաշնչում.  «Անկողնուդ մեջ անգամ զղջումով լի պահիր սիրտդ» (Սղմ 4, 5): Խցում կգտնես այն, ինչ հաճախ կորցնում ես դրսում: Որքա՜ն հրապուրիչ է մեր խուցը, երբ միշտ ներսում ենք. որքա՜ն տաղտկալի է այն, երբ հաճախ ենք դրսում թափառում: Երբ թողնես աշխարհը և նվիրվես վանական կյանքին, եթե սկսես հավատարմորեն բնակվել խցիդ ներսում, շուտով այն կդառնա ամենասիրելի ու ամենաքաղցր սփոփարարդ: Բարեպաշտ հոգին լռության ու անդորրի մեջ է առաջադիմում և այնտե՛ղ հասկանում Աստվածաշնչի վսեմ ու գաղտնի իմաստները: Այնտեղ է գտնում աղբյուրն արցունքների, որոնցով մաքրվում է ու սրբվում օրեցօր, և այնքան ավելի սերտորեն է միանում իր Արարչին, որքան ավելի է հեռու մնում աշխարհից ու նրա ժխորից: Արդ, ով հեռանում է բարեկամներից ու ծանոթներից, նրա՛ն է մոտենում Աստված, Իր սուրբ հրեշտակների հետ միասին: Նախընտրելի է առանձնության մեջ ծածկվել և սեփական հոգիով զբաղվել, քան հրաշքներ գործել՝ սեփական հոգին մոռանալով: Քանի՜ցս գովելի է այն վանականը, որը քիչ անգամներ է հեռանում իր խցից և չի կամենում ո՛չ տեսնել մարդկանց, ո՛չ էլ խոսել նրանց հետ:
 
5. Ինչո՞ւ ես ցանկանում տեսնել այն, ինչից որ կամովին հրաժարվել ես: Աշխարհն անցնում է. անցնում են նաև նրա ցանկությունները: Զգայարաններդ մղում են քեզ ամեն կողմ. քիչ անց սկսվում է խղճի խայթը և դատարկ սիրտ է քեզ մնում միայն: Հաճախ մեկնում ես ուրախությամբ, վերադառնում՝ տրտմալի: Երեկոյան զվարթ խնջույքին հաջորդում է տխուր առավոտը: Այսպիսով, զգայական բոլոր ուրախությունները քաղցրությամբ են մտնում հոգու դռներից ներս, բայց վերջում վիրավորում են ու սպանում: Ինչե՞ր տեսնելու հույսն ունես դրսում, որն արդեն իսկ չես տեսել ներսում. ահա՛ երկինքն ու երկիրը և այն բոլոր տարրերը, որոնցից է բաղկացած ամեն բան: Ի՞նչ կարող ես տեսնել, որ տևական լինի այս աշխարհում: Թերևս կամենում ես պարզապես հագեցնե՞լ աչքերդ. իզուր, սակայն, որովհետև դրան չես կարող հասնել երբեք: Նույնիսկ եթե կարողանայիր տեսնել ամեն բան, ի՞նչ էր լինելու տեսածդ, եթե ոչ միայն՝ պատրանք, սին ու ապարդյուն: Աչքերդ առ Աստված բարձրացրու և Նրա գութն ու ողորմությունը հայցիր մեղքերիդ ու անհոգություններիդ վրա: Ունայնություններն ունայնամիտ մարդկանց թող. դու միայն ա՛յն արա, ինչ Աստված է քեզ հրամայում: Ետևիցդ փակիր սենյակիդ դռները և Հիսուսին կանչիր, հոգուդ Սիրելիին: Ընկերացիր Նրան, որովհետև Նրանից հեռու երբեք չես կարող գտնել այդքան խաղաղություն: Եթե չհեռանայիր սենյակից, եթե ականջներդ աշխարհի ժխորով չլցվեին, կմնայիր Հիսուսի խաղաղության մեջ: Բայց քանի որ նորություններ լսել ու տեսնել սիրեցիր, հարկ է, որ սրտի ալեկոծություններ զգաս նաև:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։