Գլուխ ԻԱ. - Սրտի զղջում – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԻԱ. - Սրտի զղջում

1. Եթե կամենում ես գեթ մի քիչ առաջադիմել, քեզ միշտ Աստծո սուրբ երկյուղի մեջ պահիր և ազատություններ շատ մի՛ փնտրիր: Զսպիր զգայարաններդ և անձնատուր մի՛ եղիր ունայն ուրախություններին: Տրամադիր եղիր զղջմանը և այդպես կգտնես իրական բարեպաշտությունը: Զղջումն անթիվ ու անհամար բարիքներ ունի, որոնք կորցնում ենք սրտի ունայն կապվածությունների հետևանքով: Զարմանալի կլինի, եթե որևէ մեկն այս կյանքում կարողանա բացարձակապես խաղաղ և ուրախ ապրել, երբ մտածի, որ աքսորի մեջ է, և իր հոգին նույնպես ենթակա է այսքան բազմաթիվ վտանգների:
 
2. Շատ անհաստատ են մեր սրտերը և անհոգ ենք մեր թերությունների հանդեպ: Ահա սա է պատճառը, որ չենք զգում մեր հոգու ցավերը և ծիծաղում ենք, երբ պետք է արցունքներ հեղեինք: Ճշմարիտ ազատությունն ու անխառն ուրախությունը Աստծո երկյուղի և մաքուր խղճմտանքի մեջ են միայն գտնվում: Երանի՜ նրան, ով հեռացնում է ցրման առիթները, առաջադիմությանը խոչընդոտող ամեն տեսակ արգելքների հետ միասին, և ով սուրբ զղջումով է ամփոփում իր միտքը: Երանի՜ նրան, ով մերժում է ամեն բան, որ կարող է ծանրացնել կամ արատավորել իր խիղճը: Արիաբա՛ր պայքարիր. վատ սովորությունը հաղթվում է բարի սովորությամբ: Եթե կարողանաս անհրաժեշտության դեպքում մարդկանցից հեռանալ, մարդիկ էլ քեզնից կհեռանան և կթողնեն, որ պարտականություններդ կատարես:
 
3. Ուրիշների գործերով մի՛ զբաղվիր և մի՛ խառնվիր մեծավորներիդ գործերին: Նախ քո՛ վրա հառիր հայացքդ. մերձավորներիդ հանդիմանելուց առաջ ինքդ քեզ հանդիմանիր: Մարդկանց համակրանքը չվայելելուդ համար մի՛ վշտացիր, երբե՛ք. բավական իմաստությամբ ու խոհեմությամբ չապրելուդ համար տրտմիր, որովհետև վարքդ վայել չէ Աստծո ծառային և բարեպաշտ վանականին: Հաճախ այս աշխարհում մխիթարություններ չունենալն է ավելի օգտակար ու ապահով, հատկապես՝ զգայական մխիթարություններ: Իսկ եթե զուրկ ենք աստվածային մխիթարություններից նույնպես, կամ շատ քիչ անգամներ ենք այն զգում, հանցանքը մերն է, որովհետև զղջում չունենք մեր սրտերում և չենք մերժում արտաքին մխիթարությունները: Ընդունիր, որ անարժան ես երկնային մխիթարությանը, և արժանի՝ միայն անձկությունների: Երբ մարդու սիրտը ճմլվի զղջման զգացումներով, այնժամ աշխարհը դառն ու անտանելի կդառնա իր համար: Արդարը միշտ էլ կգտնի բավարար պատճառներ զղջման ու հառաչանքի: Երբ նա մտածում է իր և ուրիշների մասին, տեսնում է, որ երկրի վրա ոչ ոք վերապահված չէ նեղություններից: Որքան ավելի խորն է քննում նա իր կյանքը, այնքան ավելի են խտանում իր վիշտն ու դառնությունը: Մեր վշտերի և հոգևոր մեծ տխրության պատճառը մե՛ր իսկ մեղքերն են ու մոլությունները, որոնց մեջ այնպես ենք մխրճվել, ընկղմվել ու խրվել, որ քիչ անգամներ ենք միայն հիանում երկնային գեղեցկություններով:
 
4. Եթե ավելի հաճախ մահվանդ մասին մտածեիր, քան երկար կյանքիդ, անկասկած վարքդ ուղղելու ավելի բորբոք եռանդ կզգայիր քեզնում: Եթե ավելի մեծ լրջությամբ մտածեիր դժոխքի ու քավարանի տանջանքների շուրջ, կարծում եմ, որ ավելի մեծ սիրով կփարվեիր ծանրածանր աշխատանքին ու վշտակրությանը, և չէիր խուսափի խստակրոն կյանքից: Բայց քանի որ դեռ չենք հրդեհվել այս ճշմարտությունների բոցով, քանի որ տակավին սիրում ենք խաբեապատիր իրողությունները, այս իսկ է պատճառը, որ մնում ենք միջակ և ծույլ: Հաճախ սա հոգու հեղգությունից է բխում. այդպիսի դեպքերում խեղճ մարմինը նույնպես դժգոհում է ու տրտնջում: Խոնարհ աղոթքներդ առաքիր առ Աստված, որպեսզի զղջման տրամադրություն պարգևի քեզ: Եվ դու նույնպես կրկնիր Մարգարեի հետ. «Արցունքներով շաղված հացով կերակրիր ինձ և արտասուքի բաժակով հագեցրու իմ ծարավը» (Սղմ 79, 6):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։