Գլուխ ԻԱ. - Իրական հանգիստը Աստծո մեջ է – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԱ. - Իրական հանգիստը Աստծո մեջ է

1. Հավատացյալը. Ամեն ինչից վեր և ամեն ինչում մշտատև հանգիստդ կարող ես Աստծո մեջ միայն գտնել, հոգի իմ, որովհետև Նա Ինքն է Սրբերի հավիտենական հանգիստը:
Ո՜վ Հիսուս քաղցրագույն ու սիրելի, այնպես արա, որ հանգիստս միմիայն Քեզնում գտնեմ, գերիվեր՝ քան բոլոր արարածները. գերիվեր՝ քան առողջությունն ու գեղեցկությունը. գերիվեր՝ քան փառքն ու պատիվները, ուժն ու տիրապետությունը. գերիվեր՝ քան բոլոր գիտություններն ու մտային կարողությունները. գերիվեր՝ քան բոլոր հարստություններն ու արվեստները, ուրախություններն ու վայելքները, համբավն ու գովասանքները, հաճույքներն ու մխիթարությունները. գերիվեր՝ քան բոլոր խոստումներն ու ակնկալությունները, քան բոլոր արժանիքներն ու փափաքները. գերիվեր նաև՝ քան այն բոլոր պարգևներն ու շնորհները, որ Դու կարող ես տալ ինձ և շռայլել. գերիվեր՝ քան այն բոլոր սքանչացումներն ու ցնծությունները, որ միտքը կարող է ստանալ կամ զգալ. և վերջապես, գերիվեր՝ քան Հրեշտակներն ու Հրեշտակապետները, քան բոլոր երկնային զորությունները. գերիվեր՝ քան բոլոր իրողությունները տեսանելի ու անտեսանելի, քան այն ամենը, որ Դու չես, Աստված իմ:
 
2. Որովհետև Դու, Աստված, Տեր իմ, գերազանց ես, քան բոլոր գոյությունները, միայն Դու ես բարձրյալ, միայն Դու՝ ամենակարող, միայն Դու՝ ինքնաբավ ու առատաբուխ, նրբագույն ու քաղցրանույշ: Միայն Դու ես գեղեցիկ ու սիրելի, ազնվագույն ու փառահեղ, քան բոլոր իրողությունները: Քեզնում են բովանդակված բոլոր բարիքները, Քեզնում են եղել միշտ և Քեզնում միայն կարող են գտնվել: Ահա այս իսկ պատճառով, ի՛նչ էլ պարգևես ինձ՝ Քեզնից տարբեր և Քեզնից դուրս, քիչ է ու անբավարար, այնպես՝ ինչպես անկատար են այն բոլոր մտային ըմբռնումներն ու խոստումները, որ տալիս ես ինձ՝ առանց սակայն իմ Քեզ տեսնելու և լիովին ունենալու: Սիրտս չի կարողանում իրական հանգիստ, ո՛չ էլ կատարյալ գոհունակություն գտնել, եթե ոչ միայն՝ Քեզնում, բարձրանալով գերիվեր, քան բոլոր պարգևներն ու արարածները:
 
3. Ո՜վ քաղցր մտերիմ իմ Հիսուս, մաքրագույն սիրող, Տեր բոլոր արարածների, ո՞վ կտա ինձ արդյոք թևեր իրական ազատության, ճախրելու և Քեզնում հանգչելու համար: Ե՞րբ արդյոք կկարողանամ միանալ Քեզ հավիտենական միությամբ և ճաշակն առնել հոգեզմայլ անուշությանդ, Տեր Աստված իմ: Ե՞րբ արդյոք կկարողանամ ամփոփել անձս Քեզնում, այնպես, որ սիրույդ հայեցողության հետևանքում մոռանամ ինքս ինձ, Քեզ միայն զգամ՝ գերազանցելով բոլոր զգացումներն ու չափավորումները, այն կերպ, որ շատ քչերն են ճանաչում:
Այժմ հաճախ եմ ողբում և վշտով եմ կրում ապերջանկությանս բեռը: Որովհետև թշվառության այս հովտում պատահում են բազում չարիքներ, որոնք շատ հաճախ են ինձ խռովում, տրտմեցնում ու մթագնում, հաճախ են խոչընդոտում ընթացքս և ցրում մտքիս կենտրոնացումը, դյութում են ինձ և պարուրում, արգելելով ինձ գալ դեպի Քեզ ազատորեն, վայելելու հոգեսփոփ գրկախառնումներդ, որ պատրաստված են երանյալ սուրբ հոգիներին: Թող հառաչանքներս և այստեղ՝ ներքևում կրած բազում նեղություններս հուզեն Քեզ:
 
4. Ո՜վ Հիսուս, «Ճառագայթ հավիտենական փառքի» (Եբր 1, 3), պանդուխտ հոգիների սփոփանք, պապանձված կանգնած եմ Քո առջև և լռությամբս եմ միայն խոսում Քո հետ: Դեռ որքա՞ն ես հապաղելու, Տեր իմ: Ե՛կ և զվարթություն շնորհիր Քո աղքատ ծառային: Աջդ մեկնիր և ազատիր ինձ բոլոր վշտերիցս: Ե՛կ, ե՛կ, որովհետև առանց Քեզ ոչ մի օր, ոչ մի ժամ ուրախ չէ, որովհետև Դու ես քաղցրությունն իմ և առանց Քեզ անապատ են իմ համար խնջույքի սեղանները: Խեղճ եմ ես և կարծես բանտարկված ու շղթաներով ծանրաբեռնված, քանի դեռ չես սփոփում ինձ ներկայությանդ լույսով, քանի դեռ չես վերադարձնում ինձ ազատության, և քանի դեռ չես հայտնում ինձ ընկերային մտերիմ Դեմքդ:
 
5. Թող ուրիշները Քո փոխարեն փնտրեն այն ամենն, ինչն իրենց ախորժելի է. ինչ վերաբերվում է ինձ, ոչինչ ինձ հաճելի չէ և ո՛չ էլ երբևէ կլինի, եթե ոչ միայն՝ Դու, Աստված իմ, հույս իմ, փրկություն իմ հավիտենական: Մի ակնթարթ անգամ չեմ լռելու և չեմ դադարելու Քեզ աղերսելուց, մինչև շնորհդ կվերադառնա և սրտիս մենարանում վերստին կղողանջի քաղցրալուր ձայնդ:
 
6. Հիսուսը. Ահա՛ ես այստեղ եմ, ահա՛ քո մոտ եմ, որովհետև կանչեցիր ինձ: Արցունքներդ և հոգուդ հառաչանքը, խոնարհությունդ և սրտիդ զղջումը հուզեցին ինձ և դեպի քեզ քաշեցին:
 
7. Հավատացյալը. Տեր իմ, ես կանչեցի Քեզ, փափաքեցի վայելել Քո ներկայությունը, պատրաստ՝ մերժելու ամեն բան ի սեր Քո: Բայց նախ Դու Ինքդ արթնացրեցիր ինձնում Քեզ փնտրելու բաղձանքը: Եղիր ուրեմն օրհնյալ, ո՜վ Տեր, որ այս շնորհը պարգևեցիր ծառայիդ, ըստ առատաբուխ ողորմությանդ:
Ուրիշ ի՞նչ կարող է անել ծառադ Քո առջև, եթե ոչ՝ խորապես խոնարհվել, հիշելով միշտ իր սեփական հանցավորությունն ու նվաստությունը: Երկնքի ու երկրի հրաշալիքների մեջ չկա Քեզ հավասարը: Քո բոլոր գործերը մեծապես բարի են, ո՜վ Տեր, արդար են դատաստաններդ, և Նախախնամությունդ ղեկավարում է բոլոր իրողությունները: Հետևաբար, Քեզ փառք և գովք, ո՜վ Դու Հոր Իմաստություն, թող օրհնաբանեն Քեզ բերանն իմ, հոգին իմ և բոլոր արարարծներն ի միասին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։